2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Պաշտոնական տխմարություն

Պաշտոնական տխմարություն
28.02.2024 | 16:50

Հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության Վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերությամբ հրապարակում է նախորդ եռամսյակի, նախորդ ամսվա, նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։ Ցուցանիշների այդ ամբողջ շարքը ներկայացնում է տնտեսությունը, տնտեսական հարաբերությունները, և տնտեսության մեջ զբաղված մարդկանց զգալի մասը, անկասկած, ցուցանիշներն այդ ուսումնասիրում են, փորձում են հասկանալ զարգացման հնարավոր հեռանկարները, միևնույն ժամանակ ուսումնասիրությամբ զբաղվում են տնտեսագետները, որոնք տեսական աշխատանքով են զբաղված, փորձում են հասկանալ արդի տնտեսագիտության զարգացման ուղղությունները, մարտահրավերները, մասնավորապես վիճակագրական ծառայության աշխատանքի մեթոդոլոգիան:

Որքան հիշում եք անցյալ տարի հայաստանի հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը մինչև նոյեմբեր ամիսը տատանվում էր 6-6.5 տոկոսի շրջակայքում, բայց նոյեմբեր ամսին մի հանելուկային զարգացում է տեղի ունենում և պարզվում է, որ Հայաստանի հանրապետության տնտեսության ոսկերչության կիսամեռյալ ճյուղն ապահովել է տպավորիչ, անհավատալի գերաճ, այդ մեկ ամսվա ընթացքում` 20-25 տոկոսով: Զարգացման նմանօրինակ աճի համար հիմք էր ծառայել ոսկու ներմուծման, վերարտահանման, կասկածելի մի գործարք, որն իհարկե ապագայում լրջագույն քննչական մեծածավալ օպերատիվ աշխատանքներ է պահանջելու իշխանափոխությունից հետո։ Փաստացի առկա է իրավիճակ, երբ ունեք մի ձեռնարկություն, որը թղթի վրա գոյություն ունի, ընդամենը ներմուծում է հազարավոր կիլոգրամներով ոսկու հումք, իբր թե մշակում է դա, իբր թե դա արտահանում է, ընդ որում, զարմանալի չի լինի եթե ապագայում հայտնաբերվի որ այդ ոսկի կոչեցյալ հումքային ռեսուրսը ոչ էլ Հայաստան է եկել, այլ թղթերը պարզապես ձևակերպել են Հայաստանում:

Իհարկե նման գործարքը արդեն իսկ հնարավորություն էր տալիս իշխանություններին ստանալու քարոզչական մի գերազանց պաշար, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, արտահանման ցուցանիշի հսկայական աճ, ներմուծման ցուցանիշի հսկայական աճ, և սա եթե ոչ աճպարարություն է, որին խառնված են բազմաթիվ մարդիկ, ապա կարելի է ասել, որ այս ոսկու միստիֆիկացիան ունի վտանգավոր զարգացման միտում:

Թվում էր, թե ամեն ինչ մեկ նոյեմբերյան գործարքով կսահմանափակվի և նրա հեղինակներն ու կատարողները անմիջական որոշակի զգուշավորություն կցուցաբերեն։ Պարզվում է` այդ գործարքը նորից է կատարվում, շարունակվում և դրա վկայականը, դրա ապացույցը վիճակագրական ծառայության թողարկած, հրապարակած թվերն են 2024 թվականի հունվար ամսվա տնտեսական զարգացման ցուցանիշների շտեմարանում:

Պարզվում է նորից, որ մեկ ձեռնարկության ուժերով, ՀՀ արտահանումը կրկին աճել է ինչ-որ երեսուն, քառասուն տոկոսով, ներմուծումն աճել է 20-25 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի արտադրությունն աճել է

21 տոկոսով:

Վիճակագրական ծառայության խելագարներին նույնիսկ զարմանալի չի թվացել հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության անկումը։

Ինչպե՞ս կարելի է ունենալ էներգիայի ծախսի նվազում և արդյունաբերական արտադրանքի աճ միաժամանակ: Հասկանալի է, որ այստեղ մենք գործ ունենք ֆորմալ իմաստով հիմարության և միտումնավոր աչքաթողության, քարոզչական խաբեության սինթեզի հետ։ Կարելի է ենթադրել, որ վիճակագրական ծառայությունում դեռևս մարդիկ չեն հասկացել, որ անհրաժեշտություն է առաջացել արդյունաբերության արտահանման և ներմուծման ամբողջ գնահատման կշռման մեթոդոլոգիայում կատարել լրջագույն տեսական աշխատանք և, ի վերջո, հրաժարվել այն գործելակերպից, որը խայտառակ, ծիծաղելի, աբսուրդային, ֆորմալ պատկեր է ներկայացնում և բերում է նոմինալ իմաստով արտադրության ներմուծման արտահանման փուչ ցուցանիշներ, դրա հիմքում ունենալով վերաարտահանումը: Վստահ եմ, որ տեսական տնտեսագիտությամբ զբաղվող մասնագետները կքննեն այս հարցը իր ամբողջության մեջ և լրջագույն մասնագիտական միջամտության կոչ կանեն ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման նախարարությունների մասնագետներին, որովհետև կներեք արտահայտության համար, մասնագետները չեն կարող հանդուրժել նմանօրինակ գավառական կրկեսը։

Տնտեսագետները, ֆինանսիստները փայլուն հասկանում են կատարվող գործարքը, գործարքի մանրամասները և գործարքի քաղաքական շահառուների մտադրությունները, ուստի աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար, ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր են վիճակագրական ծառայություն հետ միասին լուծել այս թնջուկը, մեթոդոլոգիայի հետ կապված լրջագույն շտկումներ կատարել և վերարտահանման գործարքների փուչիկային թվերը, ի վերջո, դուրս հանել տնտեսական ցուցանիշների շտեմարանից։

Որպես վերջաբան։

Առաջարկում եմ ՔՊ աջակիցներից մեկին բացել որևէ ՍՊԸ և վիճակագրական վարչություն ներկայացնել հաշվետվություն Tesla կամ Apple շրջանառության մոտ թվեր։

Իհարկե, մի ամիս հետո վարչական իրավախախտման համար քսան հազար դրամ տուգանք կարձանագրվի, բայց կունենանք ՀՆԱ բացարձակ աճ:

Հիշում եք ՌԴ դիկտատոր Պուտինի քմծիծաղը, երբ նրան զեկուցեցին ՀՀ տնտեսության 9.4 տոկոսով աճի մասին։

ՈՒղղեք այս իրավիճակը, դրա համար հանրությունը ձեզ վճարում է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ