«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազգային համաձայնության հիմքը քաղաքացին է

Ազգային համաձայնության հիմքը քաղաքացին է
25.11.2014 | 20:37

Ռացիոնալ մտածողությունը մեզ հաճախ դավաճանում է: Բնույթով մենք սիրում ենք ծայրահեղությունները, երևույթների միստիկ գնահատումները: Հաճախ մենք մոռանում ենք, որ 1994-ին ոչ թե խաղաղության պայմանագիր է կնքվել, այլ ընդամենը զինադարար է հաստատվել, որը, փառք Աստծո, հիմնականում պահպանվել է, ընդ որում՝ առանց արտաքին լուրջ միջամտության: Բայց կրկնում եմ՝ գործ ունենք զինադադարի հետ ընդամենը, որը, եթե չի ամրապնդվում կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումներով, շատ փխրուն է ու պարբերաբար կարող է խախտվել: Պատերզամի վտանգի մասին հիշում ենք, երբ սահմանին վիճակը ծայրաստիճան լարվում է կամ տեղի ունենում այնպիսի աննխադեպ ահաբեկչություն, ինչպիսին էր՝ մեր ուղղաթիռի խոցումը: Խաղաղության ժամանակ մսխում ենք բոլոր այն ռեսուրսները՝ քաղաքական, բարոյական, տնտեսական, որոնք կոչված են ապահովելու մեր քաղաքակրթական առվելությունը հակառակորդի նկատմամաբ, կամրջի նշանակություն ունենալ մեր ու աշխարհի միջև: Ֆորսմաժորային այդ օրերին հնչում են ազգային համաձայնության, համախմբան, բանակին, նույնիսկ իշխանությանը սատարելու կոչեր: Բայց ազգային համաձայնությունը մեկ օրում, նույնիսկ ամսում չի կայանում: Դա պետք է լինի իշխանության ու ընդդիմության, գործարարի ու աշխատողի հետևողական վարքագծի արգասիք: Ընդ դորում, այդ վարքագիծը պետք է դրսևորվի ոչ թե ֆորսմաժորային օրերին, այլ ամեն օր, քաղաքական, ընկերային, հասարակական հարաբերություններում: Ազգային համաձայնության հիմքում՝ պետք է լինի քաղաքացին իր անօտարելի իրավունքներով, ազատություններով: Համաձայնություն կարող է կայանալ, եթե կա մրցակցություն, բանվիճային կուլտուրա, բայց նաև կոմպրոմիսների հասնելու ձգտում, քաղաքական մշակույթ: Ազգային համաձայնությունը պետք չէ նույնացնել ճահճի հետ, որում խեղդվում են ժողովրդավարությունն ու ազատությունները, հակառակը՝ մարդկանց իրական կոնսոլիդացիայի հիմքում հենց նրանց քաղաքացիական գիտակցությունն է: Այսպիսի մոդելը հատկապես անհրաժեշտ է մեզ՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմում ապրողներիս: Ոչ թե ֆորսմաժորային իրավիճակն ու պատերզամի վերսկսման վտանգը պետք է առաջացնեն միասնություն, որը հաճախ արտահայտվում է սահմանամերձ գոտի մեկնող «ջիփավոր» պաշտոնյայի ու սահմանամերձ դատարկվող գյուղի կոնտրաստով, այլ ազգային համաձայնությունը պետք է կանխի ֆորսմաժորային իրավիճակի հնարավոր անբարենպաստ հետևանքները, սահմանամերձ գյուղը դարձնի ոչ թե լքված ծայրամաս, այլ աշխարհագրական մի միջավայր, որտեղից սկսվում ու որտեղով ամբողջանում է հայրենիքը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ