Միջերկրականում Էրդողանի էքսպանսիոնիստական կամքի, լիբիական կոնֆլիկտի ու Մագրիբի հարավից միգրացիոն սպառնալիքի պատճառով Ֆրանսիային ու Եվրոպային, մայրցամաքի հարավային սահմանները սպառնալից խոցելի են՝ արձանագրում են Թոմաս Մորի ինստիտուտի գիտաշխատողներ Ժան Սիլվեստր Մոնգրենիեն և Անտոնեն Տիսերոնը Le Figaro-ում: Կարևոր է որոշարկել մի քանի հենակետեր ու երկրներ, որ կարող են մասնակցելլ աշխարհաքաղաքական իրավիճակների լուծմանը: Արևելյան Միջերկրականում Հունաստանին ու Կիպրոսին, որոնց սպառնում է թուրքական աշխարհաքաղաքական ռևիզիոնիզմը, ցուցաբերված դիվանագիտական ու ռազմածովային աջակցությունը հաջողված էր: Իտալիայի հետ այս չորս երեկրները Միջերկրածովյան քառանկուն են ձևավորում, որ աջակցություն ունի արաբական մի քանի երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում: Մնում է հուսալ, որ այս նախաձեռնությունը խելքի կբերի Թուրքիայի կառավարությանը: Մյուս կարևոր հարցը Լիբիան է: Երկրում, որտեղ 2011-ից քաոս է, կոնֆլիկտը ստացել է միջազգային բնույթ և երկու հիմնական ճամբարներից յուրաքանչյուրը ունի արտաքին աջակցություն: Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան խաղալ եվրոպացիների տարաձայնությունների վրա, որ խլեն նախաձեռնությունը: Իրականում Թուրքիայի հավակնությունները «Մեծ Միջերկրականում», նրա մրցակցություն-համագործակցությունը Ռուսաստանի հետ կարող են ազդել անգամ Մագրիբի երկրների վրա: Կարևոր է առաջ անցնել այդ երկու տերությունների դիվանագիտական ակտիվությունից՝ նախևառաջ Ալժիրի դեպքում՝ տարածքային հսկայի, որի ղեկավարները 2019-ի փետրվարից բախվել են զանգվածային բողոքների հետ, որոնք հեռու են ավարտված լինելուց: Հաշվի առնելով մշտապես ոչ հեշտ ֆրանս-ալժիրյան հարաբերությունները, մեծ ուշադրության են արժանի Մագրիբի մյուս երկրները: Մասնավորապես՝ Թունիսը, որ ենթակա է Լիբիայում պատերազմի, իշխանության համար պայքարի, կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքների վտանգներին, նշանակալից ֆինանսական աջակցություն է ստանում ԵՄ-ից ու ԱՄՀ-ից, սակայն մնում է թույլ ու խոցելի երկիր:
Ալժիրը արևմուտքում սահմանակցում է Մարոկոյին, որ առավել կայուն է: Թեպետ «Ռիֆ» շարժման դժգոհությունը ի հայտ բերեց տարածքային ավելի մեծ հավասարակշռության անհրաժեշտություն, թագավորությունը մնում է կայունության բևեռ: Մագրիբի հարավում Ֆրանսիան ու Եվրոպան բախվել են սպառնալիքների, թեկուզ աշխարհագրորեն հեռավոր, բայց Միջերկրական ծովի ու եվրոպական սահմանների վրա հետևանքներ ունեցող, հատկապես միգրացիայի տեսակետից:
Տեսանելի ապագայում ռազմական հեղաշրջումը Մալիում, լարվածությունը խունտայի ու բողոքի շարժման միջև, ЭКОВАС-ի (արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միություն) արձագանքը կանխատեսում են անորոշություն, որ մեծացնում է դժվարությունները այդ տարածաշրջանում ջիհադիստական խմբավորումների դեմ պայքարում: Ալ Կայիդայի ու ԻՊ-ի տեղական մասնաճյուղերի դեմ պատերազմում ներգրավված «Բարխան» գործողության ուժերը և ֆրանսիական դիվանագիտությունը որոշ չափով հայտնվել են նրանց թիկունքում: Խոսքը երկարաժամկետ միջոցառումների մասին է՝ անորոշ ժամկետներով: Ֆրանսիան դուրս է եկել պատերազմի առաջնագիծ՝ չհետևելով Կլաուզևիցի եռյակի տրամաբանությանը (Կառլ Կլաուզևիցը պատերազմը ներկայացնում էր իբրև բռնության, պատահականության և կարգավորվածության գործոնների եռամիասնության դինամիկա): Փաստացի՝ խոսքը քաոսի կանխման մասին է, որի տարածումից պետք է խուսափել:
Ժան Սիլվեստր Մոնգրենիե, Սնտոնեն Տիսերոն, Le Figaro
Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու օր առաջ Անկարայում հայտարարել է, որ «Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերը Միջերկրական ծովում անարդար են, Թուրքիային փորձում են սահմանափակել»: Էրդողանը մի շարք երկրների կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի ռեսուրսների «յուրացումն» անվանել է «ժամանակակից գաղութատիրության» օրինակ: «780000 քառակուսի կիլոմետր տարածքով Թուրքիային Միջերկրական ծովում փորձում են սեղմել 10 քառակուսի կմ տարածքում` լայն ծովային գոտին բռնագրավելու միջոցով: Մի՞թե սա անարդարություն և ապօրինություն չէ»,-հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով` «Անկարան Միջերկրական ծովի արևելքում և Էգեյան ծովում պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում»: «Անկարան հոգնել է տարածաշրջանում կուլիսների հետևում տարվող խաղերից: Թուրքիայի պես տարածաշրջանային և համաշխարհային խաղացողին որպես ընդդիմադիր ներկայացնել մի պետության (նկատի ունի Հունաստանին), որն ունակ չէ անգամ սեփական զարգացման մեջ ներդրում ունենալ, ծիծաղելի է: Անկարայի հակառակորդներին չի հաջողվելու կանգնեցնել Թուրքիայի աճը»,-հայտարարել է Էրդողանը: Փաստացի՝ Էրդողանը արդար և օրինական է համարում այլ երկրների ջրային տարածքներ ներխուժելը, իսկ Եվրոպան շարունակում է ինքնահիանալ իր օրենքների գերակայությամբ ու ժողովրդավարությամբ: Անանունության պայմանով՝ Բրյուսելի դիվանագետները տեղեկացրել են, որ նույնիսկ պատրաստ են Անկարային հերթական ֆինանսական ներարկումն անել՝ միայն թե հեռանա Միջերկրականից: Ե՞րբ է ԵՄ-ն հասկանալու, որ Էրդողանի շանտաժը վերջ չունի ու նրան կերակրելով՝ ոչ թե հագեցնում, այլ ախորժակն են մեծացնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ