«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փողով թուղթ մրոտող ժանգոտ խոփը

Փողով թուղթ մրոտող ժանգոտ խոփը
03.10.2014 | 12:48

(ի պատասխան «Իրատես de facto» թերթի թիվ 46-ում տպագրված «Փողով պատ ծակող ժանգոտ խոփը» հրապարակման)

«Իրատես de facto» թերթի 2014 թ. թիվ 46-ում տպագրված «Փողով պատ ծակող ժանգոտ խոփը» հոդվածը ծայրից ծայր վիրավորանք և զրպարտանք է իմ` Մետաքսյա Գրիգորյանիս, հասցեին, որը գրվել է Գյումրու քաղաքի բնակիչ Մարիետա Գևորգյանի թելադրանքով։
Իմ պատասխանն ընդդեմ լրագրողի չէր լինի, եթե նա հոդվածն իր անունով չհրապարակեր։ Եվ այդ ամենը` «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների կոպիտ խախտմամբ տպագրված հերյուրանքներով։
Այսպես, եթե հոդվածագիրը առանց հիմնավորման թույլ է տալիս կրկնել Մ. Գևորգյանի խոսքերը, որ ես «փողով պատ ծակող ժանգոտ խոփ» եմ, ապա ես որպես պատասխան կարող եմ ասել, որ հոդվածագիրը թուղթ է մրոտել փողի դիմաց։
Հոդվածում լրագրողը, առանց ինձ ճանաչելու, ինձ անհամատեղելի բնութագիր է տվել, գրելով` «Բիզնեսով զբաղվողը», «Փողով պատ ծակող ժանգոտ խոփ»։
Ասեմ, որ «բիզնեսով զբաղվողը», «փողով պատ ծակողը» չի կարող ժանգոտ լինել, լավ էլ փայլ կունենա։
Ժանգոտ խոփը նա է, ով կախվածություն ունի պատվիրատուից, իր խոսքը չունի և բամբասանք է գրում ինչ-որ մի կնոջ զառանցանքի հիման վրա, ինչպես սույն դեպքում։
Երբ կողմերիս միջև վեճ է ընթանում ավելի քան 10 տարի, և բոլոր դատական ատյանները եկել են այն համոզման, որ Մարիետա Գևորգյանի ընտանիքի անդամների դիրքորոշումը և պահանջները ճիշտ չեն, օրենքից չեն բխում, նման պայմաններում հոդվածագիրը գրում է, որ «Ինչպես ցույց է տալիս գործի լրագրողական քննությունը, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը օբյեկտիվ վճիռ չի կայացրել» (տե՛ս հոդվածում)։
Հարգելի լրագրող, գործի լրագրողական քննություն կատարելիս Դուք օբյեկտիվ չեք եղել, այլապես ինչպես չեք նկատել`
. որ Մարիետա Գևորգյանի ընտանիքը ապրում է երեքհարկանի տան մեջ, և այդ վթարային ավտոտնակը նրա որևէ կարիք չի կարող հոգալ,
. որ ինչպես կարող է Մ. Գևորգյանի ընտանիքը 1928 թվականից այդ ապօրինի շինությունն ունենալ, երբ տան նկատմամբ առաջին անգամ գույքագրում է կատարվել 1939 թվականին,
. որ դեռևս 1977 թվականին Գևորգյանները ունեցել են գույքագրված ընդամենը 72 քմ հողամաս, իսկ ներկայումս 160 քմ հողամաս, 247,91 քմ բնակելի շինությամբ։ Ինչպես երևում է` ախորժակը ուտելիս է բացվում, երբ նրա ապօրինի եռահարկ տունը ընդամենը 2013 թվականին է օրինականացվել, չգիտես ինչ հիմքով Մ. Գևորգյանը նրբանցքի վրա կառուցած ինքնակամ շինության իրավունքից է խոսում,
. չեք նկատել, որ, ըստ փաստաթղթերի և գլխավոր հատակագծի, ավտոտնակը գտնվում է ընդհանուր սպասարկման տարածք հանդիսացող նրբանցքի վրա։ Դեռ մի բան էլ զարմանք եք հայտնել «ինչու է 1928 թվականին» «բազմաչարչար վետերանը» մնացել ինքնակամ կառույց, որն է դրա ինքնակամությունը» (տե՛ս հոդվածում)։ Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եթե լրագրողը փաստաթղթերը չի հասկացել և չի կարդացել Գյումրու քաղաքապետարանի 14.05.2004 թվականի թ. 744 որոշումը, ըստ որի` շինության ինքնակամությունը կայանում է նրանում, որ կառուցվել է առանց օրինական փաստաթղթերի և, քանի որ նրբանցքի վրա է կառուցված, իր գոյությամբ հակասում է գործող քաղաքաշինական նորմերին, ուստի չի կարող երբևէ օրինականացվել և քանդման ենթակա է, քանի որ նրբանցքը բոլորի, այդ թվում` իմ, օգտագործման համար է։
Բացի այդ, խորհուրդ կտամ լրագրողին կարդալ հծՌկ-ի նորմատիվ կանոնները նրբանցքի կարևորությունը իմանալու համար, որը մեր պարագայում հենց այն ճանապարհն է, որը միացնում է Գորկու փողոցը Ռուսթավելի փողոցի հետ և այժմ փակված է Մ. Գևորգյանի ընտանիքի կառուցած ինքնակամ շինությամբ, որի օրինականացման դատարանի վճռի դեմ բողոք է բերել (և բեկանվել է) հենց Գյումրու քաղաքապետարանը, և ոչ թե ես։
l «Օբյեկտիվ» լրագրող, գրելուց առաջ ցանկալի էր, որ ծանոթ լինեիք փաստերին և փաստաթղթերի այն մասին, որ իմ կողմից «խողովակներով» առանձնացված տարածքը իմ պապերի սեփականությունն է եղել դեռևս 1936 թվականից (գույքագրված է եղել դեռևս 1928 թվականին), ինչ տրամաբանությամբ է «լրագրողական քննություն» կատարած լրագրողը առաջարկում, որ իմ սեփական տարածքը առանձնացնող խողովակները հանեմ, իմ սեփական հողամասը թողնեմ օգտագործելու որպես ընդհանուր անցուդարձի ճանապարհ, որպեսզի «մեծն» Մարիետա Գևորգյանը ինքնակամ կառուցած ավտոտնակը չքանդի նրբանցքը բացելու համար։ Պահանջ, որը ոչ բարոյական նորմերից և ոչ էլ որևէ օրենքից է բխում։ Դուք Ձեր սեփականությունը կտայի՞ք ուրիշի համար ավելի բարվոք պայմաններ ստեղծելու, որ ինձ հոդվածում նույն խորհուրդն եք տալիս։
Չեք իմացել, որ ՀՀ օրենքների համաձայն` փողոցի վրա չի կարող ապօրինի շինություն կառուցվել, իսկ եթե կառուցվել է, անկախ ժամանակից, այն քանդման է ենթակա։
Չեք իմացել, որ երեք զինվոր ունենալը, բազմաչարչար կամ բազմանդամ լինելը իրավունք չեն տալիս Մ. Գրիգորյանին ապօրինություն կատարելու կամ պարտադրելու դատարաններին ապօրինի վճիռ կայացնել, իսկ զինվորները աշխատում և աշխատավարձ են ստանում, ուստի պետք չէ, որ չարաշահվի նրանց զինվոր լինելու փաստը։
Ինչպես չի նկատել, որ Մ. Գևորգյանի տան երեք հարկի դիմաց իմ տունը մեկհարկանի, հատակը հողի նիշից ցածր հին շինություն է, «իսկ բազմատուն» համարելով ինձ, պարտավոր է այն ապացուցել։
Հոդվածից մնում է ենթադրել, որ ես իմ սեփական տունը պետք է նվեր տամ Գևորգյանների «բազմանդամ» ընտանիքին, կամակոր կնոջ տպավորություն չթողնելու համար։
Այս ամենը այն դեպքում, երբ, ըստ իմ տեղեկության, լրագրողը եկել է Գյումրի և տեղատեսություն է կատարել։
Եթե օբյեկտիվ հետազոտություն էր կատարելու լրագրողը, վերը նշվածը պետք է նկատեր կամ բարի լիներ նաև այցելել ինձ, իմ դիրքորոշումը լսել և իմ տունը տեսնել, իսկ զրպարտանքների համար ընդհանրապես կարիք չկար գալու, եթե պետք է գրեր այն, ինչ թելադրում էր Մ. Գևորգյանը։
Աչքալույս տամ հարգելի լրագրողին, որ Մ. Գևորգյանի հույսերը չարդարացան` ՀՀ վերաքննիչ դատարանը 22.07. 2014 թվականին կայացրեց հերթական օբյեկտիվ վճիռը, և Ձեր աչքի փուշ Ա. Խաչատրյանի վճիռը մնաց անփոփոխ։
Սա խորհելու տեղիք է տալիս, որ լրագրողը հասկանա, որ զրպարտանքների միջոցով դատարանների վրա ճնշում գործադրելը անարժեք է օրենքի դեմ։
Լրագրողը տպագրել է բացառապես Մ. Գևորգյանի հիվանդագին զրպարտանքները, գրել է, որ ես միայնակ եմ ապրում և գործարար եմ։
Որ միայնակ եմ ապրում, դա ոչ ամոթ է և ոչ էլ թերություն, դա չի նշանակում, որ մենակ եմ, ոչ ոք չունեմ, իսկ գործարարությունը պետք է ապացուցի, թե ինչ գործով եմ զբաղվում, որն է իմ գործարարությունը, պահանջում եմ, որ ապացուցեն հոդվածագիրը և Մ. Գևորգյանը։
Առանց իմ համաձայնության տունս նկարելու և թերթում ներկայացնելու, հասցես տալու համար պատասխանատվություն է նախատեսվում, այն արգելված է օրենքով, որի մասին հոդվածագիրը պարտավոր էր տեղյակ լինելու և պարտավոր է նաև հետևանքները կրելու։
Մ. Գևորգյան, ո՞ւմ ես «էստի համեցեք» կանչում։ Ինձ վնաս պատճառելու համար, հավատա, քո անօրինական երազանքն անկատար կմնա, փոխարենն ընդդեմ քեզ դատական պաշտպանության կդիմեմ, քանի որ, ինչպես երևում է, արհամարհանքը քիչ է քեզ հասկացնելու համար, որ ուրիշին զրպարտելու կամ վիրավորելու իրավունք չունես, ուստի պետք է գրպանիդ կպնեն, և վնասի հատուցում վճարես 1-2 մլն դրամ, որ կեղտոտ բերանդ փակես:
Ինչ մնում է փաստաբանի բնութագրին, ապա հերթական անգրագիտությամբ չեք հասկանում փաստաբանի դերը, որն ընդամենը իր աշխատանքն է կատարում և որևէ կապ չունի մեր վեճի հետ։ Փաստաբանին ոչ թե ամոթանք, այլ փառք ու պատիվ է բերում իր ցանկացած դատական հաղթանակ։
Ինչ մնում է «Կիսաբաց լուսամուտներից» փաստաբանի «ճողոպրելուն», ինչպես գրել է թերթը, ապա այն փաստաբանի անկեղծ ծիծաղին արժանացավ, որը խնդրեց փոխանցել, որ արհամարհելը պետք չէ ճողոպրելու հետ շփոթել։
Ի դեպ, իր երևակայական հիվանդությամբ այս 10 տարիներին Մ. Գևորգյանը բազմիցս դիմել է տարբեր ատյանների, այդ թվում` ՀՀ դատախազությանը, ինչի արդյունքում իմ սեփականության իրավունքի փաստաթղթերի օրինականությունը ստուգվել և վերջին անգամ ՇՄ քննչական բաժնի կողմից 22.01.2013 թ. կայացվել է որոշում «Քր. գործի հարուցումը մերժելու մասին», որտեղ ապացուցված է համարվել, որ իմ և մինչ այդ` մորս սեփականության իրավունքի փաստաթղթերում կեղծիքներ և անճշտություններ չկան։
Համոզված եմ, որ Մ. Գևորգյանի հերթական ստի և խաբեության զոհն է եղել նաև լրագրողը, որին չի ասել այս մասին։
Կարդալով հոդվածը, մի բանի համար եմ մտորում՝ արդյոք արժե՞ր թուղթ մրոտել մի շառլատանի սուտ հայտարարություններով։


Մետաքսյա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Իրատես de facto».- Պատասխան նամակը տպագրվել է առանց խմբագրական միջամտության` սրբագրական անհրաժեշտ շտկումներով։

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ