Ըստ ombuds.am կայքի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում: 2005 թվականից այս կազմակերպությունը իր խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, ովքեր չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը:
Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշել են, որ իրենց հուզող ամենակարևոր հարցերից մեկը մանկատան սաների պիտակավորումն է, որը հաճախ տեղի է ունենում հեռուստատեսությամբ կամ լրատվության այլ միջոցներով: Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում: Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել:
Անսալով մանկատան շրջանավարտների խնդրանքին, միևնույն ժամանակ հարգելով բոլոր լրատվամիջոցների խմբագրական անկախությունն ու արտահայտվելու ազատությունը՝ օմբուդսմենը հորդորում է բոլորին զերծ մնալ մանկատան և այլ խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների մասին անթույլատրելի ու վիրավորական կարծրատիպեր ձևավորելուց: Միևնույն ժամանակ, ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրների մասին օբյեկտիվ և ճշմարտացի լուսաբանումը չափազանց օգտակար է նրանց իրավունքների պաշտպանության համար:
Կարեն Անդրեասյանը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը և հիշեցնում. «Հունիսի 1-ը ոչ միայն սեփական երեխաներին զբոսայգի տանելու օրն է, այլև խոցելի երեխաների մասին խորհելու ժամանակը»: