ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
15.05.2015 | 00:38

Մեծարգո պարոն նախագահ
Անցումային շրջանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով հայ ընտանիքը սկսեց թուլանալ` ամուսնությունների թիվը երկրում շեշտակի անկում ապրեց, ամուսնալուծությունները կրկնակի ավելացան, ծնելության մակարդակը նվազեց: Դրա վառ ապացույցը նշված գործոնները փաստող` վերջին տասը տարիների վիճակագրական տվյալներն են:
Հայ ընտանիքի կարգավիճակն ամրապնդելու նպատակով 2011 թ. մայիսի 11-ին ՀՀ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պետական տոնացույցում տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, մայիսի 15-ը «Ընտանիքի օր սահմանելու և ամեն տարի այն որպես տոն նշելու» մեր կազմակերպության առաջարկը:
Տոնի ընդունումից հետո, անցած չորս տարում, մեր կառույցն իր հնարավորությունների սահմաններում իրականացրել է ընտանիքների ամրապնդման և պաշտպանության ծրագրեր, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դրանք լիարժեք բնույթ չեն կրել: Դրանցից մեկը «Ընտանիք» ծրագիրն է, որի շրջանակներում այսօր ընդգրկվել են ավելի քան 550 շահառու ընտանիքներ. վերջիններիս թիվը օրեցօր ավելանում է: Նշված ծրագրի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ընտանիք-հասարակություն-պետություն կապի ամրապնդման ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը մեր կազմակերպությանը շնորհել է պատվոգիր:
Մեծարգո նախագահ, նկատի ունենալով սոցիալական վատ պայմաններում գտնվող ընտանիքների նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգածությունը, Ընտանիքի տոնի նախօրեին առաջարկում ենք Ձեր բարձր ուշադրության և հովանու ներքո գտնվող նախագահական նստավայր հրավիրել և խորհրդանշական նվերներ ու խրախուսական գումարներ շնորհել հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում զոհված զինվորականների և թվով 35 բազմազավակ (տասնյոթ և ավելի երեխաներ ունեցող) ընտանիքների ներկայացուցիչների: Վստահ ենք, որ Ընտանիքի օրվա առթիվ ցուցաբերվելիք նմանօրինակ ուշադրությունը, ի բարօրություն այդ ընտանիքների, նաև կոգևորի նրանց` հաղորդելով ստեղծարար նոր ջանքեր և եռանդ, ինչը շատ կարևոր է պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար:
Ընտանիքը, հանդիսանալով հասարակության հիմնական և բնական բջիջ, նաև քաղաքացիական հասարակության առաջնային ակտիվ օղակ է, որի բացակայության պայմաններում թուլանում է հենց ինքը՝ հասարակությունը: Քաղաքացիական հասարակության ձևավորման և ընտանիքի ամրապնդման շնորհիվ մեզանում այսօր արդեն հասունացել է իրենց իրավունքները գիտակցող և դրանց համար պայքարող քաղաքացիական ակտիվ օղակների կյանքի կոչման անհրաժեշտությունը, որոնց ստեղծման գործում նույնպես ակնկալում ենք Ձեր օժանդակությունը:
Հուսով ենք և չենք կասկածում, որ վերոնշյալ գործում Ձեր աջակցությունը երկրում կբարձրացնի բարգավաճ ընտանիքների և կրթված սերնդի մի նոր ու առողջ ալիք:


Կանխավ շնորհակալությամբ և խորին հարգանքներով`
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ