Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հարցեր ՀՀ վարչապետին (մաս 2-րդ)

Հարցեր ՀՀ վարչապետին (մաս 2-րդ)
19.09.2014 | 00:52

(սկիզբը՝ այստեղ)

Տնտեսական զարգացման համար անհրաժեշտ համակարգային և կառուցվածքային փոփոխություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նոր կառավարության ծրագրում անհայտ պատճառներով տնտեսության հիմնական ճյուղերի մեջ գյուղատնտեսությունը առաջինն է համարվել, այնինչ նախկին կառավարությունը նախատեսում էր տնտեսական աճը մեծապես ապահովել հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ զարգացման հաշվին՝ շինարարության և գյուղատնտեսության տեսակարար կշիռների էական իջեցում նախատեսելով: Երևի դա տեխնիկական վրիպակ է, քանզի ծրագրի նկարագրությունում նմանատիպ այլ վրիպակներ էլ կան, որոնք, հնարավոր է, բացատրվում են նախապատրաստման փոքր ժամանակահատվածով: Այնուամենայնիվ 2014 թ. հունվար-ապրիլին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 111,3 մլրդ դրամ` 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,1 %-ով, գյուղատնտեսական արտադրանքի և ձկնաբուծության համախառն ծավալը ավելացել է մոտ 5,2 %-ով, իսկ անասնաբուծության արտադրության ծավալը՝ 4,9 %-ով: Գյուղական բնակավայրերում առկա աղքատության բարձր մակարդակը, ի տարբերություն քաղաքների, ավելի շատ պայմանավորված է զբաղվածությունից ստացվող եկամուտների ցածր մակարդակով, քան գործազրկության մակարդակով (2012-ին մեկ շնչի եկամուտը կազմել է ընդամենը 38500 դրամ): Այդ ոլորտում նույնպես ցածր դրամական արդյունքները հետևանք են հետխորհրդային առաջին տարիներին անհաշվենկատ և սխալ անցկացրած սեփականաշնորհման, որում բնաիրային բնույթից անցում կատարվեց շուկայական տնտեսության հարաբերությունների, և ինդուստրիալ գյուղատնտեսության առավելությունները չպահպանվեցին: Այսօր ՀՀ-ում առկա է մոտ 340 հազ. փոքր տնտեսություն: Դեռ 1983 թ. Վիետնամում համոզվեցի, որ այդ երկիրը ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմից հետո, այդ ժամանակահատվածում Չինաստանի հետ կիսապատերազմական վիճակում գտնվելով հանդերձ, կարողացավ մի քանի տարում արդյունավետորեն կիրառել տնտեսությունների կոոպերացիայի սկզբունքը, ինչով ապահովեց իր սննդային անվտանգությունը և դարձավ սնունդ արտահանող երկիր: Մենք պատերազմի ավարտից ավելի քան 20 տարի անց էլ հեռու ենք այդ նպատակն իրականացնելուց: Կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով (ԱՀՌԾ, սկիզբ՝ 2003 թ.) նախատեսված տնտեսությունների խոշորացում տեղի չի ունեցել, ընդհակառակը, գյուղացիական տնտեսությունների քանակի որոշակի աճի պայմաններում կրճատվել էր նրանցում զբաղվածների և տնօրինվող հողատեսքերի քանակը: Անցած մի քանի տարիներին հաջողվել է շրջանառություն վերադարձնել 35 հազ. հա տարածք, բայց սնունդ ու կերեր ներկրող երկրում դրա 22 %-ը դեռ չի մշակվում: Վերջին 5 տարում ավելի քան 29 հազ. հողատարածք է վաճառվել: Համաձայն «Ագրոբիզնեսի» միջազգային կենտրոնի՝ ներկայումս գրանցված են ընդամենը մոտ 4 հազ. ֆերմերային կոոպերատիվներ, սակայն չկան տվյալներ, թե որոնք են գործում: Նախորդ կառավարությունը չկարողացավ հիմնադրել խոստացած գյուղատնտեսության ապահովագրման արդյունավետ համակարգ, քանզի կլիմայական պայմանների պատճառով այդ ոլորտը բարձրռիսկային է: Բազմիցս բացատրել եմ տեսական ծրագրեր գրողներին, որ գյուղատնտեսության ոլորտի հիմնական նշանակությունը սննդային անվտանգության ու տարածքային քաղաքականության խնդիրներն են, այլ ոչ թե սահմանափակ հողային տարածքներով ու բուսաբուծության բարձր ռիսկերով տնտեսական զարգացման շարժիչ ուժի դերակատարումը: Այդ տեսանկյունից նախորդ կառավարության հայտարարած գյուղատնտեսական ապրանքների արտահանման առաջանցիկ աճի խրախուսումը անհաշվենկատ էր և ուժեղ հարված հասցրեց երկրի տնտեսությանն ու բնակչության աղքատ շերտերին: Առանձին սննդամթերքների զանգվածային արտահանումը վնասում է տեղական սպառողների շահերին, քանզի առաջարկի կրճատումը հանգեցնում է դրանց մանրածախ գների աճին: Նախորդ կառավարության գործունեության սկզբում հայտարարված պանրի արտահանմանն աջակցությունը կաթի փոշի ներկրող երկրում հանգեցրեց պանրի գների կրկնակի աճին, ու գրանցվեց առաջին ինֆլյացիոն երևույթը: Այն ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի հետ մեր հանդիպմանը եկանք այն համոզման, որ ամեն երկրի բնակչություն սովոր է իրենց տեղական արտադրանքի պանիրների տեսականուն. և այդ քաղաքականությունը մեծ հեռանկարային զարգացումներ չի ունենա: Արտահանման քաղաքականությունը ձկնաբուծարանների զարգացման ճյուղում 10-12 տարուց հետո լուրջ խնդիր առաջացրեց (արտեզյան ջրերի պակաս և դրանից բխող հետևանքներ), և նոր կառավարությունը պարտադրված է ուղղել հետևանքները: Արտահանման քաղաքականությունում կառավարությունները պետք է ապահովեն առավել խոցելի սոցիալական խավերի պաշտպանությունը և զարգացնեն նաև գործիքներ, որոնք կօգնեն ֆերմերներին կառավարելու ռիսկերը: Նոր կառավարության ծրագրով նախատեսվում է էապես ընդլայնել գյուղատնտեսության սուբսիդավորման և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը, ջերմոցային տնտեսությունների ու ջրամբարաշինության ծավալների ավելացումը: Իրականում միայն արդյունաբերության զարգացման առաջանցիկ աճի հաշվին ու գյուղմթերքների նկատմամբ ներքին պահանջարկի արագ ընդլայնման արդյունքում կարելի է էականորեն բարելավել գյուղատնտեսական գործունեության եկամուտները և աղքատության կրճատում, միգրացիոն տեմպերի նվազում, գյուղմթերքների ներմուծման ծավալների բացարձակ և հարաբերական կրճատում ու նախանշված սուբսիդավորման ծրագրերի ֆինանսավորում ապահովել: Կարծում եմ, որ տնտեսությունների կոոպերացիայի ճանապարհին պետք է մշակվի նմանատիպ ծրագիր, որին շաղկապվեն ոչ միայն խորհրդատվությունները, այլև նախկին ծրագրերում մոռացված կերարտադրությունը, բարձր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև գյուղտեխնիկայի և ոռոգման ջրի ու պարարտանյութերի ապահովումը, ճիշտ սորտերի ընտրությունը՝ ցրտա-, երաշտա-, հիվանդությունների հանդեպ դիմացկունության հատկություններով և այլն:

ՓՄՁ-ՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարց է առաջանում. այդ ճգնաժամային իրավիճակում ինչպես կատարենք համակարգային փոփոխություններ տնտեսությունում, որ կարողանանք դուրս գալ միջազգային շուկա ու բարձրացնենք հանրության կենսամակարդակը: Ընդհանրապես զարգացած երկրներում այդպիսի նպատակի հասնելու համար գերակա նշանակությունը հատկացվում է ՓՄՁ-ին, քանզի նրանք ավելի ճկուն քաղաքականություն են վարում, ընդունակ են արագ աճի, ինչը խոշոր ընկերությունների համեմատ ավելի մեծ մրցակցային առավելություններ է ապահովում: Այդ երկրներում ՓՄՁ-ները ապահովում են ՀՆԱ-ում ծառայությունների 50 % և ավելի մասնաբաժին: Նախկին կառավարության մեղադրանքները, որ այն նպաստում էր օլիգարխիկ կլաններին, չի կարելի միանշանակ հիմնավորված համարել, քանզի ջանքեր գործադրեց «Կարֆուրի», հեռահաղորդակցության նոր օպերատորների տեղական շուկա մուտքը ապահովելու համար, ներդրեց ազատ երկնքի քաղաքականությունը: Միաժամանակ 2012-2013 թթ. պաշտոնապես փակվել են շուրջ 3000-ից ավելի մանրածախ օբյեկտներ, արդյունքում մոտ 15000-ից ավելի աշխատողներ են վերացել: Դրանում կարելի՞ է սուպերմարկետների տերերին մեղադրել ու սահմանափակել նրանց գործունեությունը: Իհարկե ոչ, քանզի նրանց գործունեության ընդլայնումը կատարվել է շուկայական տնտեսության մեխանիզմների, ավելի բարձրորակ սպասարկման և հաճախորդների համար նպաստավոր գների կիրառմամբ: Ի պատասխան մանրածախ առևտրում փոփոխությունների՝ նոր կառավարությունը նախաձեռնեց առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող մանր սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 %-ից մինչև 1 % նվազեցումը, ինչը կբերի պետության տարեկան եկամուտների 8 մլրդ դրամով նվազման: Բայց արդյոք դա՞ պետք է դառնար հիմնական ուղի: Տնտեսության փլուզման փուլում տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում և` բարձրակարգ, պարտադրված զբաղվեցին առևտրով, այժմ էլ ինժեներներին և գիտնականին կարելի է հանդիպել տաքսիների ղեկին: Հետևաբար, հարցը պետք է քննվի այլ հարթությունում: Կառավարությունները պետք է ՓՄՁ-ի կառուցվածքային շուկայական փոփոխություններ կանխատեսեն և մարդկային ռեսուրսը արդյունաբերություն և ծառայությունների ոլորտներ վերաուղղելու հնարավորություններ ստեղծեն: ՓՄՁ-ի զարգացմանն ու աջակցմանը կառավարության քաղաքականության արդյունքները ավելի քան տագնապալի են. ՀՆԱ-ում ՓՄՁ-ների ներդրումը շատ ցածր է. 2011 թ.՝ 25,9 %, իսկ 2012 թ.՝ 27,1 %: Նրանց կազմում գերակայում են գերփոքրերը (մինչև 10 մարդ)՝ 93,5 %, ու ըստ տնտեսության ճյուղերի մանրածախ և մեծածախ առևտուր ու մեքենաների վերանորոգում՝ 59 %, մշակող արդյունաբերությունը՝ ընդամենը 6,2 %: Մյուս ոլորտների չափաբաժինները շատ ավելի փոքր են: Նրանցում զբաղվածների քանակը 2012 թ. կազմել է 290 հազ. մարդ, կամ աշխատունակ բնակչության ընդամենը 13 %-ը, իսկ զբաղվածների՝ 24,8 %-ը, որոնցից զբաղվածության պատկերում հիմնական ներդրումը նույնպես կատարում է առևտուրը, ապահովելով ՓՄՁ-ների շրջանառության 47,8 %-ը: «Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետություններում չկան տեղեկություններ նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու արդյունաբերությանը ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների մասին, որոնք, ըստ կառավարության, պետք է դառնային աջակցության հիմնական թիրախները՝ տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն: Հետևաբար, ՓՄՁ ոլորտը, որը, ըստ կառավարության, իր առանձնահատկություններով և զարգացման հնարավորություններով պետք է նշանակալի ազդեցություն ունենար երկրի տնտեսական զարգացման վրա, իրականում էական ազդեցություն չունի այդ գործընթացի վրա, իսկ նրա կառուցվածքը չի կարող լուծում տալ առողջ զարգացման մարտահրավերներին («Новое время» 2001, «Деловой экспресс», 2002, 2003, «Голос Армении», 2006, «Իրատես de facto», 2014): Նախանշված արդյունաբերության զարգացման միջոցառումներում կառավարության 30.01.2014 թ. թիվ 77-Ա որոշումն ակնհայտ ապացուցում է, որ երկրում ինովացիոն տնտեսության հիմքերը զարգացնելու պատկերացումներ չեն հասունացել և չկան բարձր ավելացրած արժեքով արտադրությունների միջոցով տնտեսությունը դիվերսիֆիկացնելու բեկումնային քայլեր: Այդ գործիքները նոր որակի ՓՄՁ-ի կայացում և հիմնադրման պահից աջակցություն են պահանջում: Օրինակ, ԵՄ ՓՄՁ աջակցման գերակա գործիքները աշխատում են հիմնականում ՏՏ, կենսատեխնոլոգիայի, էկոնորարարության, առողջապահության, էներգետիկայի, սոցիալական նորարարության, նանոտեխնոլոգիաների, արտադրության, սննդի վերամշակման, տրանսպորտի, տիեզերքի և այլ ոլորտներում: ԵՄ տնտեսական զարգացման դրամաշնորհային ծրագրերում հրամայական պահանջներից է այդպիսի գիտական ու արտադրական ՓՄՁ-ներին միջոցների 20-60 %-ի հատկացումը, քանզի դրանք հետագա առևտրացման գործընթացներում համարվում են գլխավոր շարժիչ ուժ, և դրանց միջոցով մասնավոր հատվածում 85 % նոր աշխատատեղերի ստեղծումն է ապահովվում: Կառավարության նոր ծրագրում նախատեսված է նորարարության զարգացման դրամաշնորհների ծրագրի իրականացում, որի արդյունքում նախատեսվում է մրցութային կարգով ընտրված ծրագրերի մինչև 50 %-ի չափով համաֆինանսավորում: Անգամ ԵՄ-ում, իր զարգացած նորարարական գործունեության ենթակառուցվածքներով, ՓՄՁ-ներին 6 ամսով 50 հազ. եվրո դրամաշնորհ է հատկացվում՝ գնահատելու նորարարական գաղափարի կենսունակությունը և մշակելու մարկետինգային ռազմավարությունը, հաջորդ քայլը՝ 1-2 տարով 1-6 միլիոն եվրո դրամաշնորհի հատկացումն է տեխնոլոգիայի ցուցադրական գործողությունների կամ առևտրացման համար (2013՝ 21 երկրներից ՓՄՁ-ների 155 նախագծեր): Հետևաբար երկրում, որտեղ նախկին կառավարությունների մեղքով չեն հիմնադրվել արտադրական նորարարություններն առաջ մղող կառույցները, չկան ինովացիոն ակտիվ արտադրություններ և վենչուրային հիմնադրամներ, կառավարության առաջարկած գործիքը ակնհայտ անիրատեսական է:
Կառավարությունների ոչ արդյունավետ ծրագրային մոտեցումների հետևանքով տուժում է հանրությունը: Նախորդ տարիների տնտեսական աճը էականորեն չի նպաստել ժողովրդի կյանքի որակի բարելավմանը: 2013-ի համար Gallup և Healthways ընկերությունների համատեղ կազմած աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշային աղյուսակի համաձայն` մեր երկրում բնակչության 92%-ը բացասական է պատասխանում ֆինանսական, նպատակային բարեկեցության մասին հարցերին, 8%-ը՝ դրական: Եվրոբանկի գնահատականներով՝ տարածաշրջանում Հայաստանը դարձել է տնտեսապես ամենաթույլ զարգացած երկիրը: Այսօր առևտրի ոլորտում ներմուծումը 2,8 անգամ շատ է արտահանումից, և արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն կազմում է 879 մլն դոլար: Արտաքին պարտքը 1998-2008 թթ. կազմել էր 1,7 մլրդ դոլար, 2014 թ. ապրիլի վերջին` արդեն 4560 մլն դոլար, իսկ ժողովրդի բարեկեցությունը, դրան զուգահեռ, նվազում է: Ամենախոշոր վարկատուն՝ ՀԲ խումբը, տարբեր ծրագրերով աջակցում է Հայաստանին: Սակայն միջոցները հիմնականում մղվում են կամ կառավարության լծակներին, կամ խոշոր արտասահմանյան ձեռնարկությունների տեղական մենաշնորհ գործող հիմնարկներին: Այդ ձեռնարկությունների դեպքում վարկերի կիրառման արդյունքը հաճախ ոչ արդյունավետ է, քանզի արտահայտվում է ծառայությունների սակագների ավելացմամբ, իջեցնելով երկրի մրցունակությունը, իսկ Հայաստանի քաղաքացին վճարում է այդ ընկերությունների վերցրած վարկերը: Դա կատարվում է, երբ ՀԲ-ն համարում է, որ «Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների, ու երկրի բարեփոխումների գլխավոր օրակարգը հանդիսանում է ՓՄՁ-ների դերի բարձրացումը արտահանման և տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրներում»:

Այդ մասին վկայում է նաև արտահանման կառուցվածքը. ավանդական տեսակներին (հանքաքարի և խտանյութի տեսքով մետաղներ, կոնյակ և այլն), վերջին տարիներին ավելացել են միայն ծխախոտային, ձկան, ապակե տարաների ու բուսաբուծական արտադրանքները: Բայց, փաստացի, ՀԲ-ի ծրագրերը սահմանափակվում են մասնավորի վարկավորմամբ, խորհրդատվություններով, կառավարությանը տեխնիկական աջակցությամբ և ներդրումային միջավայրի բարելավմամբ: Այդպես 2.07.2014 թ. ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 50 մլն դոլար նոր փոխառության տրամադրումը՝ առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո, 9,54 մլն դոլար կազմում է կառավարության ներդրումը: Աջակցություն կցուցաբերվի հետևյալ հարցերում. 1) առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավում, 2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների՝ արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանն ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակից ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ գրավելու միջոցով և 3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման միջոցով: Այսինքն, չկա իրական աջակցություն նոր ժամանակակից ՓՄՁ-ների աճին, ձեռնարկատիրության դիվերսիֆիկացմանը, արտադրությունների նորարարական ուղղությունների ներդրմանը և նման այլ գերակայություններին: Չունենք ՓՄՁ-ների նորմալ կառուցվածք, ժամանակակից արտադրություն, չունենք արտահանման ենթակա ապրանք, և հարց է ծագում` ո՞ւմ է հասցեագրվում նոր վարկով աջակցությունը: Տրամաբանական կլիներ սկզբում դիվերսիֆիկացնել արտահանման բազան բարձր ավելացրած արժեքով արտադրանքով: Իրական արժեքներ ստեղծելն իհարկե ավելի դժվար է: Վարկային ռեսուրսների անարդյունավետ կառավարումը հաստատվում է ոչ միայն աշխատատեղերի ավելացման լճացմամբ, այլև դրանց տոկոսները նոր վարկերով մարելու կործանիչ սկզբունքով: Մյուս օրինակը. նախկին կառավարությունը եվրաբոնդեր թողարկելով` 190 ներդրողներից 700 մլն դոլար պարտք է վերցրել ու այդ գումարից փակել ավելի ցածր տոկոսադրույքով ռուսական պարտքը: Ի տարբերություն Հայաստանի՝ նույն ամսում ՀԲ-ն հաստատել է Թուրքիային տրվող 250 մլն դոլար վարկ՝ ուղղված նորարարական ՓՄՁ-ի ֆինանսավորմանը, ինչը ավանդական բանկային վարկերի այլընտրանք է, քանի որ նախատեսված է միջոցների հատկացման գրավի և վարկային պատմության բացակայություն ունեցող ՓՄՁ-ին: Արդեն իսկ հասկանալի է, թե որ երկիրն է ավելի արդյունավետ ձգտում կառուցել ժամանակակից տնտեսություն: Արդյոք կառավարությունը և վարկավորող կազմակերպությունները ճի՞շտ են կատարում տեղական ծրագրերի ընտրությունն ու հաշվարկում վարկի վերադարձելիության ռիսկերը: Արդիական կլիներ նաև ստանալ ՀԲ-ի պարզաբանումը, թե ինչու նախորդ կառավարության օրոք արտաքին պարտքի աննախադեպ աճը չի նպաստել նոր աշխատեղերի ստեղծմանը («Իրատես de facto», 2014):
Նախկին կառավարությունը նախատեսում էր դեֆիցիտի ֆինանսավորումը կատարել պետական պարտատոմսերով ու կենսաթոշակային ապահովագրական բարեփոխումների միջոցով (կառավարության 4.07.2013 N 740 – Ն որոշում), որը չի համընկնում իր հայտարարած բարեկեցիկ ծերություն ապահովելու երաշխիքների գերակայության ու արդյունաբերության զարգացման համար երկար փողերի քաղաքականության հետ: Արդյունքում հավանությունը տրված էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին, որը հակասում էր ՀՀ Սահմանադրությանը և ընդհանրապես անհրաժեշտ չէր զբաղվածության տագնապալի հանգամանքում, քանզի տնտեսական աճի ու բարեկեցիկ ծերության երաշխիքը առաջնային պետք է դառնար զբաղվածության ու երկրի մրցունակության ավելացման շնորհիվ (աշխատունակ հասակի բնակչության գործազուրկ մասը կազմում է մոտ 50 %) («Իրատես de facto», 2014): Ի տարբերություն մեր կառավարության՝ ՌԴ կառավարությունը մոտ 0 % տնտեսական աճի հանգամանքում 2014 թ. որոշեց նորից սառեցնել կենսաթոշակային պարտադիր մուծումների անցումը արդեն 2015 թ. օգոստոսի համար, նախատեսելով հիմնարար անցում դեպի կամավոր համակարգ, որն այժմ մանրամասն կմշակվի:

(շարունակելի)

Արմեն ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Մեկնաբանություններ