38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ» ԴԵՊԻ «ՈՒՂԵՂՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔ»

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ» ԴԵՊԻ «ՈՒՂԵՂՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔ»
08.11.2011 | 00:00

Տնտեսական ներուժի բազմաբնույթ վերլուծությունները հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանի և հայության կարևորագույն մրցակցային առավելություններից մեկը գիտությունն է կամ ավելի ընդգրկուն` երկրի մտավոր սեփականությունը: Անկախության ձեռքբերումից ի վեր լուրջ մարտահրավերներ առաջացան ոչ միայն տնտեսության տարբեր ոլորտներում, այլև գիտության ասպարեզում: ՈՒ եթե առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների բանալին սեփականության ձևերի փոփոխությունների մեջ են որոնել, ապա գիտության հետագա զարգացումը նոր տնտեսավարման պայմաններում առայժմ չի խարսխված հստակ հայեցակարգի կամ բարեփոխման փաթեթի վրա: ՈՒստի առաջիկա տարիներին գիտության զարգացմանն ուղղված քաղաքականությունը կարող է փոփոխություններ կրել, իսկ այս կարևորագույն բնագավառի գերակա խնդիրները կարող են հանգել միաժամանակ մի քանի նպատակների: Մասնավորապես, դրանցից կարևորագույնների թվում են հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումն ու պահպանումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրությունը:
Միաժամանակ, գիտության զարգացումն անհնար է պատկերացնել առանց այս ոլորտի զարգացման ու բնականոն գործունեության ապահովման` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոնի:
Առաջնահերթությունների շարքում չի կարելի չընդգրկել նաև գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչը պետք է կրի համակարգված բնույթ և ներառի հանրապետության մտավոր ներուժի բոլոր հնարավոր ուղղությունները` դրանց մրցակցային առավելությունների բացահայտման և իրացման իրատեսական գնահատականներով: Եվ քանի որ երկրի զարգացման առաջնահերթությունների մեջ տարիներ շարունակ հիշատակվում է գիտելիքահենք տնտեսության ձևավորումը, ուստի անհրաժեշտ է նախ և առաջ ապահովել կառավարության մասնակցությունը նորարարական-նորամուծական (ինովացիոն) քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացին, ինչպես նաև աջակցությունը Հայաստանում հիմնարար ու կիրառական գիտության և գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանը: Մեր համոզմամբ, հիշյալ խնդիրների արդյունավետ լուծումներն անհնար է պատկերացնել բացառապես մասնավոր հատվածի ջանքերով և մասնավոր ընկերությունների տնտեսական շահերի նյութականացմամբ ու սահմանափակ հնարավորությունների տարբեր դրսևորումներով:
Մյուս կողմից` կարևոր է հաշվի առնել, որ գիտության ոլորտի բարեփոխումների հիմնական նպատակն է գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումը, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը: Դրա համար առաջնահերթ անհրաժեշտ է.
- ձևավորել գիտության ոլորտի պետական կառավարման արդյունավետ համակարգ,
- ավելացնել գիտությանն ուղղվող ֆինանսավորման ծավալներն ու արդյունավետությունը,
- իրականացնել գիտության ոլորտում համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
- բարձրացնել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը,
- արդիականացնել գիտության ոլորտի ենթակառուցվածքը և նյութատեխնիկական բազան,
-զարգացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի գիտական փորձաքննության անկախ համակարգը,
- գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը վերածել իրական դրամաշնորհային համակարգի,
- ապահովել գիտության և կրթության ինտեգրումը,
- ապահովել գիտական ներուժի վերարտադրությունն ու երիտասարդացումը,
-նպաստել գիտական արդյունքի ապրանքայնացմանը, նյութականացմանն ու իրացմանը ներքին և արտաքին շուկաներում:

ՀՀ 2012-ի պետական բյուջեի նախագծով հաստատվելիք հատկացումների շրջանակում նախատեսվում է.
-գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակներում իրականացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ինչպես նաև հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերը,
- գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների (դրամաշնորհների) ֆինանսավորում, ինչը կնպաստի գիտական ներուժի երիտասարդացմանը և որոշակիորեն կմեղմի գիտության ոլորտից երիտասարդ կադրերի արտահոսքը, այդ թվում` նաև արտերկիր:
- 2011-ին մեկնարկած գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորումով 7 ծրագրերի և 1 նոր ծրագրի ֆինանսավորում:
ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագծի գիտության մասով ընդգրկված ծրագրերը միտված կլինեն գիտության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, գիտական հետազոտությունների զարգացմանը, գիտական ներուժի երիտասարդացմանը, գիտահրատարակչական գործունեության արդիականացմանը և գիտական ու գիտատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցության խթանմանը:
Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է նկատել, որ պետական բյուջեով կառավարության կողմից գիտության և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հիմնականում երեք ավանդական ուղղություններով.
-բազային,
-պայմանագրային (թեմատիկ),
-նպատակային-ծրագրային:
Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են 10167,5 մլն դրամ:
Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 7498,1 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին պետական բյուջեով նույն նպատակի համար հատկացվել է 6833,7 մլն դրամ:
Ինչ վերաբերում է նոր ֆինանսական տարվա հատկացումներին, դրանք առաջին հերթին ուղղվելու են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացմանը: Այդ նպատակների համար, մասնավորապես, նախատեսվում է 5983,4 մլն դրամ: 2011 թվականին նույնանուն ծախսերը կազմել են փոքր-ինչ ավելի` 6264,5 մլն դրամ:
Կարևոր է նկատել, որ գիտության ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է ծրագրային սկզբունքով: Այսպես, օրինակ, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և ֆիզիկայի բնագավառում գիտական ներուժի արդիականացում» ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 672,3 մլն դրամ:
Պետական բյուջեով որոշակի աճ է նախատեսված` ֆինանսավորելու ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրերը: Այս մասով 2012 թվականին նախատեսված է 599,3 մլն դրամի ֆինանսավորում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին նույն նպատակով հատկացվել էր 309,1 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ, պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է 1372,3 մլն դրամի ծախս: Նույն նպատակով 2011 թվականի պետական բյուջեից հատկացվել էր 1249,1 մլն դրամ:
Ի վերջո, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար նախատեսվում է 877,1 մլն դրամ` 2011 թվականի 820,4 մլն դրամի դիմաց: Բացի այդ, 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է նաև 420 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար:
Իհարկե, գիտության զարգացման կարիքները չեն կարող բավարարվել միայն պետական բյուջեի սահմանափակ միջոցներով: Գաղտնիք չէ, որ ժամանակակից գիտությունն օգտագործում է նաև արտաբյուջետային տարբեր աղբյուրներ` միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրեր, տարբեր մասնավոր ընկերությունների կողմից տրվող պատվերներ և այլն: Այսպես, օրինակ, պետական բյուջեից կատարվող ծախսերի առումով Անդրկովկասում Հայաստանն ամենաքիչ միջոցներն է պատրաստվում հատկացնելու գիտության ոլորտի զարգացմանը: Վրաստանում այդ միջոցները եռապատիկ շատ են, իսկ Ադրբեջանում` ութապատիկ, մոտ 12 մլն ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է արտաբյուջետային ֆինանսավորմանը, այստեղ ևս պատկերը մեր օգտին չէ. Հայաստան` 2,6 մլն, Վրաստան` 6,4 մլն, և Ադրբեջան` 20 մլն ԱՄՆ դոլար:
Արտերկրի դրամաշնորհների, ծրագրերի, ինչպես նաև գիտության և տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման փորձի ուշագրավ կողմեր կարելի է գտնել Հնդկաստանում: Դա վկայում է, որ Հայաստանը նույնպես կարող է ապավինել իր սփյուռքի աջակցությանը և հնարավորինս շուտ անցում կատարել «ուղեղների արտահոսքից» դեպի «ուղեղների ներհոսք»: Վերջինս կարող է իր հետ բերել նաև կապիտալի զանգվածային ներհոսք: Հնդկաստանի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է էթնիկ հնդիկների կատարած ներդրումներով, որոնք կազմում են 25 մլրդ ԱՄՆ դոլար: Դրա շնորհիվ այսօր Հնդկաստանում երկարաժամկետ պատվերներով աշխատում է տվյալ ոլորտի ավելի քան 200000 մասնագետ: Շնորհիվ հնդկական սփյուռքի կազմակերպված գործողությունների, այսօր միայն Microsoft ընկերության աշխատակիցների 30 %-ը էթնիկ հնդիկ է:
Այս օրինակները հավաստում են, որ ավանդական էթնիկ և մշակութային կապերի շնորհիվ սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը և կառավարման ու մասնագիտական հմտությունների փոխանցումը կարող են նպաստել անցումային տնտեսություն ունեցող երկրների համար այնպիսի կարևոր գործընթացի, ինչպիսին համաշխարհային տնտեսությանն ազգային տնտեսության աստիճանական ինտեգրումն է:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ