ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մի ժողովուրդ, որը ենթակա է ցեղասպանության, դրա իրականացնողները միշտ էլ կգտնվեն»

«Մի ժողովուրդ, որը ենթակա է ցեղասպանության, դրա իրականացնողները միշտ էլ կգտնվեն»
17.10.2014 | 17:35

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների ընդմիջված դատական նիստը շարունակվեց ամբաստանյալների վերջին խոսքով:

Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանն ասաց, որ ուզում է ունենալ հանրային պաշտպան, քանի որ չի կարողանում վճարել իր փաստաբանին: Ամբաստանյալ Սևակ Մնացականյանն ասաց, որ վերջին տասնմեկ ամիսներին ինքը ներկա է մի թատերական ներկայացման, որտեղ արդարադատություն իրականացնողները տիկնիկներ են: Նա ասաց, որ պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ ոչ թե իրենց են դատում, այլ հենց հասարակությանը:
«Մեր երկիրը դարձել է գաղափարների, նպատակների, ցանկությունների գերեզման»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ փոփոխություններն անում են քիչ թվով մարդկանցով: Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն իր խոսքում հիշեց ՌԴ-ում ձերբակալված գործարար Լևոն Հայրապետյանին:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը նշեց, որ ինքն իրեն չի ճանաչում մեղավոր, քանի որ երբ պետք է եղել՝ գնացել է իր հայրենիքը պաշտպանելու, երբ պետք է եղել՝ փայտը ձեռքին դուրս է եկել փողոց:
«Ո՞վ կցանկանա ապրել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել Մարտի 1, և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ենթարկվել պատասխանատվության»,- հայտարարեց Վարդան Վարդանյանը: Հետո նա ասաց, որ իր աշխարհայացքի ձևավորման համար «մեղավոր» է ճանաչում իր պապին, որն իր կյանքի քսան տարին անցկացրել է ստալինյան բանտերում, «մեղավոր» է ճանաչում իր մանկավարժ մորը, «մեղավոր» է ճանաչում Շանթ Հարությունյանին և իր մյուս ընկերներին:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ, դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ասաց. «Ես չեմ ուղղվելու, պարոն դատավոր, ինչքան ուզում եք՝ դատեք»:
«Կեցցե՛ այն Հայաստանը, որը մենք վաղն ենք բերելու»,- հայտարարեց Ալեք Պողոսյանը:
Շանթ Հարությունյանն էլ իր ճառում նշեց, որ Ադրբեջանի՝ ազգությամբ հայ գործակալները եկել են իշխանության, որ ոչնչացնեն հայ ազգը: Ըստ Շանթ Հարությունյանի՝ ինքը չի պատրաստվում լքելու հայրենիքը, քանի որ այստեղ են թաղված իր մայրն ու քույրը: Նա հիշեց իր ընկերներից մեկի խոսքերը. «Մի ժողովուրդ, որը ենթակա է ցեղասպանության, դրա իրականացնողները միշտ էլ կգտնվեն»: Ասաց նաև, որ այսօր Հայաստանի անկախության համար ռեալ պայքարող ուժ տեսնում է իր խմբին և Պարույր Հայրիկյանին, իսկ մյուս ուժերին բնորոշեց որպես պրոֆսոյուզներ:
Շանթ Հարությունյանն իր ճառում նշեց, որ այսօր փորձում են ամեն կերպ վերականգնել սովետական ավանդույթներն ու համակարգը, որ մարդիկ քաղաքական գործունեությամբ չզբաղվեն: Նա նկատեց, որ, ինչպես ժամանակին դատավոր Ժորա Վարդանյանն էր դատում իր հորը, այնպես էլ այսօր նրա որդին՝ Արշակ Վարդանյանն է դատում իրեն ու իր որդուն՝ շատ լավ իմանալով, թե ինչ արժեքներով է ինքը դաստիարակում նրան:
Ամբաստանյալների բոլոր ելույթներն էլ ուղեկցվում էին դատական նիստի մասնակիցների բուռն ծափահարություններով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ