Կիպրոսը դարձավ եվրոպական չորրորդ պետությունը, որ օրենքով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագծին՝ պատիժ սահմանելով 5 տարի ազատազրկում և 10 հազար եվրո տուգանք: Օրինագծի հեղինակ էին երկրի բոլոր քաղաքական կուսացությունները, բայց կային տարաձայնություններ: Նախագծի քննարկումն անցյալ շաբաթ հետաձգվել էր: Կիպրոսի Հանրապետությունն առաջին երկիրն էր, որ բարձրաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ում դեռևս 1965 թվականին: ՈՒնենալով ավելի քան 30 տոկոս թուրքազգի բնակչություն՝ այս երկիրը նաև առաջինն էր Եվրոպայում, որը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին:
Անցյալ շաբաթ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում ապրիլի 23-25-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Պաշտոնական Երևանը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով, որ իրադարձությունը խորհրդանշական է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ «Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- հայտարարել է Նալբանդյանը:
Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունումը հայ-կիպրոսական դարավոր բարեկամության արդյունք է՝ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը պատվիրակությամբ գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում:
«Կիպրոսի ներկայացուցիչների պալատի ընդունած օրենքը, ինչով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, հայ-կիպրոսական դարավոր բարեկամության արդյունք է։ Երկու եղբայրական ազգերը համատեղ ջանքերով հասնում են դրական արդյունքի, որից մեկն էլ սա էր»,- ասաց ԱԺ նախագահը: