«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ահաւասիկ իմ վէրքերը»

«Ահաւասիկ իմ վէրքերը»
19.09.2014 | 11:51

Մեր գիւղն ունէր եկեղեցի, ուսումնարան՝ առանց շէնքի: 150 տուն հայեր էինք և մի քանի տուն էլ քիւրտեր, որոնք բռնի կերպով մեզ դրացի դառան վերջին տարիները: Պատերազմի ժամանակ ինձ ևս բեգեար տարան, իմ բեռն էր 2 մերու կոտ մթերք, որ ես շալակով էի տանում Կոփից Հասան-Ղալա - Էրզրում: Այս ժամանակներում աշխատանքի ծանրութիւնը և անտանելիութիւնը մահուանից ծանր էր: Վճռեցի՝ կա՛մ մեռնել, կա՛մ ազատ լինել: Փախայ և եկայ գիւղ, պահւում էի մեր տան մի անկիւնում ու այդ տևեց երեք ամիս: Թէև այս պահուստս բանտից սոսկալի էր, բայց դարձեալ իմ գերդաստանի մօտ էի և հարկ եղած դէպքում պաշտպան կլինէի եթէ ճշտուէին շրջող լուրերը, թէ հայերին պիտի կոտորեն:
Մեր գիւղացի շէխ Մասուդը մի օր գնաց գաւառական ատեան, որ ճշտէ հայերի կոտորածի մասին շրջող լուրերը և վերադառնալով յայտարարեց. «Հայե՛ր, ռուսերը արդէն գրաւել են Լիզ գիւղը և մօտենում են մեզ, մենք պէտք է մեր գերդաստանը ապահով տեղ փոխադրենք. դուք ձեր մասին հոգացէք»: Հայերս իրար խառնուեցինք. մի մասս չէր հաւատում շէխին, միւսները հաւատացին և օգնեցին շէխի և միւս քիւրտերի փոխադրմանը՝ մարդով և լծած սայլերով: Սկսուեց փախուստը դէպի Լիզ գիւղը, բայց այնտեղ ռուսերի չտեսանք: Լիզ էին հաւաքուել հարևան մի քանի գիւղերի հայ ժողովուրդները: Պարզուեց, որ սա դիւային մի խաղ էր՝ մեզ տեղահան անելու, կոտորելու և սպաննելու համար: Շէխի քոչը տանողները սպաննուեցին նրա խոլամների գնդակներով: Միւս օրը, երբ վերադարձանք գիւղ, 205 տղամարդկանց դիակներ տեսանք գիւղի զանազան մասերում և տներում, իսկ տաւար ո՛չ մի հատ չէր մնացել, ունեցուածք՝ նոյնպէս, բոլորը թալանել տարել էին մեր դրացի քիւրտերը:
Համբարձումից մինչև Վարդավառ մնացինք Լիզ գիւղում, և այս գիւղը պաշտպանում էր շրջանապետ Խալըֆ էֆէնդին: Լիզը որպէս բանակատեղ, շրջապատուած էր բազմաթիւ ասկեարներով և քրդական կամաւորներով: Ամբողջ հայ ժողովուրդը օրն ի բուն աշխատում էր նրանց համար. կանայք հաց և կերակուր էին եփում կամ շորեր-գուլպաներ պատրաստում: Բայց օրական 10-15 հոգի տղամարդ՝ հայերից, հաւաքելով տանում էին և չէին վերադառնում: Մի օր էլ հօտաղները լուր բերին, թէ հաւաքուած մարդկանց սպաննուած դիակները տեսանք դաշտում և թաղեցինք… Այս եղեռնը կրկնուեց մի քանի անգամ և սարսափը տիրեց մեզ, բայց հնար չկար: Ես, հարկաւ, պիտի փախչէի և փախայ Փիոնք գիւղ, որը դեռ ապրում էր: 3 օրից յետոյ մի զապթիէ եկաւ կացարանիս դուռը և տեսնելով ինձ՝ նկատեց, որ ես փախստական եմ: Մեծ դժուարութեամբ և 3 ոսկի կաշառքով ազատուեցի: 4 օրից յետոյ ասկեարը շրջապատեց այդ գիւղը և հաւաքեց բոլոր հայերին Խալըֆ էֆէնդու քէոշկի դուռը: Ես փախչելու հնարաւորութիւն չունեցայ և ձերբակալուեցի: Ինձ էլ տարան այնտեղ: Երբ հաւաքելը վերջացրին, զօրքը շրջապատեց տղամարդկանցս և քշէց դէպի Լիզ, բայց կանանց ոչինչ չասին: Մեզ տեղաւորեցին մի շինութեան մէջ, որը բաղկացած էր 4 սենեակից: Գիշերը մնացինք հսկողութեան տակ: ՈՒղիղ կէսգիշերին ասկեարներից մի քանիսը լապտերները ձեռքներին ներս մտան մեր կացարանները և մեզ մէկ-մէկ դուրս քշելով՝ սկսեցին շպրտել-կապել միմեանց: Համարեայ բոլորից վերջը ինձ տարան: Ես մթութեան մէջ տեսայ կոտորուածների արիւնաթաւալ դիակները, նրանց մահամերձ խելառ ջղաձգութիւնները, լսեցի խռխռոցներն ու հռնդիւնները, և այդ սարսափին տակ՝ քարացայ: Մարմնիս վրայ իսկոյն զգացի սառն զէնքի մի քանի հարուածներ, և պարանը վիզս՝ ընկայ միւսների կողքին, բայց երբէք չուշաթափուեցի: Թէև վէրքերս անչափ էին, բայց աւելի վտանգաւոր էր մահուան հետ կռիւ մղող սպաննուած ընկերներիս թաւալումը, նրանց քաշքշոցը, որ պարանս ձգելով քիչ էր մնում, որ ինձ խեղդէին: Ինձ պահեցի որպէս սպաննուած… Գործողութիւնը վերջացած էր, լսեցի նրանց հրամանատարի ձայնը, որ հրամայեց 50 հատ սայլ գտնել և դիակները կրել, նախօրօք պատրաստուած խրամատներում լցնել ու ծածկել: Մինչ այդ, տքնեցի և պարանոցիցս պարանը մի կերպ հանելով, սողացի մթութեան մէջ, և աննկատելի պահապան զինուորներից՝ ընկայ հարևանի աւերակ գոմը: Պահուեցի մի անկիւնում և տեսայ ու լսեցի դիակների փոխադրումը դէպի խրամատները: Աչք ածելով գոմի բոլոր անկիւնները և շօշափելով ամէն տեղ, գտայ մի փոս, որ և թաքստի համար նախօրոք պատրաստուած էր եղել՝ ի հարկէ տանտիրոջ համար: Քաշուայ այդ փոսին մէջ և ինն օր մնացի: Երեխաների միջոցաւ տեղեկութիւն տւի իմ քոյր Նիկեարին, որը ամուսնացած էր Լիզ գիւղում և երբեմն նրանից ուտելիք-հաց էի ստանում: Երբ ռուսերը գրաւեցին Լիզը, ես ազատուեցի ու նահանջի հետ եկայ Կովկաս: Ահաւասիկ իմ վէրքերը, որոնք թուով 6-ն են: Նրանցից մէկն է սրի հարուած, միւսները սուինի հարուած են: Իմ կորուստներն են՝ 2 տղայ, հօրեղբօյրս կինը, տղէն և ազգականներիցս շատերը:


Հարություն ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ատկոն գյուղի բնակիչ

70 զինված տղամարդիկ


1915 թ. մայիսի սկիզբները 10000 քիւրտ, թուրք և թրքական կանոնաւոր զօրք, ղեկավարութեամբ պիթլիսցի Ալի էֆէնդիի, Նասլ էֆէնդիի, կոտոմցի Դավուզ աղայի, շիկրնցի Ֆազկա Հասանի, մզրեցի Կուլինի, յարձակեցան Կարփի և Գիւզէլդերէի շրջանի տասը գիւղերուն վրայ: Կարփեցի 70 զինուած տղամարդիկ չորս օր շարունակ ուժեղ դիմադրութիւն ցոյց տուին Ջոջ անունով ձորին մէջ, բայց ետքը փամփուշտներն և սովածութիւնէ ալ ուժերն սպառելով, պաշարման գիծը ճեղքեցին, բայց վեց հոգի միայն ազատուեցան: Անոնց ղեկավարներն էին Վահան Պաղտասարեան, Լևոն Ասպատուրեան, Սողոմոն Շահպազեան և Պողոս Մխիթարեան:


Բագրատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարբ գյուղի բնակիչ


«Կռուեցինք բաւական ջարդելով...»


1914 թիւի Ս. Խաչին Լաթոյի հետ զինուոր մնացինք, առաջին կռիւը ունեցանք Մամռտանք Շնաղբիւրի մարտի մէջ, ոզմեցի Սարգիսի ղեկավարութեամբ, 15 ընկերով, Օպի Թահր աղի 3-400 անձանց հետ: Օգնութեան եկաւ ոզմեցի Տիգրանը իր ընկերներով:
Ապրիլի մէջ Բ կռիւ. Մոկաց Հառնջիկ՝ 110 զինուորներով Մալակասըմի Մասհար և Հառնջի բէկերի ու 4-500 անձանց դիմաց: Կռուողներն էինք Պախրու Մնացական, Պազու Միքայէլ, Մամռտանից Գօրօ, ոզմեցի Գուրգէն, ոզմեցի Յովսէփ, այսինքն՝ խմբապետներ: Այդտեղ սպաննուեցան ոզմեցի տասնապետ Յովսէփ Շահինեանը և վառենցի Պետրոսեանը:
Խիզանից ժողովուրդ բերելուն Լաթոյի, Սարգիսի և ընկերների 112 զինուորներով Սպիտակ սար կռուեցինք Ֆախկայ Աբէթի, Սայիտ Աւտլէնի, Սայիտ Ալիի տղան Սլհատինի 4-500 հոգանոց քիւրտերի դէմ: Յունիսի սկիզբն էր:
Դ կռիւ. Հառնջու մօտ. սպարկերտցի միւդիրի 5-600 քիւրտերի և զօրքի դիմաց կռուեցինք բաւական ջարդելով, բերեցինք 62 զէնք: Յունիսի վերջերն էր, երբ Լաթօն և Սարգիս 12 ընկերներով և կամաւոր Ղազարի ղեկավարութեամբ 200 հոգի կռուեցինք Մոկաց բէկերի մեծ թուով խուժանի դիմաց, ուր սպաննուեցան 2 կամաւոր:


Խարխոց գյուղի բնակիչ
Գրիգոր ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
և Ոզմ գյուղի բնակիչ
Ներսես ՏԱԼՄՈՅԱՆ

«Ի՞նչ կծընեն տարաբնակ հայերը»


Անօթութիւնը հիւանդութեան չափ կոտորած կ’ընէ, ամէն կողմ «հաց» կ’աղաղակեն: Կա՛մ Քրիստոսի հրաշագործ զօրութիւնը և կա՛մ թագաւորական գանձ պետք է զմիլիոն կիլիկեցիք ապրեցնելու համար: Թողունք Ամերիկայի ու Եւրոպայի մարդասէրները, ի՞նչ կ’ընեն տարաբնակ, եգիպտաբնակ և ամերիկաբնակ հայերը, ժամանակն է, որ գաղթականաց հոսանքին պէս նպաստի հոսանքներ կազմուին, աշխարհ տեսած չէ և չպիտի տեսնայ այսքան արհաւիրք, այսքան թշուառութիւն և կարօտութիւն…
Կոտորած, բռնաբարութիւնք, երկսեռ մանուկներու անհամար առևանգութիւնք, գեղատես կանանց, հարսերու և կոյսերու վաճառում, մինչև անգամ երեք մեճիտիէի, չհամրուիր և չբացատրուիր… Խորհուրդ տվէք, մինակ եմ, խելք չմնաց գլուխս, արտասուք չմնաց աչքերուս մէջ, զգացում չմնաց սրտիս մէջ: Չորս կողմս, գիշեր ու ցերեկ մերկութիւն, անօթութիւն և նուաղում, լաց ու վայնասուն…


Ղևոնդ եպս. ԴՈՒՐՅԱՆ
Բուլղարիայի հայոց առաջնորդ

«Երանի՜ նրան, ով չի տեսեր և չի լսեր»
900 տարիէ ի վեր բռնակալ Օսմ. կայսրութեան սուրեր կալանի մէջ ժանգոտած էր, սրբեց և փայլեցուց թշուառ հայոց արիւնով: Երանի՜ նրան, ով չի տեսեր և չի լսեր, մեր ջինջ գետեր արիւն դարձաւ, դաշտեր ու գիւղեր արիւնով ներկուաւ, այն աստիճանի հասաւ Տարօնոյ կոտորած, ոչ տեսնող է եղեր և ոչ լսող և ոչ ալ մեր հայոց պատմութիւն գրած է եղեր:


Եփրեմ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
Վարդենիս գյուղի բնակիչ

«Քիւրտ լամուկ մը»
Երիզակ գիւղին մէջ (Մշոյ դաշտ) տեսայ 3 տարեկան երեխայ մը, որ փորսող տալով կ’երթար աղբիւրէն ջուր կը խմէր, ապա գալով՝ դռան շէմքին սպաննուած իր մօրը դիակին վրայ գլուխը կը դնէր ու կը քնանար… Քիւրտ լամուկ մը երեք անգամ ատրճանակով կրակեց անոր վրայ, բայց գնդակ չառաւ անոր: Խեղճը այդ վիճակին մէջ թողնելով, մենք հեռացանք:


Սերոբ Ստեփանյան
Գեաբոլան գյուղի բնակիչ

«Գիւղից հեռացաւ, որ չտեսնի հայերի ջարդը»


Ազատուողներից մի մասը քաղցից, իսկ միւսները տարափոխիկ հիւանդութիւններից մեռան: Գիւղն այժմ աւերակ է: Մեր գիւղից եթէ ազատուողներ եղան, դա մեր մուդիր Խալըֆ էֆենդու շնորհքով էր. վերջին օրերը նա գիւղից հեռացաւ, որ չտեսնի հայերի ջարդը: Նա Փիոնք գիւղացի էր:


Մովսես ԱՄԻՐՅԱՆՑ
Լիզ գյուղի բնակիչ

Կորստաց հաշվեմատյան

Բերնը ունէր 124 տուն և 1000 բնակիչ, երկու եկեղեցի (Ս. Սարգիս և Ս. Գէորգ), դպրոց մը:

Բերնցի կիները և երեխաները վերադարձուցին Բերն և տան մը մէջ լեցնելով՝ վառեցին: Վառելու ժամանակ քիւրտերը կը պոռային. «Մեր կրօնը ընդունեցէք, որ ձեզ ազատենք»: Բայց վառուողները կարևորութիւն չտուին: Բերնէն ազատուած են ներկայիս 41 անձ:


Բերն գյուղի բնակիչ
Բերբուշ ԼԱՏՈՅԱՆ

Արտկունք ունէր 32 տուն և 300-380 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Յակոբ անունով, դպրոց մը, ջրաղաց մը:
Արտկունքէն ազատուած են ընդամէնը 7 մարդ, երեք մանչ, 7 կին և երեք աղջիկ:


Արտկունք գյուղի բնակիչ
Հարություն ՍԱՐԳԻՍՅԱՆ

Ընկուզնակն ունէր 40 տուն և 580 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Ստեփանոս անունով, հինգ ջրաղաց:
Ընկուզնակէն 14 անձ միայն ազատուած են:


Ընկուզնակ գյուղի բնակիչ
Հովհաննես ՄԿՐՏՉՅԱՆ

Սաղտուն ունէր 70 տուն և 600 բնակիչ, եկեղեցի մը:
Սաղտունէն ներկայիս ազատուած են ընդամէնը 12 անձ:


Սաղտուն գյուղի բնակիչ
Գրիգոր ՍԱՐԳՍՅԱՆ

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ