Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չինաստանը դիմադրում է Եվրոպայի մեղադրանքներին

Չինաստանը դիմադրում է Եվրոպայի մեղադրանքներին
20.04.2020 | 09:47

Ապրիլի 17-ին Չինաստանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությանը չինական իշխանությունների՝ սանիտարական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Financial Times-ին հարցազրույցում Մակրոնն ասել էր. «Չինաստանում, ակնհայտորեն, իրադարձություններ են եղել, որոնց մասին մենք չգիտենք»:

Տրանսպարենտության բացակայության մեջ Պեկինին մեղադրել են նաև Վաշինգտոնն ու Լոնդոնը: Le Monde-ը հունվարին դեռ գրել էր, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԱՀԿ-ի վրա՝ միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակն ավելի ուշ հայտարարելու համար: «Պանդեմիային հաղթելու և կորոնավիրուսի դեմ պատերազմում հաղթելու համար երկրները պետք է գործեն միասնական»՝ մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Նա վերափոխել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը կարանտին հայտարարելու ժամանակ՝ «Սա պատերազմ է»: Չինաստանի ԱԳՆ-ն նաև անօգուտ է համարել ճգնաժամի կառավարման մեջ քաղաքական համակարգերի թերությունների ու առավելությունների մասին բանավեճը: Դա պատասխան է Մակրոնի խոսքին, որ ժողովրդավարություններն ավելի արդյունավետ են սանիտարական ճգնաժամերի ղեկավարման մեջ: «Ժողովրդավարական երկրներում, որտեղ ԶԼՄ-ների և արտահայտվելու իրավունքը երաշխավորված է օրենքով, ճգնաժամի կառավարումը թափանցիկ էր և բազմակողմանի քննարկման թեմա էր՝ ի տարբերություն վարչակարգերի, որտեղ տեղեկատվության միջոցները և արտահայտվելու ազատությունը իշխանությունների վերահսկողության տակ են,- ասել է Ֆրանսիայի նախագահը:-Սխալ է պնդումը, որ ժողովրդավարական երկրները ճգնաժամը վատ են կառավարում, որովհետև թափանցիկությունն ու տեղեկատվության տարածման ազատությունը, հակառակը, էական ազդակ են, եթե դուք ուզում եք արդյունավետ լինել»:


Չժաո Լիցզյանը մերժել է իշխանության՝ COVID-19-ից մահացության վիճակագրությունը թաքցնելու մեղադրանքը, որ հնչել է ապրիլի 17-ին Ուհանում մահացության նոր տվյալների հրապարակումից հետո: Նորացված վիճակագրությամբ՝ քաղաքում կորոնավարակով վարակվածության պատճառով մահացել է 50% ավելի շատ մարդ, քան հայտարարվել է: «Տվալները չեն թաքցվել և մենք թույլ չենք տա տվյալները լռության մատնել»՝ հայտարարել է նա՝ ընդունելով, որ վիճակագրական հաղորդումների մեջ եղել են «ուշացումներմ բացթողումներ և անճշտություններ»: «Չինաստանի պատասխանը սանիտարական սպառնալիքին անթերի էր»՝ եզրափակել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը: Ուհանի քաղաքային իշխանությունները սոցիալական ցանցերում տարածել են տեղեկություն, որ մահացության նոր վիճակագրություն կա՝ հետայսու պաշտոնական վիճակագրությունը նշում է 3869 մահացածների մասին: Չինաստանի իշխանությունները տարբերությունը բացատրել են նրանով, որ շատերը չեն կարողացել հիվանդության տարածման պիկի ժամանակ հիվանդանոցում տեղ գտնել և մահացել են տանը:
RFI


Հ.Գ. Փաստացի՝ Չինաստանի իշխանությունները հաստատել են Մակրոնի ասածը. «Չինաստանում, ակնհայտորեն, իրադարձություններ են եղել, որոնց մասին մենք չգիտենք», կողմնակի էլ, որ չեն կարողացել ճգնաժամը կառավարել: Միանշանակ Չինաստանը երկար ժամանակ սեփական երկրում թաքցնում էր կորոնավարակի համաճարակը, ոստիկանները բժիշկներին կալանավորում էին սոցիալական ցանցերում «տագնապ տարածելու» մեղադրանքով: Չափազանց ուշ չինական վիթխարի մեքենան տեղից շարժվեց՝ մի քանի օրում մի քանի հիվանդանոց կառուցելու, Ուհանում և հարակից շրջաններում կարանտին հայտարարելու մասով: Չի բացառվում նաև, որ իսկապես Չինաստանը ճնշում է գործադրել ԱՀԿ-ի վրա COVID-19-ը պանդեմիա հայտարարելու ժամկետի հարցում: Իսկ դա պատճառ դարձավ, որ պանդեմիան տարածվի Եվրոպայում ու ԱՄՆ-ում, որտեղ սպասում էին ԱՀԿ-ի գնահատականներին ու ցուցումներին ու անտեսում էին իրենց երկրներում հիվանդության առաջին դեպքերը: ԱՀԿ-ի ղեկավարությունը նույնքան պատասխանատու է պանդեմիայի տարածման ու հազարավոր մահերի համար, որքան Չինաստանը, որ չկարողացավ վարակը մեկուսացնել: Բայց այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն և պաշտոնանկություններ լինեն կորոնավարակի ավարտից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ