«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ի հայերը ողջունում են Հռոմի պապի հայտարարությունը

ԱՄՆ-ի հայերը ողջունում են Հռոմի պապի հայտարարությունը
14.04.2015 | 13:40

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին հիշեցրեց աշխարհին մարդկության դեմ գործած հանցանքի ճանաչման կարևոր նշանակությունը՝ համոզված են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները: «Հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ նա աշխարհին հիշեցնում է, որ այդ զոհերը մոռացված չեն լինելու»,- ասում է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքով, Հռոմի պապի հայտարարությունը հսկայական քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. «Մենք ողջունում ենք պապի հայտարարությունը, որը չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար ողջ աշխարհում: Այն թույլ կտա նաև գրավել ԱՄՆ-ում հասարակության ավելի լայն շերտերի ուշադրությունը»: Հայ դատի հանձնախումբը ողջունել է Հռոմի պապի հայտարարությունը` անվանելով «աննախադեպ պատարագի ընթացքում ասված փայլուն խոսքեր»:
Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ս. Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց նաև Թուրքիայում: Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների նախարար Վոլքան Բազկիրն ասաց, որ Թուրքիայի կառավարության համար Հռոմի պապի հայտարարությունն անընդունելի է: Սակայն, Թուրքիայի բոլոր բնակիչները չեն, որ համամիտ են նրա հետ: Այսուն Վայիչ Օլգերի համար Հայոց ցեղասպանությունը ցավալի վերք է: «Անձամբ ես ճանաչում եմ ցեղասպանության փաստը: ՈՒրախ եմ, որ պապը հայտարարեց ցեղասպանության մասին: Ի վերջո, եթե նույնիսկ կային քրիստոնյաներ, ում համար դա անորոշ էր, այժմ ամեն ինչ պարզ է»,- ասում է նա: Թուրքիայի բնակիչ Քեմալ Քիլիքն ընդհակառակը, զայրացած է պապի հայտարարությունից. «Ես դատապարտում եմ այդ հայտարարությունն ու չեմ ընդունում պապին»: Թուրքիայում գտնվող զբոսաշրջիկները, որոնք խոսել էին լրագրողների հետ, միանշանակ աջակցությունն են հայտնել Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: «Լավ է, որ պապը բարձրացրեց այդ խնդիրը: Ի վերջո, դա պետք է արվեր»,- ասել է բրիտանացի Թոմ Դեյվիդսոնը:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ