Չափազանցություն չի լինի ասելը, որ 2020 թվականը, միջպետական դիմակայությունների այլ խնդիրների շարքում, մոլորակն ասես հետ մղեց դեպի անցյալ, թեկուզ և բավական հեռավոր, երբ թուրքերը (ավելի ճիշտ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հանգուցյալ դարձած Օսմանյան կայսրությունը) օրինաչափ էին համարում ուրիշի գործերի մեջ «քիթ խոթելը»։ Այժմ պատմությամբ չենք զբաղվի, սակայն Թուրքիայի աներես «ծառայությունները», օրինակ, Բոսնիա և Հերցեգովինայի մուսուլմանա-խորվաթական մասին, Ալբանիային, իսկ 2008-ից հետո՝ «անկախ ալբանական Կոսովոյին», վերջին 20-30 տարիներին ակնհայտորեն ու չարագուշակ կերպով հիշեցնում են այն ժամանակները, երբ ողջ Բալկաններն օկուպացված էր թուրքերի կողմից։ Իսկ բոսնիացի մուսուլման Իզզեթբեգովիչների ընտանիքը և կոսովցի ալբանների առաջնորդները գործնականում Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալներ են։
Արդեն այժմ կարելի է կանխատեսել, թե ինչպես կվրդովվեն Թուրքիայում և Անկարայի խամաճիկ արբանյակները, բայց դժվար թե որևէ մեկը լուրջ ընդունի նրանց բուռն բողոքները։ Հատկապես վերջին տասնամյակներում կուտակված փաստերի վրա ոչ ոք չպետք է աչքերը փակի։ Եվ այսօր խոսքը միայն այն մասին է, թե Թուրքիայի նորագույն պատմությունը պետք է ընկալել որպես ապացույց նեոօսմանիզմի՞ (որի հեղինակ է համարվում Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն), թե՞ դա վերականգնվող պանթուրքիզմի ինչ-որ քողարկված ձև է։ Շատերի համար այդ երևույթները գրեթե նույնն են, բայց իրականում դրանց տարբերությունն էական է։ Օսմանիզմը պետական կառուցվածքի քաղաքական հայեցակարգն է, որը ծագել է «նոր օսմանների» միջավայրում՝ Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությանը նախորդող շրջանում (1886-88 թթ.)։ Օսմանիզմի ի հայտ գալուն նպաստել են Թանզիմաթի բարեփոխումները, մասնավորապես 1856 թ. հրապարակված «Հաթթը հումայուն» կայսերական հրովարտակը բոլոր դավանանքների հպատակների իրավահավասարության մասին, ինչպես նաև 1869 թ. օրենքը ազգությունների մասին, որն ընդհանուր օսմանյան քաղաքացիություն էր մտցնում՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից։ Օսմանիզմը գտնվում էր Մոնտեսքյոյի և Ռուսսոյի, ինչպես նաև ֆրանսիական հեղափոխության գաղափարների ուժեղ ազդեցության տակ։
Նրա կողմնակիցները հռչակում էին միլլիեթների (ազգեր, կրոններ) և օրենքի առաջ կայսրության բոլոր հպատակների հավասարություն։ Միլլիեթների համակարգը չէր խախտվում, բայց մեծանում էր աշխարհիկ կազմակերպությունների դերը։ Տարրական կրթությունը, զինվորական ծառայությունը և գլխահարկը պետք է վերաբերեին ինչպես մուսուլմաններին, այնպես էլ ոչ մուսուլմաններին։
Օսմանիզմի հետևորդները մտածում էին, որ դա կօգնի լուծելու պետության առաջ հայտնված խնդիրները։ Սակայն օսմանիզմը մերժվեց կայսրության բազմաթիվ հպատակների կողմից։ Մուսուլմանները դրանում տեսնում էին սեփական գերակա վիճակի վերացումը, իսկ ոչ մուսուլմաններն այն ընկալեցին որպես ավանդական արտոնությունների վերացման քայլ։ Բացի դրանից, կրթության համակարգը, ըստ էության, նշանակում էր, որ ընտրված է ոչ թուրքերի «փափուկ» ձուլման ուղի, այսինքն օսմանիզմի գաղափարախոս հայրերը ձգտում էին ոչ թուրքերին «սպանել» մարդասիրական ճանապարհով՝ փոխելով նրանց պատմությունն ու լեզուն, մշակույթը և այլն։ Եվ ահա Թուրքիայում «Արդարության ու զարգացման կուսակցության» (ԱԶԿ) իշխանության օրոք աշխարհում սկսեցին խոսել նեոօսմանիզմի մասին՝ այդ ուղին կապելով ոչ միայն Դավութօղլուի, այլև նախագահներ Աբդուլլա Գյուլի (նախկին) և Էրդողանի (ներկայիս) հետ։
Պանթուրքիզմը շատ ավելի վտանգավոր երևույթ է։ Արտաքուստ պարզապես թուրքաբնակ պետություններում տարածված քաղաքական ու սոցիալ-մշակութային հոսանք է, որի հիմքում ընկած են նրանց ազգային, մշակութային ու լեզվական ընդհանրության վրա հիմնված քաղաքական համախմբման անհրաժեշտության գաղափարները։ Այն ձևավորվել է XIX դարի երկրորդ կեսին։ Շարժումն սկսվել է Ղրիմի թուրքերի միջավայրում, որոնք ի սկզբանե ձգտում էին Օսմանյան կայսրության թուրքերի հետ միավորման։ Ռուսաստանում կար պանթուրքիզմի երեք կենտրոն՝ Ղրիմը («գաղափարախոս»՝ Իսմայիլ Գասպրինսկի), Կազանը, Բաքուն։ Բայց պետք է օբյեկտիվ լինել. պանթուրքիզմն ավելի բարբարոսական գաղափարախոսություն էր, քան օսմանիզմը։ Նրա տարածողները երիտթուրքերն էին՝ մասոնական «Իթթիհատ վե թերաքքի» կուսակցության անդամները, որոնք «աչքի ընկան» հայերի, հույների, ասորիների, եզդիների և այլ ոչ թուրքերի ցեղասպանություններով։ Կարծես թե հիմնականում օսմանիզմն ու պանթուրքիզմը պատճենում էին իրար. 1908 թ. լույս տեսավ ոմն Ալի Հուսեյնզադեի «Թրքացում, իսլամացում, արդիականացում» հոդվածը, որում երկու հոսանքների գաղափարները հետագա զարգացում ստացան։ Բայց տարբերությունն այն է, որ թրքացմանը և իսլամացմանը դիմադրելու դեպքում պանթուրքիստներն իսկույն «դիմում էին յաթաղանին» ու կոտորում դիմադրողներին։ Եվ եթե դիտարկենք այսօրվա գործերը, ապա 2013 թ. ամառվանից հետո, երբ Էրդողանն ինքը տապալեց «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) հետ Թուրքիայում և Իրաքի Կանդիլ լեռներում խաղաղ գործընթացի ձևաչափը, այնուհետև ձեռնամուխ եղավ թուրքական խորհրդարանում ներկայացված քրդամետ (նրա մասին այդպես են արտահայտվում և՛ քրդերը, և՛ թուրքերը, և՛ Արևմուտքը) «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» (ԺԺԿ) ոչնչացմանը, «յաթաղանի դրվեցին» նաև քրդական զանազան ցեղեր։
Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից հետո պանթուրքիզմը չոչնչացվեց 1919-24 թթ., չոչնչացվեց «աշխարհիկ պետության» և քեմալիզմի կողմից, իսկ եթե դիտարկենք Անկարայի այժմյան վարքագիծը, ապա հարկ է պարզապես պնդել, որ ներկայիս Թուրքիան ղեկավարում են հենց պանթուրքիստները, ոչ թե իսլամիստները կամ նեոօսմանիստները։ Չէ՞ որ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում, «իշխանության դեմ պայքարող տեղացի ժողովրդավարների» տեսքով, Անկարան հենվում է... թուրք-թուրքմենների վրա։ Եվ իբր «արաբական» ու «հանուն խալիֆաթի պայքարող» ահաբեկչական ԻՊ խմբավորմանն օգնելու համար Անկարան ստեղծել է «Թուրքեստանի իսլամական կուսակցությունը (ԹԻԿ), որի ջոկատների մեջ էր ներքաշում և Ադրբեջանի ներկայիս քաղաքացիներին, և Միջին Ասիայի երկրների, Աֆղանստանի, Ռուսաստանի թուրքազգի և կովկասցի ժողովուրդների քաղաքացիներին, անգամ Չինաստանի ույղուրներին։
Ինչո՞վ են զբաղվել և զբաղվում ԹԻԿ-ի (որը հաճախ անվանում են նաև «Թուրքեստանի իսլամական շարժում», «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում», ասես ընդգծելով, որ նրանց նպատակը ոչ թե Թուրքիայի պանթուրքիստներին աջակցելն է, այլ «բարեփոխումները» Արևելյան Թուրքեստանում, այսինքն՝ չինական Սինցզյանում) ահաբեկիչները։ Սպանություններով ու կողոպուտով։ Առնվազն այդպես էր Սիրիայում և Իրաքում 2014-20 թթ. երբ եղավ այդ պատմությունը. նախ ահաբեկիչների հաջող հարձակումները ԻՊ-ի դրոշակներով, որին հետո իբր «օգնության» եկան ԹԻԿ-ի զինյալները, հետո՝ Իրաքի և Սիրիայի օրինական կառավարություններին որպես օգնություն Իրանի և Ռուսաստանի սկսած հակաահաբեկչական պատերազմը։ Ի դեպ, որպեսզի ոչ ոք չմտածի, թե Թուրքիայի և նրա ույղուր հետևորդների մտադրություններում որևէ «վատ բան» չի եղել, բացի միավորման և թուրքական «նույնականության» համար պայքարից, հետաքրքիր փաստ բերենք։ Նախ, ինչպես այժմ հայտնի է, ույղուրներն իրենց գեների ավելի քան 30 %-ով իրանցիներ ու... հայեր են։ Թե դա ինչպես է եղել, երկար պատմություն է և մեր թեմայի հետ անմիջական կապ չունի։ Երկրորդ, ո՞վ է ասել, որ պանթուրքիստների նպատակներում այլ բան էլ չկա։ ԹԻԿ-ի ույղուրները բացահայտորեն ասում են, որ ցանկանում են... ոչնչացնել Չինաստանը։ Սույն ույղուրական (թուրքական) ապօրինի զինված կազմավորումը հրապարակավ հայտարարել է, որ իր նպատակն է ոչ թե պարզապես Արևելյան Թուրքեստանում (Սինցզյանում) անկախ իսլամական (շարիաթական) պետության ստեղծումը, այլև ողջ չին ժողովրդի մահմեդականացումը. «Չինաստանը թշնամի է, որովհետև օկուպացրել է մուսուլմանական Արևելյան Թուրքեստանը», բայց «մենք կռվում ենք, որ չինացիներին ստիպենք ընդունելու իսլամը»։
Մեր կարծիքով, ավելին ապացուցել պետք չէ. Թուրքիայի հովանու ներքո ամրապնդվել է հանցագործների՝ Չինաստանը, և ոչ միայն Չինաստանը, թրքացնելու և իսլամականացնելու գաղափարը։ Բայց եթե նման բան պատկերացնենք, ու՞մ հասկանալի չէ, որ թրքացած ու մահմեդականացած Չինաստանն արդեն Չինաստան չէ։ Համոզված ենք, որ պանթուրքիզմի կողմնակիցները նույնպիսի մարդատյաց նպատակներ ունեն և Բալկանների, և Ռուսաստանի ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ, ավելին, նրանց աչքին երևում է նույնիսկ մուսուլմանական Իրանի թուրքացումը (նշանակում է՝ նաև պատմությունից ջնջվելը)։ Եվ Իրաքում ու Սիրիայում պանթուրքիստների (ինչպես տեղական, այնպես էլ եկվոր) բարձր ակտիվությունն ապացույց է, որ ամենևին ցանկություն չկա «խաղաղ» կերպով ձուլելու նրանց, ովքեր «խանգարել» և մինչ օրս «խանգարում են» պանթուրքիստների ֆաշիստական գաղափարների իրականացմանը։ ԶԼՄ-ներում հիմա բազմաթիվ հրապարակումներ կան, որ Թուրքիան աննկատելիորեն ամրապնդում է իր դիրքերը նույնիսկ այնպիսի հետխորհրդային հանրապետություններում, ինչպիսիք են ՈՒկրաինան, Մոլդովան։ Էլ ինչ ասես Վրաստանի կամ Ադրբեջանի մասին, որոնք պարզապես Անկարայի կալվածքն են։ Եվ եթե Ադրբեջանի դեպքում դա ընկալվում է հավուր պատշաճի՝ շնորհիվ «մենք մի ժողովուրդ ենք, երկու պետություն» ձևակերպման, ապա Վրաստանի նախադեպն ավելի քան զարմանալի է, էլ չասած ՈՒկրաինայի և Մոլդովայի մասին։ Ճիշտ է, թվում էր, թե ՈՒկրաինայի դեպքում պետք է սկսվեր և՛ թուրքերի, և՛ Կիևի սթափեցումը. չէ՞ որ Անկարայի «բաղձալի պտուղը»՝ Ղրիմը, 2014-ին «գնաց» Կիևից և վերադարձավ Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, թուրք նացիոնալիստները, այն էլ «Պուտինի բարեկամ» Էրդողանի գլխավորությամբ, շարունակում են խաղարկել «ղրիմ-թաթարական» խաղաքարտը։
Բայց ևս մեկ անգամ վերադառնանք դիրքերի ամրապնդման հարցին։ Այս տարվա հուլիսին, երբ իրադրությունը Հարավային Կովկասում արդեն որերորդ անգամ դառնում է պայթյունավտանգ (այդ թվում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սահմանային զինված սադրանքների պատճառով, որոնց մեջ նաև ՌԴ ԱԳՆ-ն էր տեսնում «թուրքական հետք», ինչի մասին կիսաթափանցիկ ձևով ակնարկում էր իր գնահատականներում), աշխարհի շատ երկրներով ինչ-որ «հակահայկական ալիք» անցավ։ Թե ինչ էր տեղի ունենում հուլիսի մի քանի օրերին աշխարհի տարբեր քաղաքներում (ոչ միայն Ռուսաստանում), հավանաբար շատ փորձագետներ ու դիտորդներ էլ գիտեն, որ դրանք պարզապես ադրբեջանցիների, թուրքերի, թուրքմենների (Մերձավոր Արևելքի), թուրքամետ և պանթուրքական շրջանակների դժգոհության ինքնաբերական արտահայտություններ չեն այն բանից, որ Ադրբեջանի բանակը պարտություն է կրել Հայաստանի սահմանում։ Ոչ, դրանք, անկասկած, «ինչ-որ վերևից կազմակերպված պանթուրքիստական հարձակումներ էին հայերի վրա։ Բայց նորից հիշեցնենք, որ ողջ Այսրկովկասը գնում է դեպի անդունդի եզրը, և դրա մեղավորն Անկարան է։
Հուլիսին վրացական «Վրաստանն ու աշխարհը» ԶԼՄ-ն զրույց էր կազմակերպել Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գիվի Յուկուրիձեի հետ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հեռանկարների մասին։ Գեներալն իր պատասխաններում բացահայտորեն հոռետես ու տագնապած էր։ Եվ երբ նրան հարցրին, թե կոնկրետ Վրաստանի համար վտանգներ կա՞ն հայ-ադրբեջանական հարաբերություններից սրումից, թե՞ վտանգն արդեն ընդհանուր տարածաշրջանային բնույթ ունի, նա պատասխանեց. «Այս տարածաշրջանի երկրներից ոչ մեկը չունի այն աստիճանի քաղաքական, առավել ևս տնտեսական, անկախություն, որը նրան հնարավորություն կտա ժամանակի ինչ-որ հատվածում մեկուսանալու հարևաններից։ Վրաստանի դեպքում մի քանի սպառնալիքներ կան, որոնք բացառում են այն, որ Հայաստանի և Ադրբեջանի լայնածավալ հակամարտությունը մեզ չի շոշափի։ Առաջինը և ամենագլխավորը. Վրաստանում կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքներ, որոնց հարաբերություններն իրար հետ այնքան էլ լավ չեն, և դա միշտ նկատելի է։ Հեշտ է ենթադրել, որ դրանք զանգվածաբար կմիանան հակամարտությանը, եթե իրադրությունն ավելի սրվի, այդ թվում կմիանան ռազմական գործողություններին, ինչպես եղավ 1991-94 թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Չխոսելով արդեն այն խնդիրների մասին, որոնք կարող են հետևել Վրաստան այդ մարդկանց վերադառնալուց հետո։ Երկրորդ. իրական վտանգ կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի տարածքը կօգտագործեն իրենց մարտավարական և օպերատիվ խնդիրները լուծելու համար։ Մանավանդ որ երկու կողմից էլ մի անգամ արդեն այդպիսի փորձ եղել է, ինչը ժամանակին մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացրել»։
Էլ ավելի մռայլ են նրա կանխատեսումները՝ կապված «հաշիվները պարզելուն» Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր միանալու հետ. «Հայաստանի և Ադրբեջանի թիկունքում կանգնած են երկու հզոր պետություններ՝ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք, իրադրության սրման ու հակամարտության ծավալների ընդլայնման հետ, ամեն ինչ կանեն իրենց դաշնակիցներին օգնելու համար։ Եվ հենց այստեղ էլ ծագում է վտանգը. եթե Թուրքիան, առանց որևէ թույլտվության ու պայմանավորվածության, օգտագործի մեր տարածքը որպես ռազմական բազա և պլացդարմ՝ եղբայրական Ադրբեջանին օգնելու համար։ Ի դեպ, վերջին շրջանում Անկարան հենց այդպես էլ վարվում է՝ բանի տեղ չդնելով միջազգային նորմերը, ուստի ռազմական նպատակներով նրա կողմից Վրաստանի սահմանն անցնելը չի զարմացնի ինձ։ Արդեն չխոսելով այն մասին, որ մյուս կողմից Ռուսաստանը, որը Հայաստանի հետ անմիջական սահմաններ չունի, կարող է այստեղ յուրատեսակ միջանցք բացել և օգնություն ցույց տալ իր դաշնակից երկրին»։
Ըստ էության, գեներալ Յուկուրիձեն անհանգստանում է, որ իրադրության բացասական զարգացումների դեպքում Վրաստանը կարող է օկուպացվել, թեկուզ և ժամանակավորապես, և նա ընդունում է, որ այդ դեպքում Վրաստանն անպաշտպան կլինի ոչ միայն հյուսիսից, այլև հարավ-արևմուտքից՝ Թուրքիայի կողմից։ Նա վրացիներին կոչ է արել ջնջել Արևմուտքի և «միջազգային հանրության» վրա դրվող բոլոր հույսերը. «Իշխանությունը միջազգային հանրության վրա մեծ հույսեր էր դրել նաև 2008 թ. օգոստոսին, բայց սկսվեց պատերազմը, և պարզվեց, որ այդ հույսերի հետևում ոչինչ չկար, բացի արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների անհանգստությունից։ Նույնը կլինի նաև այսօր։ Ավելին, Արևմուտքն արդեն այն աշխարհաքաղաքական իրողությունը չէ, որպիսին էր գոնե 12-15 տարի առաջ»։ Ընդ որում, պետք է պատշաճը հատուցել գեներալին. թեև առանց դատապարտման խոսքերի, բայց նա բացահայտորեն ակնարկեց, որ Բաքվի վարքագիծը Վրաստանի համար ամենամեծ վտանգն է. «Աստված չանի, որ դա (Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը Հայկական ԱԷԿ-ի վրա հնարավոր հարձակման մասին) պատահի, որովհետև Չեռնոբիլը ծաղիկ կթվա Այսրկովկասի, այդ թվում՝ մեզ համար»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ