Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Չխաբվել բարեկեցիկ պայմաններում ապրող եվրոպացիների միֆական արժեհամակարգով

Չխաբվել բարեկեցիկ պայմաններում ապրող եվրոպացիների միֆական արժեհամակարգով
25.09.2023 | 07:33

Որևէ ժողովրդի գոյության և, առավել ևս, նրա հնարավոր բարգավաճ կյանքի հիմքերի հիմքը իր արժեքային համակարգն է, այսինքն, այն ամենը, ինչն ընկած է տվյալ մարդատեսակի ապրելու ամենօրյա տեխնոլոգիայի ու պահվածքի թիկունքում՝ հաճախ նույնիսկ առանց գիտակցելու դա։

Բնական է, որ մարդկանց ու կամայական մասշտաբի մարդկային համակարգերի վարքի ու գործունեության նպատակը տվյալ պայմաններում հնարավորինս որակյալ կյանքով ապրելն ու հարատևելն է։
Մարդկանց կամ մարդկային համակարգերի կյանքի հիմքում ընկած արժեհամակարգային կանոնները կամ նրանց կյանքի ու հարատևման կոդը ապրելու տեխնոլոգիայի այն կայուն միջուկն է, որը ինվարիանտ է կամ համարյա ինվարիանտ է ժամանակի նկատմամբ։
Դա նաև նշանակում է, որ մարդկանց կյանքի նույնիսկ կտրուկ փոփոխվող պայմանների դեպքում ևս նրանց արժեքային համակարգն ու ապրելու կոդը իներցիայով, դեռևս երկար ժամանակ մնում են նույնը։
Այդ պայմաններում մարդկանց վարքի նոր դրսևորումները պայմանավորված են ոչ թե նրանց արժեքային համակարգի կամ կոդի փոփոխությամբ, որոնք անփոփոխ են, այլ նույն կոդով նոր պայմաններում կյանքի հարատևման հավանականությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։
Մյուս կողմից էլ, մարդկանց արժեքային համակարգը կամ նրանց կյանքի կոդը ինչ-որ առեղծվածային ու մութ բաներ չեն, դրանք դրսևորվում են մեր կյանքի ամեն քայլափոխին՝ տարբեր իրավիճակներում մեր պահվածքով։
Կյանքի ընթացքի փոփոխվող իրավիճակները մեզ ստիպում են ամեն անգամ գնահատել դրանք, կայացնել համապատասխան որոշում և արձագանքել դրանց որևէ տեսակի գործողությամբ կամ գործողության բացակայությամբ, որոնց նպատակը կյանքի հարատևելուն նպաստելն է։
Մեր գոյության և հնարավորինս բարգավաճ հարատևման համար շատ կարևոր է նաև հասկանալ մեզ շրջապատող այլ ժողովուրդների արժեհամակարգերը՝ հնարավորինս սթափ մոտենալով այս կարևորագույ հարցին։
Մեզնում հաճախ են խոսում արևելյան կամ արևմտյան արժեհամակարգերի մասին, իսկ եվրոպական արժեհամակարգը դարձել է մի տեսակ բաղձալի ստանդարտ, որին ձգտում են մեր երազային հակումներով միամիտները։
Այս հարցն ունի երկու կողմ, որոնք քննարկելու համար կարելի է կատարել երկու մտավոր փորձեր, որոնց նպատակն է դիտարկել վատ պայմաններում ապրողների վարքը բարեկեցիկ պայմաններում և հակառակը՝ բարեկեցիկ պայմաններում ապրողների վարքը այդ պայմանները կտրուկ վատանալու դեպքում։
Այս հարցում մեր ունեցած թյուրիմացությունները ցրելու համար շատ կարևոր է երկրորդ դեպքի հասկանալը մարդկանց բարեկեցության մակարդակի ֆոնի վրա։
Պատկերացնենք, որ եվրոպական որևէ բարեկեցիկ ու ապահով կյանքով ապրող ժողովուրդ ընկնում է սովի ու անապահովության ճիրանները, և հարց է առաջանում, թե իրենց ինչպես կպահեն մարդիկ նոր պայմաններում։
Բնական է, որ նախնական շոկային վիճակից հետո մարդիկ պետք է նոր պայմաններում գործեն այնպես, որ իրենց հարաևելու հավանականությունը լինի առավելագույնը՝ սա ունիվերսալ օրենք է։
Նման իրավիճակում, պայմաններին լրիվ ծանոթ չլինելու պատճառով, հնարավոր է, որ նրանք դրսևորեն շատ ավելի ագրեսիվ, ստոր ու վայրագ վարք, քան նույն պայմաններում ապրող տեղաբնակները։
Այս պրոբլեմի դիտարկման համար դասական օրինակներ են խաչակիրների վարքը հայտնի արշավանքների ժամանակ, եվրոպացիների վարքը ամերիկյան մայրցամաքի հատնագործումից հետո. օրինակները շատ են։
Իսկ մեր միամիտներին պարզ խորհուրդ՝ չխաբվել բարեկեցիկ պայմաններում ապրող եվրոպացիների միֆական արժեհամակարգով, որն ունի չբացահայտված բազմաթիվ այլ կողմեր։
Ի թիվս այլ հարցերի, վատ չէր լինի արժեհամակարգային տեսանկունից քննարկել աշխարհում լայն տարածում գտած գաղութային քաղաքականությունն ու դրա հիմքում ընկած արժեքային համակարգը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ