Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Կյանքը Սերժ Սարգսյանին կստիպի հրաժարվել կարծր դիրքորոշումից»

«Կյանքը Սերժ Սարգսյանին կստիպի հրաժարվել կարծր դիրքորոշումից»
27.06.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԹՈՒՅԼ Է 97-Ի ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԱԾ ԵՎ ԱՆՉԱՓ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎԱԾ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է Արա ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-Պարոն Սահակյան, որքանո՞վ են շաղկապված այս օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքաղաքական զարգացումները. այնպիսի զգացողություն է, թե աշխարհը կենտրոնացել է Հայաստանի վրա. այց Ռուսաստան, ԵԽԽՎ նստաշրջան, ՆԱՏՕ-ի օրեր, Կրամերի այց, «ձերոնց» այց դեպ Բրյուսել... Կիսո՞ւմ եք այն փորձագետների տեսակետը, թե «ողջը» Ղարաբաղին է առնչվում:
-Վերջին տասը տարիների ընթացքում Ղարաբաղի հարցում եղել են արագացումներ և սառեցումներ: Եղել են պահեր, երբ թվացել է` կարգավորումը ամիսների կամ շաբաթների հարց է. ասենք` Քի-Վեսթից, Ժնևից առաջ:
-Այսօ՞ր էլ է այդպես թվում:
-Կարգավորման արագացման հնարավորությունը գտնվում է երկու երկրների իշխանությունների ձեռքին: Ցավոք, նրանք ժամանակ առ ժամանակ իրենց քաղաքական կամքի բացակայությունը նետում են դեպ հասարակաություն, ձևակերպմամբ` հասարակությունները պատրաստ չեն: Ընդ որում, տարօրինակն այն է, որ խայծը կլլում են նաև արևմտյան դիվանագետները: Ասեմ միանշանակ` երկու հասարակություններն էլ պատրաստ են արդարացի կարգավորման, բայց իշխանությունները հասկանում են, որ կարգավորումը պահանջելու է փոխզիջումներ, իսկ իրենք վախենում են դրանից, որովհետև իրենց երկրի ներսում ընդդիմադիր ուժերը կարող են դա օգտագործել, իշխանափոխություն կատարել` որպես մաքսիմում, թուլացնել իշխանություններին` որպես մինիմում ծրագիր:
-Որպես ընդդիմադիր, ո՞րն եք օգտագործելու, եթե հասնի ստորագրման «պահը»:
-Մեկ բան կարող եմ ասել. եթե համաձայնագիրը, որի մասին խոսվում է կամ ենթադրվում է, լինի ավելի վատը, քան առաջարկվել է 97-ի գարնանը և աշնանը, ապա այդ մասին չխոսել, չարձանագրել վերջին տասը տարներին խնդրում տեղի ունեցած ռեգրեսի բացասական հետևանքները, անթույլատրելի է:
-«Ենթադրյալի» մասին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Ներկա պահին կարգավորման ամենալավ ելքը կարգավորման վերջին պլանի իրագործումն է, որը ներկայացրել է ԵԱՀԿ-ն». նկատի ունի մադրիդյան փաստաթուղթը: Իհարկե, «նախկիններդ» լիարժեք բարոյական իրավունք ունեք նաև 8 հազար քմ կիլոմետր անկախ Ղարաբաղ ուզելու: Հիմա ո՞րն եք անելու:
-ՈՒթ հազար քմ կիլոմետր Ղարաբաղն ուզել են 98-ին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը:
-Չէ, հիմա արդեն Սերժ Սարգսյանն ուրիշ բան է ուզում:
-ՈՒրեմն, կրկնում եմ, եթե պարզվի, որ պայմաններն ավելի վատն են, քան 10-11 տարի առաջ, ապա թույլ չի տրվելու գնալ համաձայնության:
-Իսկ եթե` ո՞չ:
-ՈՒրեմն, կտեսնենք:
-Կբացե՞ք «տեսանման» արարողությունը:
-Եթե Հայաստանի դիվանագիտությանը հաջողվի Ղարաբաղի անվտանգության և զարգացման ավելի մեծ երաշխիքներ ստանալ, քան 97-ին էր, ապա խիստ ընկալելի և ողջունելի կլինի: Բայց ես որևէ հիմք չեմ տեսնում այդպիսի ենթադրության, որովհետև այսօր Ադրբեջանն ավելի ուժեղ է, քան 11 տարի առաջ էր, այսօր Հայաստանը շատ ավելի թույլ է` 97-ի հետ համեմատած, ինչպես նաև անչափ հեղինակազրկված:
-Իսկ Ռուսաստանը կհամաձայնի՞, որ նման «թուղթ» ստորագրվի:
-Որոշումը կայացնելու են Հայաստանի իշխանությունները: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ամեն երկիր ինքն է ընտրում իր ճանապարհը. արտաքին կոպիտ ճնշումներ ես բացառում եմ:
-Անկե՞ղծ ենք միմյանց հետ:
-Բայց ինչի՞ եք ուզում ամեն բան գցել ռուսների վրա: Եթե առաջնորդվենք մեր շահերով, գերտերությունների շահերը մեզ համար երկրորդական կդառնան:
-Բայց այդ «երկրորդականը» միշտ էլ առաջնահերթ դերակատարություն է ունենում մեզանում:
-Դուք ուզում եք ասել, որ 97-ին Ռուսաստանը թույլ չտվեց, որ Հայաստանի իշխանությունները կնքեն կարգավորման պլա՞նը:
-Նաև` Ռուսաստանը, Իրանն էլ, ողջ միջազգային «թշնամի հանրությունն» էլ. նրանց բոլորին պետք էր, որ «դվա վ օդնոմ» կոնֆիգուրացիայով Ռոբերտ Քոչարյանը «գա», ներկայացնի նաև Ղարաբաղն ու ստորագրի «թուղթը»:
-Դրանից բխում է բոլորովին այլ բան, որ Քոչարյանին հաջողվեց մոլորեցնել միջնորդներին, և հարցը ձգել այսքան ժամանակ:
-Միջնորդները չէին ուզում մոլորեցվել ու «մոլորեցի՞ն»:
-Գիտե՞ք, Արևմուտքին այդպես ամենակարող մի կարծեք. ընդամենը վաթսուն տարի առաջ Հիտլերը հասավ նրան, որ Եվրոպայում արյունալի սպանդ կազմակերպվեց:
-Բայց որից հետո աշխարհը շատ լավ բաժան-բաժան արվեց «տերերի» միջև:
-Ո՞Ւմ համար «լավ». գերմանական ժողովրդի համար դա շատ ողբերգական հետևանք ունեցավ. գերմանացիները կորցրին իրենց տարածքների քսան տոկոսը, տվեցին 10 մլն զոհ:
-«10 մլն զոհ»... Ի դեպ, ուզում էի հարցնել` Սերժ Սարգսյանը, ըստ Ձեզ, ինչո՞ւ էր գնացել Ռուսաստան։
-Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հազարավոր թելերով. նա մեր գլխավոր գործընկերն է, այս տարածաշրջանում ունի շահեր, և Հայաստանին համարում է, դե, գոնե առերես, իր ռազմավարական դաշնակիցը, թեև նկատելի է` ոչ պակաս ռազմավարական դաշնակից է նաև Ադրբեջանը: Ռուսաստանի հետ հարաբերությունները մտնում են մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիայի մեջ, և այլ բան չէր էլ կարող լինել:
-Իսկ ասվում էր, որ Ռուսաստանի այսօրվա նախագահը Ձեզ` լիբերալներիդ, ավելի է սիրում, քան «անհասկանալի մարդկանց»` այսօրվա իշխանություններին:
-Ռուսաստանն այնքան ծանրաշարժ երկիր է, և իր շահերն այնքան մշտնջենական են ու կայուն, որ նախագահի փոփոխությունով որևէ արմատական փոփոխություն չի կարող լինել. Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել և չի փոխվելու:
-Այսինքն` Սերժ Սարգսյանը «հարատևո՞ւմ » է:
-Կհարատևեն Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում և մասնավորապես` Հայաստանում, ու Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ:
-Իսկ ահա Սերժ Սարգսյանը Ռուսաստանից երբեմն-երբեմն «մեղադրվում» է ՆԱՏՕ-ի գիրկն ինքնամոռաց նետվելու մեջ, կուլտուրական ասած` խիստ համագործակցելու համար:
-Արևմուտքի նկատմամբ անկեղծ հակվածության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի մասին ուսուցողական-ճանաչողական սեմինարներ չես անցկացնում, այլ, նախ և առաջ, Արևմուտքի համար էական և որոշիչ` ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներն ես երաշխավորում:
-Այդ «սեմինարները» շատ հաճախ խիստ գործնական տեսք են ունենում, ասենք` Կոսովո, Իրաք գնացած զորքի, 2015թ. սեփական խաղաղապահներ ունենալու պատկերով, բայց անցնենք առաջ: Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին «առաջարկին», թե «Սերժ, դու իմ ընկերն ես եղել...»:
-Ես դա դիտարկում եմ ոչ այնքան քաղաքական, որքան բարոյական հարթության վրա. Տեր-Պետրոսյանը պատասխանատվության բեռ ունի բանտում նստած իր ընկերների հանդեպ: Եվ որևէ տեղաշարժ երկխոսություն սկսելու, լարվածությունը լիցքաթափելու առումով ճիշտ է, ինչն էլ կարող է տեղի ունենալ ապօրինի բանտարգելված մարդկանց ազատ արձակելուց հետո:
-Դուք լա՞վ եք ճանաչում Սերժ Սարգսյանին:
-Տասը տարուց ի վեր անձնական շփումներ չունեմ և «ժամանակակից» նրա քայլերի մոտիվացիայի մասին դատողություններ չեմ կարող անել: Բայց մյուս կողմից տեսնում եմ, որ նա հայտնվել է կեղծված ընտրությունների և մարտի մեկի չհիմնավորված բռնությունների, սպանությունների և հետագա քաղաքական հալածանքների բեռի տակ: Թե որքանով իր մեջ ուժ կգտնի գիտակցելու այդ արարքների քաղաքական հետևանքները և զիջումներով լուծման գնալու, չեմ կարող ասել։ Բայց միևնույն է` կյանքը նրան կստիպի հրաժարվել այդ կարծր դիրքորոշումից: Մյուս ճանապարհն առճակատումն է, որը նոր ողբերգություն է հասարակության համար, ինչը թույլ տալ չի կարելի:
-Տեսակետ կա, որ այդ կարծր դիրքորոշումը պայմանավորված է նախ և առաջ Քոչարյանի «գոյմամբ»:
-Բայց դա չի ազատում Սերժ Սարգսյանին պատասխանատվությունից: Նա է այսօր պատասխանատուն:
-Բոլոր դեպքերում Դուք հնարավոր համարո՞ւմ եք Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկխոսությունը:
-Ես պարտադիր եմ համարում առճակատման այս կուրսից հրաժարվելը, ինչը լինելու է, և որքան իշխանությունը շուտ ստանձնի այդ կուրսը, այնքան անցավ կանցնեն այս փուլի դժվարությունները:
-Պարոն, Սահակյան, Դուք 96-ի չարաբաստիկ դեպքերի տուժողներից մեկն եք: Որպես մարդ, որպես պաշտոնյա ներե՞լ եք այդ ամենը։
-Դուք կարող էիք այդ հարցն ինձ չուղղել, ինքներդ գտնել պատասխանը։ Քաղաքական առումով դա աններելի արարք էր, բայց անձնական առումով ես երբեք չեմ ցանկացել ինձ հետ կատարվածը դարձնել քաղաքական գործոն, այլոց նման երբեք չեմ ասել. «96-ին Վազգեն Սարգսյանն ինձ ապտակեց», երբեք նման մանրախնդրություն չեմ ցուցաբերել:
-Ասում են` դա կարմա է, երբ 88-ին թևերից բռնված նախարարներ էին տարվում Օպերա կամ, ասենք` Հրանտ Ոսկանյանի գլուխն էր... հասկացաք: Կարման հետ դառնալու սովորություն ունի:
-Վերագրումներ կատարել ամբողջական թիմին, ճիշտ չէ. 88-ին էլ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ ծայրահեղականությունն անթույլատրելի է, և նման արարքներին ամենևին էլ դրական չէին վերաբերվում: Կարմայի առումով մեկ բան կարելի է ընդունել` յուրաքանչյուրն իր արարքի համար հատուցում է` վաղ, թե ուշ:
-Ի դեպ, դուք այսօր ո´չ «դրսում» եք, ոչ «ներսում»։ Համարել Ձեզ Տեր-Պետրոսյանի թիմի լիարժեք անդամ, կարծես սխալ կլինի։ Ի՞նչ է պատահել:
-Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվել են քսանից ավելի կազմակերպություններ և կուսակցություններ: Մյուս կողմից, նախկին քաղաքական թիմից ոմանք ամենօրյա կազմակերպչական աշխատանք են կատարել, ոմանք` ասենք ես, իմ մասնակցությունը տեսել եմ քաղաքական հրապարակախոսության մեջ:
-Հանդիպո՞ւմ եք Տեր-Պետրոսյանին:
-Ո´չ: Կարող եք հաջորդ «ինչու»-ն ուղղել իրեն:

Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 6700

Մեկնաբանություններ