«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իսկապես հարազատ տուն է»

«Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իսկապես  հարազատ տուն է»
24.10.2014 | 12:21

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոկտեմբերի 10-ի որոշմամբ ՀՀ վաստակավոր լրագրող ՀԱՍԱՆ ԹԱՄՈՅԱՆԸ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
«Իրատես de facto»-ին հասցեագրված նամակում Հասան Թամոյանը մասնավորապես գրում է.
«Շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար, տեղին եմ համարում այն գնահատել որպես հարգանքի տուրք ոչ միայն իմ անձի, այլև ողջ եզդի համայնքի նկատմամբ, որի մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եզդի համայնքի ներկայացուցիչներին հասցեագրված սույն թվականի ապրիլի 16-ի իր ուղերձում ասել է. «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է։ Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իսկապես հարազատ տուն է։ Թե՛ փորձության, թե՛ ուրախության պահին հայերն ու եզդիները մշտապես եղել են կողք կողքի, ինչը գնահատվել ու գնահատվում է ըստ արժանվույն։ Դրա վառ օրինակն է նաև Երևանի «Հանրապետական» խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը» (ի դեմս Արմեն Ամոյանի- Հ. Թամոյան)։
Հարգանքս ու ակնածանքս արտահայտելով Երևանի նախկին բոլոր ղեկավարների նկատմամբ, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ Տարոն Մարգարյանը հայոց ոստանի առաջին ղեկավարն է, ով այսքան ջերմորեն ու սերտ է կապված մայրաքաղաքի եզդի համայնքի հետ. հենց նա սկսեց իր ուղերձներով շնորհավորել մեր ազգային բոլոր տոներն ու համայնքի կյանքում տեղի ունեցող նշանավոր իրադարձությունները, ավելի ականջալուր լինել նրա խնդիրներին ու հոգսերին։ Սրանք, իսկապես, հայ մարդուն, հայ պաշտոնյային հարիր վարքագիծ ու վերաբերմունք են ազգային փոքրամասնությունների, հատկապես մեր համայնքի նկատմամբ։
Առիթը բաց չեմ թողնի ու կասեմ, թե ինչ է Երևանը հայաստանաբնակ, ինչու չէ, աշխարհասփյուռ եզդիների կյանքում, ովքեր վերջին ամիսներին դարձան ծայրահեղական ուժերի զոհերը, և ի պաշտպանություն որոնց միջազգային ամենաբարձր ամբիոններից հանդես եկան հայոց պետության առաջին դեմքերը. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եզդի ժողովրդի խնդիրը բարձրաձայնեց ՄԱԿ-ի ամբիոնից, իսկ մի քանի օր անց Մինսկում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նաիրյան երկրի մերօրյա մայրաքաղաքում ապրում է 5000-ից ավելի եզդի։ «Այսօր էլ, լինելով ամենաակտիվ համայնքներից մեկը, ձեր ուրույն ավանդն եք բերում մեր քաղաքամայր Երևանի զարգացման գործում»,- ասել է Տարոն Մարգարյանը 2013 թվականի ապրիլին՝ եզդի համայնքին հասցեագրված ուղերձում։
Արդեն 24 տարի Հանրային ռադիոյով, մայրենի եզդիերենով (էզդիկի) սփռվում են ամենօրյա հաղորդումներ, Երևանում են լույս տեսել 1-11-րդ դասարանների եզդիերեն լեզվի և գրականության դասագրքերը, Նոր Նորքի զբոսայգում տեղադրված է եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի մեծադիր արձանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղադրված է վերջինիս կիսանդրին, լսարաններից մեկն էլ կոչվում է նրա անունով։
Սրանք իրողություններ են, որ նախադեպը չունեն ամբողջ աշխարհում, նույնիսկ հենց եզդիների բնօրրան Հյուսիսային Իրաքում։
«Եռաբլուր» պանթեոնում են թաղված նաև չորս եզդի ազատամարտիկներ։ Երևանում գործում է մի քանի հասարակական կազմակերպություն, տպագրվում են թերթեր, լույս են տեսնում գրքեր, սովորում են տասնյակ եզդի ուսանողներ, գտնվում է եզդի մտավորականության ստվար խումբ և այլն։
Կրկին երախտագիտության խոսքս պիտի հնչեցնեմ Տարոն Մարգարյանի հասցեին, ում որոշմամբ Երևանում հողատարածք է տրամադրվել՝ եզդիական մշակութային կենտրոն կառուցելու նպատակով, ինչը կարևոր նշանակություն կունենա մեր ազգային նկարագիրը պահպանելու գործում։
Գուցե իջնում եմ կենցաղային մակարդակի, սակայն պիտի ասեմ, որ Երևանի քաղաքապետն իր մասնակցությունն է բերում նաև մեր համայնքի կյանքում տեղի ունեցող ուրախ և տխուր միջոցառումներին, ինչը միայն ավելացնում է նրա հեղինակությունը մեր համայնքի կյանքում, ջերմությունը մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններում և մեզ ավելի է հուսադրում ու կապում հայոց հողի, հայ ժողովրդի հետ»։


Հասան ԹԱՄՈՅԱՆ
ՀՀ վաստակավոր լրագրող

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ