Երևանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն և այնտեղ կայանումը։ Դրանք տեղափոխվեցին Երևանի ծայրամասեր՝ նպաստելով մայրաքաղաքի երթևեկության բարելավմանը։ Այն ժամանակ որոշ աղմուկ բարձրացավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր. նախ՝ կենտրոնը ազատվեց տարատեսակ «Գազել»-ներից, երթևեկությունն էլ բավականին թեթևացավ։ Սակայն նոր իշխանության օրոք կարգուկանոն ասվածը շատ խորթ հասկացություն է. ու այս համատեքստում, իհարկե, շատ տրամաբանական է, որ «Գազել»-ները պետք է վերադառնային ու ժամերով կանգնեին քաղաքի կենտրոնում։
Նույնն է նաև փողոցային առևտրի վիճակը։ Դարձյալ Կարեն Կարապետյանի, հետագայում նաև Տարոն Մարգարյանի օրոք ազատվել էինք այդ ոչ հաճելի երևույթից, այսօր, սակայն, մայթերին հակահիգիենիկ վիճակում՝ փոշու, տրանսպորտային արտանետումների ու աղբի մեջ, բարգավաճում է առևտուրը. կողք կողքի վաճառվում են ձուկը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կանաչին։ ՈՒնի՞ Երևանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու կամք ու մեխանիզմներ. կյանքը ցույց է տալիս, որ ոչ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ