«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Այս խարանը չի ջնջվելու նրա վրայից

Այս խարանը չի ջնջվելու նրա վրայից
18.11.2023 | 08:51

Երեկ Նիկոլն ԱԺ էր գնացել ու գլուխ էր գովում, թե 2018-ի համեմատ պետական բյուջեի եկամուտները 2024-ին կրկնապատկվելու են, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է, որ սա պատմական պահ է և այլն:

Որպես պետական ֆինանսների մասնագետ, իհարկե կարող էի վերլուծել այս ամենը, զուգահեռներ տանել, թե նույն 2018-ի համեմատ քանի միլիարդ դոլարով է Նիկոլը ՀՀ պետական պարտքն ավելացրել, իհարկե կարող էի իր նշած հարկային եկամուտների չափը համեմատել ՀՆԱ-ի հետ և տոկոսային առումով ստանալ իր պնդմանը հակադրվող ճշմարտությունը: Պնդում, թե այս լրացուցիչ եկամուտները նրա հաշվին են, որ հարկեր են վճարվում, որոնք նախկինում գրպանվել են տարբեր պաշտոնյաների կողմից (իհարկե սա եղել է, բայց այս հավելյալ աճը դրա ենթադրյալ չլինելու հաշվին չէ):

Իհարկե կարող էի մի քանի էջ վերլուծություն գրել, թե ինչու այս տնտեսական աճն աղերս չունի տնտեսական զարգացման հետ, բայց չեմ անում, որովհետև իմաստ չկա, որովհետև նրա աշխատանքի միակ «արդյունքը» հետևյալն է և նա պատմության մեջ մնալու է հենց սրանով:

Օրեր առաջ IDFA ֆիլմերի փառատոնին հայ աղջկա նկարած վավերագրական ֆիլմը, իր ընտանիքին հասած դժբախտության մասին, լավագույն ֆիլմ է ճանաչվել: Ֆիլմի վերնագիրն է՝ «1489»: Սա անհայտ զոհվածի մարմնին տրված հերթական համարն է, որ ենթադրվում էր իր եղբայրն է, որ դեռ տարուց ավել պետք է սպասեին նույնականացման:

Հազարավոր հայ ընտանիքներին դժբախտություն բերած և դրա համար պատասխանատվություն չստանձնած անձը Նիկոլն է: Հազարներով զոհերի և կորսված հայրենիքի հեղինակն ու պատասխանատուն է Նիկոլը, և այս պատասխանատվությունը չի վերանալու, այս խարանը նրա վրայից չի ջնջվելու, ինչքան էլ, որ միլիարդներով աճեն հարկերն ու տնտեսական օգուտները:

Փողն ու նյութը չեն կարող ոչ մի կերպ մարդկային անիմաստ (իր իսկ գնահատականով) կորուստների ցավը մթագնել, մոռացության տալ, եթե, իհարկե, մենք անբարո որկրամոլներ չենք:

Ընտրությունը յուրաքանչյուրինս և բոլորինս է: Թողնել, որ մեզ հիմարացնեն և լինել անբարո որկրամո՞լ, թե՞ լինել պահանջատեր և ի վերջո հասնել արդարության վերականգնման:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4303

Մեկնաբանություններ