38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Խոստացիր բոլորին, իսկ մինչև օրը գա` կա՛մ էշը կսատկի, կա՛մ փադիշահը»

«Խոստացիր բոլորին, իսկ մինչև  օրը գա` կա՛մ էշը կսատկի, կա՛մ փադիշահը»
17.04.2012 | 00:00

Թեև մամուլում, հատկապես ռուսական, կանոնավորապես հրապարակումներ են լինում այն մասին, որ «Նաբուկո» գազամուղը մեռած ծրագիր է, այնուամենայնիվ, խողովակաշարի շուրջ մենամարտերը շարունակվում են, իսկ չարագուշակ խողովակը, ամենայն հավանականությամբ, դեռ քիչ դեր չի խաղալու այդ կռվում։

Նախագծի մասնակիցները տեղեկացրել են, որ 2012-ին կարող են հաշվարկել շինարարության արժեքը, բայց նախ ուզում են սպասել մատակարարումների համար գազ տրամադրելու Ադրբեջանի որոշմանը։ Իսկ Ադրբեջանը շտապեց «ուրախացնել» այն հայտարարությամբ, թե Եվրոպա գազ առաքելու երթուղու ընտրության մասին որոշում կկայացնի առաջին կիսամյակում, և անմիջապես էլ «Գազարդի» հետ համաձայնագիր կնքեց գազամատակարարումների ավելացման վերաբերյալ, ընդ որում, նախատեսված մեկուկես միլիարդ խմ-ի փոխարեն միանգամից երեք միլիարդի։ Հատկանշական է նաև այն, որ կողմերը հայտարարեցին հետագայում մատակարարումներն ավելացնելու փոխշահագրգռության մասին։ Այսինքն, խոսքը, ըստ երևույթին, նաև «Շահդենիզի» հանքավայրի պաշարների արտահանման մասին է, ինչի հույսը, իր հերթին, ունի նաև «Նաբուկո» կոնսորցիումը։

Մոտավորապես նույն վարքագիծն են դրսևորում նաև Թուրքիայում։ Մի կողմից` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե «Նաբուկոն» պետք է դառնա եվրոպական անվտանգության խնդիրների լուծման մաս, թե Թուրքիան վեց գործընկերներից մեկն է, և իրենք շարունակում են ջանքերն այդ նախագծի իրագործման ուղղությամբ։ Գուցե Եվրոպայում ոմանք հալած յուղի տեղ ընդունեին թուրքերի այդ հավաստիացումները, սակայն, մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը բառացիորեն վերջերս հուշագիր ստորագրեցին անդրանատոլիական համատեղ խողովակաշարի («Տանապ») կառուցման վերաբերյալ։ Այն հիմնականում կօգտագործի Թուրքիայում արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը, չնայած պարզ չէ, թե Հայաստանի հետ հակամարտության և Իրանի հետ կապված խնդիրների ու պատժամիջոցների պայմաններում ինչպես է այդ խողովակաշարն Ադրբեջանից հասնելու Թուրքիա։ Նոր ծրագիրը նրանց անհրաժեշտ է նույն «Շահդենիզից» տարեկան մինչև 16 մլրդ խմ գազ արտահանելու համար։ Ինչպես հայտնի է, այդ առայժմ պատրանքային գազի պաշարների հավակնորդներն առանց այդ էլ շատ էին, իսկ հիմա նրանց թիվը մի ամբողջ «լեգեոնի» է հասել։ Ինչ վերաբերում է նոր գազամուղին, ապա այն, ինչպես Անկարայում ու Բաքվում շտապեցին հայտարարել «հավերժ եղբայրները», ավելի էժան կնստի, քան մյուս բոլորը։ Այնպես որ, «ավելորդ ոչինչ` միայն բիզնես»։ Համապատասխանաբար, Ադրբեջանում` երկդաշինքի աշխարհաքաղաքական առավել թույլ օղակում, չեն հոգնում կրկնելուց, որ Բաքվի համար գազամատակարարման երթուղու ընտրությունն առաջին հերթին կախված է դրա տնտեսական նպատակահարմարությունից, գազի շուկաների արդյունավետությունից ու հեռանկարներից։ Եվ ոչ ավելին։ Թեև «Տանապի» կառուցման տրամաբանությունը բավականին պարզ է. դա եվրոպական «Նաբուկոյի» ուղղակի այլընտրանքն է և լիովին ընդունակ է ամրապնդելու Թուրքիայի ձգտումը` դառնալու կասպյան պաշարների տարանցման մենաշնորհատեր։ Իսկ դա, համաձայնեք, շատ գործուն զենք կդառնա Անկարայի աշխարհաքաղաքական բարդ խաղերում ու նկրտումներում։ Իհարկե, առայժմ այդ նախագիծը Եվրոպա հասնելու հեռանկար չունի, այդպիսիք մշակված ու համաձայնեցված չեն, և այն կանգ է առնում Թուրքիայի արևմտյան սահմանագլխին։ Բայց, այդուամենայնիվ, «եղբայրները» հույս ունեն գայթակղելու` հավաստիացնելով, թե հենց այս խողովակաշարն է ապահովելու Եվրամիության վաղեմի երազանքի իրականացումը` դառնալով ռուսական գազի լուրջ այլընտրանք։

Սակայն մյուս, հավանաբար, ավելի կարևոր պատճառը, որը, երևում է, Թուրքիային ու Ադրբեջանին որոշ առավելություն կտա, որ չունի «Նաբուկոն», մատնանշում են փորձագետները։ Նրանց կանխատեսմամբ` այդ նախագիծն Անկարային թույլ է տալիս «յուրացնել» վեց միլիարդ խմ ադրբեջանական գազ։ Դրա մի մասը, որպես հումք, կօգտագործվի Թուրքիայի միակ նավթաքիմիական գործարանում, որն այսօր պատկանում է, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ... Ճիշտ է` «բաքվեցի եղբայրներին»։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, փողն ընտանիքի ձեռքից դուրս չի գալիս։

Բայց արի ու տես, որ այդ ամբողջ հետաքրքրական ու տրագիկատակերգական իրավիճակին մի լրացուցիչ նրբերանգ է ավելացնում Թուրքիայի որոշումը` Ռուսաստանին տրամադրելու իր տարածքային ջրերը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման համար։ Այսինքն, նորից գործի է դրվում թուրք-ազերիական հին ասույթը. «Խոստացիր բոլորին, իսկ մինչև օրը գա` կա՛մ էշը կսատկի, կա՛մ փադիշահը»։ Ինչպես հայտնի է, այդ խողովակով նախատեսված է Թուրքիայի սևծովյան հատվածով տարեկան 63 մլրդ խմ ռուսական գազ մղել Բուլղարիա, ապա Եվրոպայի այլ երկրներ։ Ռուսները հուսով են, որ դա կարող է լիովին բավարարել եվրոպական գազի պահանջարկը և իր գոյությամբ դժվարացնել մրցակից նախագծերի կանխաֆինանսավորումը։ Իհարկե, ոչ միայն «Նաբուկոյի», թեև խոսքն ամենից հաճախ հենց դրա մասին է։ Ընդ որում, «Գազարդը» հայտարարել է, որ փոփոխել է ժամանակացույցը, և խողովակաշարի կառուցումն սկսվելու է արդեն այս տարի։

Իսկ Թուրքիան շտապեց «լապշա կախել» եվրոպացիների «ականջներից» ու հավաստիացնել, որ «Հարավային հոսքին» տոն է տալիս սոսկ «կատաղած Մոսկվայի» ահից։ Չէ՞ որ նա է Ստամբուլին գազ տալիս, և, չնայած բոլոր պահանջներին` չի ուզում իջեցնել գազի գինը, իսկ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրի խզումը ձմեռվա կեսին, թուրքական վարկածի համաձայն, հղի է նույն վտանգով, ինչ Եվրոպայի գլխին բերեց Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև անցած տարի տեղի ունեցած վեճը։ Այնպես որ, ինչպես միշտ, շուրջբոլորը մեղավոր են։ Մինչդեռ ակնհայտ է, որ հենց «Նաբուկոն» պետք է այդ բոլոր սպառնալիքները վերացներ։

Այս պարագայում ավելի ու ավելի հատկանշական է դառնում, որ, «Նաբուկոյի» օրինակով, նվազագույնի է հասնում այն հին կանոնի հետապնդած միտումը, թե տնտեսությունը հաղթում է քաղաքականությանը։ Եթե այն չի էլ անցնում մոռացության գիրկը, ապա հետին պլան է մղվում աշխարհատնտեսության համապարփակ կանոնների ազդեցությամբ։ Համենայն դեպս, «դարի կառույցի» ծրագրման առաջին իսկ օրերից նրա շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում, բուն շինարարությունը շարունակ հայտնվում է ձախողման եզրին, և այդ ամենի պատճառն ամենևին էլ տնտեսական շահը չէ։ Հիշեցնենք` նախապես գազամուղի նախագիծը ենթադրում էր մատակարարել Իրանի Պարսից ծոցի հանքավայրերի գազը, բայց նա, ով գծել էր խողովակաշարի երթուղին, ամենայն հավանականությամբ, հաշվի չէր առել քաղաքական իրավիճակը։ Տարածաշրջանն Իրաքի պատերազմի բոցերի մեջ էր և, ինչպես պետք էր սպասել, ավելի ու ավելի էին սրվում Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերությունները։ Համապատասխանաբար, «նախագծի գլխավոր ոգեշնչողներից մեկի»` Սպիտակ տան համար Իրանի «թեկնածությունը» կտրականապես անընդունելի էր։ Այսօր խողովակաշարը գազով լցնելու հարցը դեռևս լուծված չէ, ու շատ հավանական է, որ չի էլ լուծվի` առանց Իրանի մասնակցության։ Մեկ անգամ չէ, որ Թեհրանը եվրոպացիներին «հրամցրել» է այն իրողությունը, թե «խոսակցությունները «Նաբուկոյի» մասին, առանց Իրանի մասնակցության, ոչ մի արդյունքի չեն կարող հանգեցնել, բացի դատարկ խողովակներից»։ Սակայն վիճակը, ըստ էության, չի փոխվում։ Հետագայում Իրանը Պակիստանի հետ համաձայնագիր ստորագրեց գազամուղի շինարարության վերաբերյալ, որի համար որպես հումքի բազա պետք է ծառայեր Իրանի «Հարավային Պարս» հանքավայրը։ Ճակատագրի հեգնանքով, հենց այդ համաձայնագիրը և Իրանի հետ կապված եվրոպական սկզբնական ծրագրերը հուշեցին «Նաբուկո» անվանումը։ Եվ հետո, համաշխարհային մամուլում տեղ է գտել խողովակաշարի քարտեզը, որի մի մասն անցնելիս է եղել Հայաստանով։ Փորձագետներն այն ժամանակ միաձայն պնդում էին, թե այդպես այն շատ ավելի կարճ է, տնտեսապես հիմնավորված, էժան` ինչպես իրականացման, այնպես էլ շահագործման առումով։ Բայց ո՜նց կլիներ։ Մոսկվան մթնդե՜ց, Բաքուն հիստերիայի մե՜ջ ընկավ, ու քաղաքականությունը նորից հաղթեց տնտեսությանը։ Հայաստանին երկար ժամանակով ու տեղը տեղին մոռացան։

Այժմ «Նաբուկո» գազամուղի նախագիծն ավելի ու ավելի հաճախ են «մեռած ծրագիր» անվանում, առավել ևս, որ 2009-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրական ոչ մի քայլ չի ձեռնարկվել գազամուղի շինարարության ճանապարհին։ Այնպես որ, եթե սկզբնապես նախատեսվում էր, որ գազամուղը շահագործման է հանձնվելու 2017-ին, ապա վերջերս այն հետաձգվել է ևս մեկ տարով։

Բայց, թվում է, պատմությունը դրանով չի ավարտվելու։ Ավելին, իրադարձությունները «Հարավային գազամիջանցքի» շուրջ, իսկ «Նաբուկոն» ապագա միջանցքի երեք նախագծերից մեկն է միայն, հեռու են ավարտուն տեսք ստանալուց։ Չէ՞ որ, ինչպես հայտնի է, «Հարավային գազամիջանցքը» Եվրամիության համար առաջնային էներգետիկ նախագծերից մեկն է։ Այն կոչված է բազմազանեցնելու էներգամատակարարումների երթուղիներն ու աղբյուրները և դրանով իսկ մեծացնելու Եվրամիության էներգետիկ անվտանգությունը։ «Հարավային գազամիջանցք» նախագծերի շարքում են «Նաբուկոյից» ավելի պակաս հիշարժան անվանումներով ITGI Անդրադրիատիկ գազամուղը, Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազամուղը և բուն «Նաբուկոն», որի հետ առայժմ ավելի շատ հարցեր են կապված։ Դրան վերջերս ավելացավ նաև «Բրիթիշ փեթրոլեումի» նախագիծը, որը, ի դեպ, Ադրբեջանի «Շահդենիզ» հանքավայրի շահագործման օպերատորն է։ Այդ նախագիծը ենթադրում է արդեն գոյություն ունեցող գազամուղով 10 մլրդ խմ գազ առաքել Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Հորվաթիա։ Շատ հետաքրքրական է, որ ամերիկացիները սկսել են պնդել, թե ԱՄՆ-ի քաղաքականության իմաստն այն է, որ նա չի պաշտպանում այս կամ այն նախագիծը, բայց, ընդհանուր առմամբ, կողմ է «Հարավային գազամիջանցք» հայեցակարգին։ ՈՒ թեև կոնսորցիումը կարող է նաև «Նաբուկո» նախագիծը չընտրել, բայց մտադիր է պահպանել տարածաշրջանի էներգետիկ հաղորդուղիների և ամերիկա-բրիտանական ջանքերով Կովկաս-կասպյան տարածաշրջանում ստեղծված էներգետիկ համալիրի վերահսկողությունը։ Պատահական չէ, որ թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները էներգետիկ նոր խնդիրներ են նախանշում։ Դրանցից գլխավորները (Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման հետ մեկտեղ) Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների ածխաջրածնային պաշարների վաճառահանման շուկայի առավելագույն ընդլայնման միջոցով նրանց տնտեսական զարգացմանը նպաստելու նոր մտադրություններն են։ «Մենք ընդամենն ուզում ենք համոզվել, որ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրները կարող են սեփական որոշումները կայացնել իրենց հանածոների արդյունահանման և արտահանման առնչությամբ` առաջնորդվելով սեփական շահերով»,- ընդգծում են Վաշինգտոնում։ Այնպես որ, այս ամենը դեռ կարող է պատերազմներ հրահրել, և, ամենայն հավանականությամբ, ոչ միայն «խողովակաշարային»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ