«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խնջույք՝ մահապատժից առաջ

Խնջույք՝ մահապատժից առաջ
03.11.2015 | 00:15

Հայտնի է, որ արևելյան իշխանները մահապատժից առաջ գուրգուրում էին դատապարտյալին, ընտիր հանդերձներ էին հագցնում, պատվում էին համադամ խորտիկներով ու գինով և գլխատում էին արևածագից առաջ։ Այդ ավանդույթը հասավ Եվրոպա, հանգրվանեց Ամերիկայում, սակայն Հայաստանում այդպես էլ տեղ չգտավ։

Հայաստանում խնջույք է ամեն օր, խնջույք է ամենուր, խնջույք է, խրախճանք է, քրքիջ է և երբեմն էլ (հազա՜ր ներողություն), խրխինջ է։ Լավ է։ Երկիրը նման է այն մահացու հիվանդին, ով դեղահաբեր կուլ տալու և արևի լոգանք ընդունելու փոխարեն թմրանյութ և ոգելից խմիչք է օգտագործում։ Հատկապես քաղաքատնտեսական հայոց վերնախավն է տարված խնջույքներով։ Սա միանգամայն բնական երևույթ է, զի եթե մարդը ողջ օրը տառապում է վասն ազգի և ի պետս երկրի, բնականաբար իրավունք ունի լիարժեք լիցքաթափվելու հարսանիքներում, կնունք-ծնունդներում, երբեմն էլ ուղղակի շարքային-անառիթ կերուխումներում։
Բայց քանի որ մեր հանրապետությունում մարդն է ամեն բանի կենտրոնում, նրան պետք է «շան տեղ դնել»։ Տեսեք, վերջերս հերթական շքեղաշուք արված հարսանիքն էր Հրազդանի կիրճում՝ Զանգու գետի ձախ ափին, ուր արտաքուստ անհրապույր, ներքուստ, սակայն, պերճ ու շքեղ «Ֆլորենս» ռեստորանն է։ Ի դեպ, «Ֆլորենսը» նախկին քաղաքապետ և դրայվի մեծ սիրահար Կարեն Կարապետյանի սեփականությունն է։ Այս հարսանիքը վերնադասային էր, զի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը ամուսնացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հետ։ Բարի թագ ու պսակ, մի բարձի ծերանան և առողջ զավակներով շենացնեն երկիր հայրենին։ Հարսանեկան խնջույքն իրենց ներկայությամբ շենացրին փեսայի մորեղբայր, հավերժ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, բնականաբար՝ արգո Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ-ից և քաղաքապետարանից բազմաթիվ մեծարգոներ և այլք։ Բնականաբար նման հարսանեկան արարողությանը պիտի մասնակցի (հեռակա կարգով) նաև հայ հանրությունը։ Այսինքն, ունկնդիրը լինի նախ երկիրն ու երկինքը փառաբանող համերգին, վերջում էլ նույն երկինքը և նույն երկիրը տակնուվրա անող հրավառության։ Վստահեցնում եմ՝ շքե՜ղ հրավառություն էր, այն տեսանելի էր անգամ Արա լեռան լանջերից, Գետառի խորքերից և, վերջապես, Եղեռնի հուշահամալիրից։

Հարսանեկան այս փառահեղ խնջույքից, այնուամենայնիվ, խիստ դժգոհեցին Կիևյան և Հալաբյան փողոցների բնակիչները։ Նրանք պնդում են, որ ֆլորենսյան հրավառության դղրդոցից իրենց շենքերը տատանվում էին, ինչպես երկրաշարժի ժամանակ, մի քանիսը սրտի տագնապով տեղափոխվեցին հիվանդանոց, երկու կատու վիժեցին, և հանկարծամահ եղավ երեք առնետ։ Լուծո՞ւմը։ Խնդրեմ, վաղօրոք պետք է տեղեկացնել ռեստորանամերձ բնակչությանը, որ ահա այս ժամից այսինչ ժամը համերգի պատրաստվեն ոչ պակաս հանդիսավոր, քան խնջույքի անմիջական մասնակիցները (այսինքն` լոգանք ընդունեն, զուգվեն-զարդարվեն) և վիրտուալ հարթությունում մասնակցեն խնջույքին։
Թե չէ մարդիկ, բանին անտեղյակ, հանկարծահաս աղմուկից դիվադադար են լինում և անիծում խնջույքի մասնակիցների յոթ պորտը։ ՈՒրեմն թող այսպես լինի, թող բնակչությունը վաղօրոք տեղեկացվի երեկոյան, կեսգիշերին և վաղ լուսաբացին ընթացող խնջույքների մասին։ Թե չէ անհամ բան է ստացվում, ժողովուրդը հանդա՜րտ մակաղված սերիալ է դիտում կամ ցիտում է երկրի ղեկավարների իմաստուն մտքերը, ու առ հա՛, թվում է՝ տանիքը փուլ եկավ գլխիդ, իրարահան է լինում շենքը, «շողուլից» ընկնում է բնակարանիդ կահույքը, համրանում է տանդ թութակը, գահավիժեց տանիքիդ ալեհավաքը։ Մի խոսքով, զահլա չտանեմ, խնջույքային «մահապատիժներից» առաջ անհրաժեշտ է մանրամասն իրազեկել շրջակա տարածքների հարյուրավոր բնակիչներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Ինձ շարունակ թվում է, թե իշխանությունները շփոթել են պատճառն ու հետևանքը, մարդկանց տարին բոլոր քնահարամ են անում և սպասում, որ նրանք սրտատրոփ և ժպտադեմ պետք է վազեն ընտրատեղամասեր և քվեարկեն հանուն «այո»-ի։ Ի դեպ, ինչո՞ւ է մարաղ մտել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, հարգարժան տիար Երիցյան, արգո գեներալ, անբնական բարձր աղմուկն ու դղրդոցն արտակարգ իրավիճակներ են, և, ահավասիկ, առաջարկում եմ Ձեզ, մութն ընկնելուն պես բարձրանալ Երևանի ամենաբարձր կետը (հուշում եմ՝ դա հեռուստաաշտարակն է), այնտեղից հետևել հրավառություններին, չափել դրանց առաջացրած աղմուկի աստիճանը և խախտման դեպքում անմիջապես իրազեկել ՀՀ ոստիկանությանը։ Ձեր մասնագիտական տաղանդի հանդեպ զարմանալի հարգանք ունեմ այն դեպքերից հետո, երբ ինքնասպանության պատրաստ մոլորյալներին, ովքեր կյանքին վերջ տալու հրապարակային այս ձևն էին ընտրում, այսինքն` փորձում էին որևէ կամրջից ցած նետվել, ուղղակի որսում էիք օդում։ Իսկ մեզ էլ մի բան է մնում՝ իրազեկել սեփական ժողովրդին դիվային աղմուկ-աղաղակով շարունակ ահաբեկող և ստորացնող ՀՀ վերնադասին. Դուք և Ձեր խիղճը, պարոնայք «հրավառվող» իշխանավորներ, մեր «ոչ»-ը ձեզ՝ ձեր բոլոր գործերում։

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ