ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԳԵՆԸ ՏԱՐԱԾՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀԱՅԵՐԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԲՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԷԹՆՈՍՆԵՐ ԴԱՌՆԱԼԸ»

«ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԳԵՆԸ ՏԱՐԱԾՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀԱՅԵՐԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԲՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԷԹՆՈՍՆԵՐ ԴԱՌՆԱԼԸ»
07.12.2010 | 00:00

Վերջին տասը տարում ՀՀ-ում նկատելիորեն ավելացել է պարբերական հիվանդությամբ (ՊՀ) տառապողների թիվը: Այս մասին մեր թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է «Արմենիա» բժշկական կենտրոնի աղեստամոքսային տրակտի և պարբերական հիվանդությունների բաժանմունքի վարիչ ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒՇԱԿՅԱՆԸ: Նրա խոսքերով, այդ հիվանդության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հատկապես Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, որոնց բնակիչները ծագումով հիմնականում մշեցիներ կամ ալաշկերտցիներ են. Երևանում այդ հիվանդությամբ հաշվառվածների թիվը ներկայումս անցնում է 7000-ից:
«Ժողովրդական լեզվով` «հայկական», «երևանյան», իսկ եվրոպական գրականության մեջ` «միջերկրածովային ընտանեկան տենդ» անվանվող հիվանդությունը, որը դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին և փոխանցվում սերնդեսերունդ, կես դար հետո հանրապետության բնակչության մեջ հնարավոր է համակի բնակչության 30 տոկոսին, քանի որ ՀՀ-ում ամեն 5-րդ անձը հետերոզիգոտ գենի կրող է, -նշում է մասնագետը:- ՊՀ-ն, որի պատճառներն ու զարգացման մեխանիզմները դեռևս լիովին բացահայտված չեն, հայերից բացի, տարածված է նաև հրեաների ու արաբների մոտ, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրել են Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածում: Վերոհիշյալ ազգերի մեջ հիվանդության մուտանտ գենի առաջացմանն ու տարածմանը հավանաբար նպաստել են նաև տարածքի աշխարհագրական, բնակլիմայական և կենսաբանական գործոնները, չնայած ամերիկացի հայտնի գիտնական Դանիել Կաստները համոզված է, որ ձևափոխված գենը տարածվել է մինչև հայերի, հրեաների և արաբների առանձին էթնոսներ դառնալը»:
«Հիվանդության գենը կրող ծնողների մոտ հիվանդ երեխա ունենալու հավանականությունը 25 տոկոս է, նրանցից մեկի հիվանդ լինելու և մյուսի մոտ գենի առկայության դեպքում` 50 տոկոս: Իսկ եթե երկու ծնողներն էլ հիվանդ են ՊՀ-ով, ապա ընտանիքում բոլոր երեխաները ծնվում են այդ հիվանդությամբ: Ներկայումս հայտնաբերվել և որոշվել են MEFV գենի 50-ից ավելի մուտացիաներ (առանձնյակներ): ՀՀ գենետիկական լաբորատորիայում ներկայումս որոշվում է գենի 12 մուտացիա: Այն դեպքերում, եթե նույնիսկ մուտացիա չի հայտնաբերվում և հաստատվում է համապատասխան կլինիկական դրսևորում, հիվանդությունը չի ժխտվում», - ասում է Գ. Մանուշակյանը: Նրա խոսքերով, սերնդաշարունակության մեջ ՊՀ-ի ժառանգաբար ներթափանցումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է, որ բժշկական հետազոտություն անցնեն ամուսնացող այն զույգերը, որոնց ազգականներից որևէ մեկի մոտ առկա է այդ հիվանդությունը: Կանխարգելման նախապայման է նաև արյունակից հարազատների ամուսնության անթույլատրելիությունը, որի անտեսման պարագայում բարձրանում է ինչպես ժառանգական հիվանդություններով, այնպես էլ ՊՀ-ով հիվանդանալու վտանգը:
«Հիվանդության կլինիկական առաջին դրսևորումը մեծ մասի (60 տոկոսի) մոտ սկսվում է մանկական վաղ տարիքում, 35 տոկոսի մոտ` սեռական հասունացման սկզբնական շրջանում, 5 տոկոսի մոտ` 25-30 տարեկանում: Հիվանդության նոպան երբեմն դժվար է լինում դիֆերենցել վիրաբուժական «սուր որովայն» ախտորոշումից, որի ժամանակ երբեմն կատարվել են անհիմն վիրահատություններ` հեռացվել են որդանման ելունն ու լեղապարկը», - նշում է Գ. Մանուշակյանը:
«Հիվանդությունն արտահայտվում է որովայնի կամ կրծքավանդակի պարբերաբար կրկնվող սուր ցավերով, որոնց ուղեկցում է բարձր ջերմությունը: Որոշ դեպքերում հիվանդների մոտ դիտվում է հոդային համախտանիշ (հոդացավ, այտուց, շարժումների սահմանափակում): Նոպաների հիմքում ընկած է շճաթաղանթների ասեպտիկ բորբոքումը, որը ծագում է ինքնաբերաբար, տարբեր հաճախականությամբ և վերանում 2-3 օրվա ընթացքում: Դրանից հետո հիվանդներն իրենց լիովին առողջ են զգում: Հղիության շրջանում կանանց մոտ ՊՀ-ի նոպաները, որպես կանոն, վերանում են, իսկ ծննդաբերությունից հետո վերսկսվում», - ասում է Գ. Մանուշակյանը:
«ՊՀ-ի հետագա բարդացումը ամիլոդիոզն է, որը ժամանակին չբուժելն առաջացնում է երիկամային քրոնիկ անբավարարություն: Ամիլոդիոզի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը կոլխիցինային թերապիան է: Կոլխիցին դեղամիջոցի հիմքում ընկած է Colhicum Speciosum խոտաբույսի սերմերից պատրաստված նյութը, որն ունի հակաբորբոքային, ցավազրկող և օգտակար այլ հատկություններ: Հիվանդն այն պետք է օգտագործի ախտորոշումից անմիջապես հետո` ամեն օր, բժշկի նշանակած դեղաչափով: Նշված դեղամիջոցի ընդունման դեպքում հիվանդների 90 տոկոսի մոտ նոպաները վերանում են, 5-10 տոկոսի վրա ազդում է մասնակիորեն, սակայն բոլոր դեպքերում դրա օգտագործումը ՊՀ-ով հիվանդների համար պարտադիր է` ամիլոդիոզի և հետագա բարդություններից խուսափելու համար: Այն դեպքում, երբ կոլխիցինաթերապիան արդյունավետ չէ, կարելի է օգտագործել կենդանական և բուսական ծագմամբ արտասահմանյան ռեմիկետ, անակինրա անվանումով պատրաստուկներ, որոնք, սակայն, դժվարամատչելի են մեր երկրում», -ասում է Գ. Մանուշակյանը:
Հիվանդության հաճախակի նոպաները կանխելու համար կարևոր է նաև սնունդը: ՊՀ ունեցողները անհրաժեշտաբար պետք է սահմանափակեն օգտագործվելիք սննդի մեջ եղած ճարպերի, ածխաջրատների, շաքարային նյութերի և աղի քանակը: Սնունդը պետք է պարունակի նորմալ քանակությամբ լիարժեք վիտամիններով, ճարպանյութերով հարուստ կենդանական սպիտակուցներ, միկրոտարրեր, որոնցով առատ են հատկապես բանջարեղենն ու մրգերը: ՊՀ ունեցողներին խորհուրդ է տրվում տարեկան մեկ-երկու անգամ ենթարկվել հետազոտության, օրական երկու անգամ պարտադիր ընդունել կոլխիցին դեղամիջոցը:
Նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի (տնօրեն` Գրիգոր Գրիգորյան) աղեստամոքսային տրակտի և պարբերական հիվանդությունների բաժանմունքը, որտեղ վերջերս ավարտվել են վերանորոգման աշխատանքները, դեռևս երջանկահիշատակ պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի ժամանակից (1996 թ.) ՊՀ կենտրոն է: Արդեն ժամանակի չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած բաժանմունքում ախտորոշվում, բարձրակարգ բուժօգնություն է ստանում տարեկան ավելի քան 1600 մարդ, որից 8,4 տոկոսը` ՊՀ-ով տառապողներ: Կից ստեղծվել ու գործում են լաբորատորիա և ախտորոշիչ ծառայություն: Կենտրոնը նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և «Հայբուսակ» համալսարանների ուսումնական բազա է, որտեղ փորձառու մասնագետների և դասախոսների օգնությամբ ուսումնական պրակտիկա են անցնում և հմտանում ուսանողներն ու օրդինատորները: Կառույցը դոցենտ Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ իր գիտական հոդվածները եվրոպական, ամերիկյան բժշկագիտական ամսագրերում զետեղելուց բացի, շարունակում է համագործակցությունը նաև այդ երկրների ՊՀ կենտրոնների հետ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6992

Մեկնաբանություններ