Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը

Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը
15.06.2015 | 16:00

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, գիտնականներ, դասախոսներ, պաշտոնյաներ: Հանրագիտարանը պարունակում է համապարփակ տեղեկություններ ՀՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական գիտությունների, հարակից տնտեսության ճյուղերի և բնագավառների վերաբերյալ, տեղեկությունների ոլորտում էական ներդրում ունեցած հայ գիտնականների, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում գյուղատնտեսության ասպարեզում աչքի ընկած, պետական պարգևների արժանացած անձանց մասին: Լուսաբանված են գյուղատնտեսության ոլորտի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ հանրագիտարանի ստեղծմանը նախորդել է շուրջ երկու տարվա հսկայածավալ և գնահատելի աշխատանք և շնորհակալություն է հայտնել հանրագիտարանի ստեղծման գործում իրենց ավանդը ներդրած անձանց և կազմակերպություններին: «Հաշվի առնելով, որ գյուղա¬տնտե¬սությունը մեր երկրում համարվում է տնտեսության գերակա ոլորտ` մենք առանձնակի կարևորում ենք նաև հայ գյուղացու և գյուղատնտեսության ոլորտի աշխատողների իմացության մակարդակի բարձրացումը, որին, հուսով ենք, մեծապես կնպաստի հրատարակված հանրագիտարանը», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսական հանրագիտարանը` որպես թեմատիկ հանրագիտարան առաջինը լինելով, ամբողջացնում է նաև Հայաստանի գյուղատնտեսության անցյալի ու ներկայի պատմությունը, ուստի այն գյուղի աշխատավորից, գյուղատնտեսության տնտեսավարողներից բացի, կարող է օգտակար լինել նաև մասնագետների լայն շրջանակների և ուսանողների համար: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին, կարևորելով նման նախաձեռնությունը, նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեր երկրի ամենաակտիվ գործող գերատեսչությունն է, որն աչքի է ընկնում գյուղատնտեսության ոլորտին նվիրված բազմաթիվ միջոցառումների հաճախակի կազմակերպմամբ, և այսօրվա նախաձենությունն այդ ակտիվության դրսևորումներից մեկն է: Նա նաև հավելել է, որ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունի տարիների վաղեմություն, և նախարարության ներկայացուցիչները մշտապես պատրաստակամություն են հայտնել կիրառել ԳԱԱ աշխատակիցների գիտական նորույթները` ի նպաստ ոլորտի զարգացման: Միջոցառման ավարտին հանրագիտարանի մշակման և հրատարակման գործում արդյունավետ և արգասաբեր աշխատանքներ իրականացնելու համար Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Տիգրան Մեծ հրատարակչության» և նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով:

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ