Թուրքիայում քաղաքացիական նախաձեռնությունը, որն ստացել է հայկական Սփյուռքի աջակցությունը, Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հրաժարվել ժխտողական վերաբերմունքից:
«Ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, սակայն ցեղասպանության տրամաբանությունը շարունակվում է նաև այսօր: Կոտորածներից զատ, ավերվել է հայոց մշակութային ժառանգությունը և շարունակվում է ավերվել, որը հայերի հետքն արմատախիլ անելու փորձ է»,- Ստամբուլում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է թուրքական «ԴուրԴե» («Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը») իրավապաշտպան կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը: «Թուրքիայի կառավարության դիրքորոշումը պարզ է` ժխտել ցեղասպանությունը: Մենք` որպես թուրքական քաղաքացիական հասարակություն, ևս հստակ դիրքորոշում ունենք. մտածում ենք՝ ինչպես միջազգային հասարակությունը, հավատում ենք, որ ցեղասպանությունն իրականացվել է գիտակցաբար և կանխամտածված», - հավելել է Շենսևերը: «Փոփոխություն հասարակության շրջանում եղել է, և այս տարի բազմաթիվ թուրք ակտիվիստներ և լրագրողներ գործածում են «ցեղասպանություն» բառը «այսպես կոչված` ցեղասպանություն» գրելու փոխարեն, ինչը գրեթե պարտադիր էր մինչև վերջերս»,- նշել է Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբթանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումներ է նախատեսում Ստամբուլում: Մտադիր են այցելություն կազմակերպել բանտ, որտեղ 1915-ին պահում էին ձերբակալված հայ մտավորականներին: Ոգեկոչման միջոցառումները կավարտվեն Իսթիքլալ փողոցի մոտակայքում` տեղի ժամանակով 19:15-ին, որը խորհրդանշում է Ցեղասպանության տարին