38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ազգի ակունքները գյուղերում են պահպանվում

Ազգի ակունքները գյուղերում են պահպանվում
16.07.2019 | 02:07

Գյուղի տարեցները արդեն համակերպվել են այն մտքին, որ ավելի լավ է ջահելներն առանձին ապրեն, միայն թե չլքեն գյուղը:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մասին կարող ես կարծիք կազմել գյուղամիջում առաջին պատահած բնակչի տան դուռը շեմելով ու նրա հետ զրուցելով: Այդ ընթացքում նա կհանգստանա օրվա աշխատանքից, իսկ դու գյուղի մասին կիմանաս ավելին, քան տեղեկացնում է Վիքիպեդիան: Տիկին Ալլայի գեղեցիկ այգում մի խումբ կանանց հետ զրուցում եմ իրենց առօրյայի մասին: Ամենուրեք հոգատար ու բնություն սիրող կնոջ ստեղծարար ձեռքերի արդյունքը նկատելի է: Այգու վարդաշատ, գեղեցիկ ձևավորված անկյունն ու խնամված մրգատու ծառերը հանգստի երանելի անկյուն են ցանկացած քաղաքաբնակի համար: Անգամ շրջակայքում արևի տակ չորացող գոմաղբի բուրգերը չեն ստվերում զով ու գեղեցիկ այգու տեսքը:


Տիկին Ալլայի հարևան կանանց՝ Ջուլիետայի, կենսախինդ Սիլվայի, Անժելայի ու տանտիրուհու դստեր՝ Ռայիսայի հետ զրույցը ձգվեց գյուղական սննդարար ուտելիքներով առատ սեղանի շուրջը: Խոսակցությունն ակամա ընդլայնվեց հարս-սկեսուր հարաբերությունների շուրջ: Կանանց մեջ կային և սկեսուրներ, և զոքանչ: Մասնագիտությամբ ինժեներ, երևանցի Սիլվան համեմատաբար երիտասարդ սկեսուր է և զոքանչ: Ի դեպ, մասնագիտությամբ շինարար նրա ամուսինը՝ Ֆրունզիկ Գրիգորյանը, համախմբում է գյուղի տղամարդկանց շինարարության վրա աշխատելու համար, որպեսզի վերջիններս չմեկնեն արտագնա աշխատանքի, չհեռանան գյուղից: Սիլվայի համոզմամբ գյուղի հարսները քաղաքի հարսների նման ցանկանում են ապրել առանձին, ու նա լիովին համամիտ է նրանց: Սակայն տիկին Ջուլիետան, վկայակոչելով նախկին սկեսուրներին, գերադասում է գերդաստանով՝ զավակներով, թոռներով սեղան նստելու տարբերակը, թեև այսօր բոլորն են համակերպվել ջահելների որոշումների հետ, թող ապրեն առանձին, բայց գյուղից չհեռանան, տարեցների գործն էլ թող նրանց օգնելը լինի:
Հարցիս, թե ինչի են պետք այդ քանակությամբ գոմաղբի կույտերը, երեք փեսայի զոքանչ տիկին Ալլան պատասխանում է. «Սոլակում հոկտեմբերից մայիս ցուրտ է: Թեև գյուղը գազիֆիկացված է, սակայն աթարն ավելի ձեռնտու է, տները մեծ են, լիարժեք չեն ջեռուցվում, գազը թանկ է, դրա համար բնակիչները գերադասում են որպես վառելիք օգտագործել աթարը»: Տիկին Ալլայի երեք աղջիկներն ամուսնացած են, նա ապրում է միայնակ, զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ, ընտիր պանիր է պատրաստում, որի համար «կլիենտները» նախապես հերթագրվում են: Գյուղական կյանքից գոհ է, միակ խնդիրը ոռոգման ջրի ոչ լիարժեք մատակարարումն է, թաղամասի աշխարհագրական բարձր դիրքով պայմանավորված ջրի հոսքը դեպի այդ թաղամաս երբեմն նվազում է: Խորհրդային տարիների կյանքը սիրով է հիշում, մարդն իր սեփական պատմությունը կմոռանա՞, լավը ո՞նց մոռանաս: Ծառ ու ծաղկի հանդեպ մեծ սեր ունի, կենցաղային հին իրերը նետելու փոխարեն դրանցով ձևավորում է այգու անկյունները, հին կշռաթաթով կշեռքը վերածել է ծաղկամանի, նման տունը հյուրերի ու հարազատների սիրված հավաքատեղին է: «Երբ իրիկունը պառկում եմ, մտածում եմ, թե երբ պիտի լուսանա, որ անցնեմ իմ գործին, թեկուզ փնթի, կեղտոտ գործ ա աթար թխելը, բայց սիրով եմ անում: Եթե մարդը ձգտում ա, ամեն ինչի հասնում ա: Շատերը սիրում են քնել, չեն ուզում աշխատել, բայց ես առավոտից հողի մեջ եմ, հողից ուժ եմ ստանում, բա ո՞նց»:


Տիկին Ջուլիետայի խոսքով գյուղի կնոջ կյանքը շատ է փոխվել: Նախկինում թոնրի լավաշի հոտը տարածվում էր ողջ գյուղով, այսօր էլեկտրական ջեռոցում են թխում, բայց էն համն ու բույրը չունի: Հարսների գործն էլ հեշտացավ, լվացքի մեքենան իրենց փոխարեն աշխատում է, երեխայի տակաշորերին փոխարինում է պամպերսը: «Բա քո երեխու տակաշորը ձեռքով չտրորե ՞ս, որ իմանաս լվացվեց, քաղաքի կանայք դայակ են վարձում երեխային խնամելու համար, բա երեխուդ հոտն ու բույրը ե ՞րբ ես զգալու, բա ո ՞նց կլինի էդպես, դրա համար էլ վռազում են առանձին ապրել: Բայց դե հիմիկվա սկեսուրները համակերպվել են, լռում են: Առաջ, որ հարսանիք էիր գնում, մի ձեռք շոր էիր առնում, հագնում գնում էիր, հիմա ամեն հարսանիքին նոր շոր են առնում, դեռ վարսավիրանոցն ու մանիկյուր-պիդիկյուրն էլ պարտադիր ա, հեչ էլ, թե տան բյուջեն չի տուժում: Բայց իմ հարսից, իրոք, գոհ եմ, ինձ ամեն գործում օգնում ա: Իմն էն ա, որ անասուններին խնամում եմ, կաթնամթերքը տանից չի կտրվում, հրեն, թոռս բանակից արձակուրդ ա եկել, գառը մորթեցինք, հավաքվեցինք բարեկամ-հարազատներով, մի լավ ուրախացանք: Կյանքից գոհ ենք, աշխատում ենք, ստեղծում, ապրում ենք, երկրից էլ գոհ եմ, ով աշխատի, կապրի»:
Հինգ զավակների մայր տիկին Անժելան լուսաբացը դիմավորում է հողամասում, հետո անցնում գոմ, զբաղվում անասունների խնամքով: Նրա համոզմամբ` Սոլակի բերրի հողերը կայուն ոռոգման արդյունքում ավելի շատ բերք կտան, իսկ Սոլակի ոսպի ու հաճարի համբավը հայտնի է ողջ հանրապետությունում, բանջարեղենի ու մրգի բերքից էլ չեն դժգոհում: Գյուղում սկսել են մշակել նուշ, պնդուկ, սերկևիլ:


Նոր մշակաբույսերի մշակման հարցում գյուղի կանանց օգնում է տիկին Ալլայի դուստրը՝ Սոլակի «Կայուն երկրագործության աջակցության կենտրոնի» համակարգող Ռայիսա Խաչատրյանը: Նրա համոզմամբ` իր ընտանիքը նման է մեղվաընտանիքի, քանի որ սկեսրայրը, սկեսուրը, ամուսինն ու երկու որդիները տնամերձում վաթսուն մարդու աշխատանք են կատարում: Գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող ցանկացած նորություն Ռայիսան փոխանցում է գյուղի կանանց: Շատերն արդեն հրաժարվել են թունաքիմիկատներից ու ազոտական պարարտանյութերից և սովորել են հողը մշակել կենսահումուսով: Իրենց տնամերձերում պատրաստած բիոհումուսի կույտերով պարարտացնում են պտուղ-բանջարեղենը: Զրույցի ընթացքում կանայք ասացին, որ արդյունքը առողջ, համեղ ու առատ բերքն է, ու այսօր շատ տնտեսություններ հողը պարարտացնում են կենսահումուսով:


-Մեր հանրապետությունում շատ են դեգրադացված հողերը: Սակայն մեր գյուղում անգամ մեկ թիզ անմշակ հող չկա: Սոլակ համայնքը ողջ հանրապետությունում հայտնի է իր հատիկաընդեղենի արտադրությամբ: Կլոր մանրահատիկ կարմիր ոսպի մշակումը մեր գյուղում սկսվել է 1954 թվականից: Ես զբաղվում եմ չրեղենի արտադրությամբ, հացահատիկի և հատիկաընդեղենի մշակմամբ, որոնց որակական բարձր հատկանիշների շնորհիվ գնորդների ու պատվիրատուների թիվն օրեցօր ավելանում է:
Ռայիսայի կարծիքով` գյուղի բնակիչը դժգոհելու իրավունք չունի, գյուղում անգամ մեկ աղքատ մարդ չպետք է լինի, ավելին, նույնիսկ կիսաաղքատ չպետք է լինի: Քաղաքի բնակիչը մեկ օր չաշխատելու դեպքում կմնա քաղցած, սակայն գյուղացին այնքան ամբարված ապրանք պետք է ունենա, որ մի բան էլ քաղաքացուն օգնի:
Սոլակում դեմ են համայնքների խոշորացմանը
Կոտայքի մարզում աշնանը կսկսվի համայնքների խոշորացման գործընթացի հերթական փուլը, սակայն «Իրատես»-ի հետ զրույցում Սոլակի համայնքապետ Էդգար Խաչատրյանը նշեց, որ առանձնապես ոգևորված չեն այդ գաղափարով, քանի որ Սոլակում գրեթե չլուծված խնդիր չկա, իսկ ընթացիկ հարցերը լուծվում են: «Մենք կայացած գյուղ ենք, խոշորացումը նպատակահարմար է փոքր գյուղերին, մեր բնակիչները նույնպես դեմ են»,- ասում է համայնքապետը:


2480 բնակիչ ունեցող համայնքը ինձ հանդիպած հազվագյուտ գյուղերից է, որտեղ բնության շռայլությունը լրացվում է խելամիտ գործերով: Սոլակը հիրավի կարելի է համարել քաղաքատիպ ավան, ասվածի վկայությունը ասֆալտապատ, մաքուր ու լուսավոր փողոցներն են բնակիչների համար տեղադրված հարմարավետ կանգառներով, մանկապարտեզի, դպրոցի, գյուղապետարանի, փոստատան ու մշակույթի տան բարեկարգ շենքերով: 1974 թվականից շահագործվող, սակայն նորովի վերանորոգված ու ընդարձակ մշակույթի տունը համայնքի մեծ ու փոքրի հավաքատեղին է, այստեղ գործում են պարի, նկարչության, ասմունքի, կարատեի, դհոլի խմբակներ, որտեղ հաճախում է 105 երեխա: Մշակույթի տան տնօրեն Սամվել Ստեփանյանը հպարտությամբ ներկայացրեց հարուստ գրադարանն ու ընթերցասրահը, պարային հագուստների հավաքածուն, պատմեց պարային համույթի շրջագայությունների մասին: Անդրադառնալով հանդիսությունների սրահի ու դահլիճի պայմաններին, տնօրենն ասաց, որ դահլիճի համար ցանկանում են խորհրդային տարիներից ժառանգած բարձրախոսը փոխարինել ժամանակակից ու որակյալ սարքավորումներով, քանի որ երբեմն հարևան Քաղսի համայնքը նույնպես իր միջոցառումներն անցկացնում է մշակույթի տան դահլիճում: Ֆինանսական մեծ միջոցներ պահանջող այս, ինչպես նաև համակարգիչների ձեռքբերման, շենքի ջեռուցման ու դռներ-պատուհանները նորով փոխարինելու համար հարկավոր է բարերար, քանի որ համայնքի բյուջեն (60 միլիոն դրամ) բավարարում է միայն ընթացիկ խնդիրների լուծման համար, որոնցից է համայնքի փողոցների լիարժեք ասֆալտապատումը, մասնավորապես գյուղամիջյան 1 կմ ձգվող ճանապարհը Երևան-Սևան մայրուղուն միացնելու համար: Խնդիր է դրված ավարտին հասցնել նաև համայնքը ոռոգման ջրով ապահովելու հարցը, որն ըստ համայնքապետի մինչ այսօր լուծված է 80-90 %-ով:
Սոլակի պատմամշակութային հարուստ ժառանգությունը գյուղի 7-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցին է, որի վրա կա 1224 թ. արձանագրություն, շուրջը՝ 13-19-րդ դարերի խաչքարերով գերեզմանոցներն ու իհարկե, միջնադարյան հռչակավոր Մայրավանքը։
-Գյուղում զբոսաշրջության զարգացման համար նպաստավոր պայմաններ կան: Նախ հարկավոր է ճանապարհը դարձնել հարմարավետ, ծրագրել ենք գյուղի մանկապարտեզի հին շենքը վերածել հյուրատան: Մի քանի տնտեսություններ պատրաստ են իրենց տները զբոսաշրջիկներին հատկացնելու որպես կացարան, դե, գյուղական համեղ, էկոլոգիապես մաքուր սնունդն էլ անպակաս է, -ասում է Էդգար Խաչատրյանը` այս ծրագրի իրականացման համար դարձյալ կարևորելով բարերարի առկայությունը:


Մինչ պատկան մարմինները համայնքային զարգացման ծրագրերի համար ելք են փնտրում, Սոլակի կյանքով մտահոգ ու գյուղից հեռանալ չցանկացող երիտասարդները գործի են անցել: Սիմոն Գալստյանն ու Ժորա Խաչատրյանը, որոնք ստեղծել են «SOLAK» ՍՊԸ-ն, որոշել են համայնքն ապահովել որակյալ ինտերնետ կապով:
-Նախկինում գյուղին տրամադրել եմ ռադիոկապ, բայց մի օր ես ու Ժորան որոշեցինք բնակիչներին ապահովել օպտիկա-մանրաթելային կապով: Ձեռք բերեցինք հեռահաղորդակցության տեղակայման թույլտվություն, այնուհետև «Հրազդան» էլեկտրացանցի համաձայնությունն ու անցանք գործի: Բնակիչներն ապահովված կլինեն ոչ միայն որակյալ ինտերնետով, այլև կավելանա հեռուստաալիքների քանակը: Մեր գործի համար վարկ ենք վերցրել, համոզված, որ ժամանակի ընթացքում մեր կատարած ծախսերը կփոխհատուցվեն: Աշխատում ենք այնպես գործել, որ եթե անգամ գյուղում երկրորդ օպերատորը հայտնվի, կարողանանք նրա հետ ապահովել մրցակցություն,-ասում է Սիմոն Գալստյանը:


Երիտասարդները բազմաթիվ ծրագրեր ունեն հարազատ գյուղի հետ կապված, ձգտում են այն գրավիչ դարձնել ոչ միայն գյուղում ապրող բնակիչների ու զբոսաշրջիկների, այլև երկրում ու երկրից դուրս ապրող սոլակցիների համար, ովքեր, լսելով Սոլակի հաջողությունների մասին, կշտապեն այդ ամենը տեսնել սեփական աչքերով ու նաև աջակցել շնորհալի երիտասարդների հետագա ծրագրերի իրականացմանը: Իսկ որ Հայաստանի բոլոր գյուղերը նման երիտասարդների կարիք ունեն, կասկածից վեր է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ