«Սահմանադրության նախագծով ընդդիմության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են»՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տարիներ շարունակ ընդդիմությունը պահանջել է Հայաստանում անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ մենք գիտենք, որ բազում ընդդիմադիր կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում նշել են խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը մեկ կենտրնից չկառավարվի»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու շարունակեց. «Նրանցից շատերը խոսում էին, որ 41 մեծամասնական տեղերը իշխանությանն են պատկանում և հնարավոր չէ, որ ընդդիմադիր թեկնածուներն ընտրվեն: Այսօր մենք լսել ենք մեր ընդդիմության առաջարկը, և Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ միայն համամասնական ընտրակարգ է լինելու»,- առանձնացրեց Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն՝ կարևոր օրենքները՝ դրանք կլինեն ընտրական օրենսգրքում փոփոխությունները, ԱԺ կանոնակարգում փոփոխությունները, դատական օրենսգրքի փոփոխություններ և նմանատիպ այլ կարևոր օրենքներում առանց ընդդիմության մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չէ ընդունել: Մեր ընդդիմադիր գործընկերներն այլևս չեն կարողանալու ասել, որ մեծամասնությունը բերում և անցկացնում է իր ուզած օրենքները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: Շարմազանովի խոսքով` առանց քաղաքական փոքրամասնության, ընդդիմության առաջարկների, առանց նրանց գործուն մասնակցության հնարավոր չէ Ազգային ժողովում անցկացնել կարևոր օրենքներ: ԱԺ փոխնախագահը կարևոր է համարում, որ առաջարկվող Սահմանադրությամբ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը առաջադրվելու է ընդդիմության կողմից: «Սա էլ շատ կարևոր դրույթ է, որպեսզի ընդդիմադիրները ևս լինեն կառավարման համակարգում»,- նշեց նա: