38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է և ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇՈՒՏ և ԱՎԵԼԻ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԴԻՐՔԱՎՈՐՎԱԾ ԴՈՒՐՍ ԳԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է և ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇՈՒՏ և ԱՎԵԼԻ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԴԻՐՔԱՎՈՐՎԱԾ ԴՈՒՐՍ ԳԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ
10.06.2011 | 00:00

Ինչպես հայտնի է, ճգնաժամը նաև շանս է` վերադիրքավորվելու և դուրս գալու ստեղծված իրավիճակից ավելի մրցունակ տնտեսությամբ: Սա, իր հերթին, ենթադրում է ոչ միայն առանձին միջոցառումների իրականացում, այլև որակապես նոր տնտեսական քաղաքականության իրականացում: Ըստ որում, անհրաժեշտություն է առաջանում տարանջատելու իրական և թվացյալ զարգացման միտում բնութագրող գործընթացները:
Մասնավորապես.
.արտաքին առևտրային ապրանքաշրջանառության ավելացումը դեռ չի նշանակում մրցունակության բարձր մակարդակ և արտահանման ավելացում. այն կարող է ավելանալ ներմուծման աճի հաշվին և ավելացնել արտաքին առևտրի դեֆիցիտը,
.ներմուծման փոխարինման քաղաքականությունը դեռևս չի նշանակում արտահանման խթանման քաղաքականություն, որը թույլ է տալիս առևտրային միսիաներով, գործարար համաժողովներով, արտոնյալ վարկավորմամբ և արժութային արդյունավետ քաղաքականությամբ խթանել երկրի արտահանման կարողությունը,
.տնտեսական մրցակցության աջակցությունը չի կարող նույնացվել հակամենաշնորհային պայքարի հետ, որը վերջ կդնի կլանների կողմից գների վերաբերյալ հանցավոր համաձայնություններին, որից տուժում են թե՛ բարեխիղճ ձեռներեցները, թե՛ սպառողներն ու տնտեսության մրցունակությունն ընդհանրապես,
.նոր աշխատատեղերի ստեղծումը դեռ չի նշանակում գործազրկության կրճատում և տնտեսության զարգացում, քանի որ միաժամանակ կարող են կրճատվել աշխատատեղեր տնտեսության այլ ոլորտներում,
.ներդրումների առկայությունը կարող է պայմանավորված լինել քաղաքականացված արտաքին ներդրումներով, ինչը դեռ չի նշանակում ներքին ներդրումների աճ և վստահության ձևավորում:
Այս տարբերությունները նկատելով, անհրաժեշտ է մշակել ազգային տնտեսության առանձնահատկություններից բխող տնտեսական դեղատոմսեր և բուժումը սկսել այնտեղից, որտեղից սկիզբ է առել հիվանդությունը, և բարձրացնել տնտեսական օրգանիզմի դիմադրողականությունը.
1. ծավալուն և նպատակային ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ,
2. արտոնյալ պայմաններ ստեղծել ինովացիաների և նոր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման համար,
3. ըստ ամենայնի աշխուժացնել փոքր և միջին ձեռներեցությունը հանրապետությունում,
4. պետական աջակցությամբ խթանել բնակարանային և արտադրական շինարարության ոլորտը,
5. արտոնյալ վարկեր տրամադրելիս առաջնահերթություն սահմանել կառուցվածքաստեղծ արտադրությունների և այլ գործարար ծրագրերի համար, որոնց իրականացնողներն առավել կենսունակ են, մրցունակ և իրենց հետևից լոկոմոտիվի պես կարող են շարժել-տանել նաև մյուսներին,
6. պետության նախաձեռնությամբ զարկ տալ հանրային աշխատանքներին հատկապես ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում,
7. մատչելի պայմաններով սկսել հիպոթեքային վարկավորում, որը դրականորեն կներազդի ընդհանուր տնտեսության առողջացման վրա,
8. կոշտ հարկային վարչարարության փոխարեն անցում դեպի ճկուն հարկային քաղաքականություն` աստիճանաբար անցում կատարելով նաև դեպի հարկային շրջանայնացում` հանրապետության ողջ տարածքով մեկ, ուր գործարարության խթանման նպատակով յուրաքանչյուր մարզի և բնակավայրի համար կսահմանվեն Երևանից և նրա ագլոմերացիայից տարբեր հարկային դրույքաչափեր,
9. ձևավորել ազատ տնտեսական գոտիներ,
10. իրականացնել տարբերակված մաքսային քաղաքականություն, որն ուղղված լինի նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների ներմուծման խթանմանը, հետևաբար նաև` տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը,
11. անցում կատարել դեպի ցածր վարկերի տրամադրման նպատակային քաղաքականություն` խթանելու գործարար աշխուժությունը,
12. անցնել «էժան» դրամի քաղաքականության, որը դրականորեն կանդրադառնա տնտեսության տարբեր ճյուղերի (մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, այլ ոլորտների) մրցունակության բարձրացման վրա և կարող է հանգեցնել առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի կրճատմանը:
Այս ամենը թույլ կտա խուսափել այն սխալներից, որոնք կատարվեցին 1998 թ. ասիական, հետո նաև ռուսական ֆինանսական ճգնաժամի շրջանում, և առավելագույնս օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից: Այս ամենից հետո կարևորվում է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, տնտեսական առումով առողջ կենսակերպի արմատավորումը, որն առանձին վերլուծության առարկա է: Այդուհանդերձ, կանխարգելիչ մոտեցումներով միայն կարելի է առողջացնել տնտեսական միջավայրը, այլապես լավագույն դեղամիջոցներն ընդունելուց հետո վարակված միջավայրում երկար գոյատևելն անհնար կդառնա:

Այս իրավիճակում մեզ համար կարևորագույն խնդիր է ոչ միայն տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի հետևանքների վերացումը, այլև առաջացած սոցիալական խնդիրների ժամանակին և արդյունավետ լուծումները: Տեղի է ունեցել նաև աշխատատեղերի որոշակի կրճատում, որին ավելացել է նաև արտագնա աշխատանքից վերադարձածների աշխատանք գտնելու մտահոգությունը: Սոցիալական վիճակի վրա իր ազդեցությունն ունեցավ նաև դրամի արժեզրկումը: Իսկ դա ուղղակիորեն առնչվում է մարդկանց գնողունակության մակարդակին, հատկապես 2009 թ. մարտի 3-ին դրամի 30 % արժեզրկումից հետո ապրիլի 1-ին գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների բարձրացումները ևս առնչվում են նույն խնդրին: Կարևոր է գնահատել իրատեսորեն և հստակ պատկերացում կազմել հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերի վերաբերյալ և փոխհատուցել այն վնասները, որ այդ ընտանիքները կարող են ունենալ այս ամենի արդյունքում: Իհարկե, մի ճանապարհն այն է, որ պետությունը փորձի սակագների բարձրացման արդյունքում, վնասները փոխհատուցելու նպատակով, սուբսիդավորման ճանապարհով օգնել գնողունակության ցածր մակարդակում հայտնված մարդկանց: Կարելի է նաև մտածել նպաստները, կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին: Սակայն մեզ համար ավելի կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի տեղական և օտարերկրյա ներդրումների աճին, դրանով պայմանավորված նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հայը միշտ էլ իր ստեղծագործ աշխատանքով է հոգացել իր կենսական կարիքները: Այսօր էլ պետք է օգնել մարդուն` իր գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու և բարձրացնելու իր ընտանիքի կենսամակարդակը: Մեր համոզմամբ` միայն համակարգված գործողությունների շնորհիվ կհաջողվի թոթափել համաշխարհային ճգնաժամի մեզ պարտադրած բեռը:
Ընդհանուր առմամբ, վերը նշված և դրանցից ածանցյալ այլ միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր է համեմատաբար տեսանելի ապագայում զսպել ճգնաժամային ռիսկերը և երկրի տնտեսության համար ապահովել աշխուժացման միտումներ: Մի բան ակնհայտ է. Հայաստանը կարող է և պետք է ավելի շուտ և ավելի նպաստավոր դիրքավորված դուրս գա ֆինանսական ճգնաժամից, քան ավելի մեծ տնտեսություն ունեցող և համադրելի մակարդակներում գտնվող երկրները:
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանը կարիք ունի ձևավորելու սոցիալական շուկայական տնտեսություն, որը, մեր համոզմամբ, այլընտրանք չունի: Այնպիսի տնտեսություն, ուր բարեփոխումների կենտրոնում կլինի մարդն իր հոգսերով և իրավունքներով: Այլապես ֆինանսական ճգնաժամից դուրս գալու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Մասնավորապես, եթե այսօր հայկական դրամի փոխարժեքի անկման պատճառով տեղ գտած ապրանքների թանկացումը, որն ուղեկցվելու է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների բարձրացմամբ, չստանա համարժեք փոխհատուցում` հատկապես սոցիալապես անապահով խավի համար, ապա կարող է ստեղծվել սոցիալական անցանկալի լարվածություն, որն ավելի կարող է բարդացնել իրավիճակը: Ավելին, բնակչության գնողունակության պահպանման նպատակով անհրաժեշտ է ոչ թե կրճատել (ինչպես անտեղի պնդում են ոմանք), այլ ավելացնել պետբյուջեի ծախսային մասը, մասնավորապես աշխատավարձի ինդեքսավորումը և նվազագույն մակարդակը 32500 դրամից բարձրացնելով առնվազն մինչև 45000 դրամ: Նույնը վերաբերում է կենսաթոշակներին և տարբեր նպաստներին: Իսկ նման պարագայում առաջացող պետբյուջեի դեֆիցիտը հնարավոր է ծածկել ինչպես ներքին աղբյուրների (պետական պարտատոմսերի թողարկման), այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցներից արդեն իսկ ակնկալվող փոխառու միջոցների հաշվին:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ