Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)

Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)
07.03.2014 | 11:43

Քաղաքը քնած էր։ Լուռ էր։ Բայց երբ մեքենան Բաղրամյանից թեքվեց պողոտա` լռությունը ձայն ստացավ, իսկ Ազատության հրապարակից տարածվող միասնական, հսկայական սրտի բաբախյունը միայն գրողական երևակայություն չէր, հավատացեք։
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԼԵՎՈՆՅԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄԸ

(ֆելիետոն-նամե)

Հավատում եմ, այն էլ ինչպես, շնորհաշատ տիկին Կարինե։ Հավատում եմ և պնդում, որ գալիք վերափոխումների օրերին հարթակներում և ամենուր ազատատենչ տիկնայք հայկազուն պիտի լինեն առաջին դիրքերում և այրաց աջ ուսին սատար կանգնելով` այրվեն ու լույս դառնան վասն հայրենյաց։ Այրվելը, անշուշտ, փոխաբերական իմաստով, լույս դառնալը, իհարկե, ուղղակի։ Ի՜նչ կանայք կան 3-րդ հանրապետությունում` արիասիրտ, հավատավոր ու հմայքներով բերնեբերան լեցուն։ Մի խոսքով, ձեզնից յուրաքանչյուրին վստահում ենք մի-մի զորագունդ (համալրված ուղղամիտ, զմայլուն և ամենակարևորը` ապաքաղաքականացված կին-աղջիկներով) և հրավիրում ենք Ազատության հրապարակ։ Զի «թավշե իշխանափոխությունը» միակ ելքն է երկրի, ազգի, մատաղ սերնդի և... հայկական բնաշխարհի փրկության։ Մի պարզ պատճառով, մեր քաղաքական մշակույթը, հատկապես նրա ազատատենչ հատվածը (հազար ու մեկ ներողագիր), սակայն մի փոքր կարծես երկնագունել է։ Ինչո՞ւ։ Ինչ իմանամ, գուցե Մայդա՞նն են երազում տեսել, միգուցե Տեր-Պ. Լ.-ի գորովագութ ճառի՞ց են սարսափել։ Այո՜, հիմնադիր նախագահը, ինչպես միշտ իմաստուն և անշփոթ, ընդվզումը փակուղեց, այնուհետև կերտեց իշխանափոխության տեսլականը` առաջնորդի ջահը տալով Ծառուկյանի ձեռքը։ (Ո՞Ւր մնաց ավազակապետության կազմաքանդումը)։ Զարմանալի է տիար Լևոնը. հենց նրան վստահողների թվաքանակը զորանում է, հակադարձ համեմատությամբ թնդանում է նրա ձանձրույթը ամենայն շարժման (սույն պարագայում` հարկավ կազմաքանդման) նկատմամբ։ Սակայն չէ՞ որ 2008-ին համակարգը մասնակիորեն էր ավազակապետական, այժմ` լիարժեք «թալանտորգ» է։ Մի խոսքով, խոնարհումս առ 3-րդ հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան։ Հարցնում եք խռովաձայն` ինչո՞ւ, պատասխանում եմ լալահառաչ՝ այրը սույն վերջնականապես հրովարտակեց ի լուր ՀՀ-ի, «Ես այսուհետ հայոց նորագույն պատմության դասագրքում եմ, ինձնից մի՛ փորձեք թխել ո՛չ Շառլ դը Գոլ, ո՛չ դոկտոր Մուսադեղ, ո՛չ էլ, հասկանալի է, Վարդան Մամիկոնյան...»։

Այնպես որ, 1988-ի Ազատության հրապարակը շարունակում է յուր խաղը զավեշտի թատրոնի կնիքը գրպանում։ Ի՜նչ պատկեր էին սեփական ժողովրդի ձեռամբ նախագահ դարձած, սակայն հաղթանակը չմարսած Ստեփան Դեմիրճյանը Թատերական հրապարակի հարթակում, Րաֆֆու ըմբոստ առանձնացումն էլ զանգվածի շարքերում։ Իսկ թե ինչպես ձերբազատվել արդի քաղաքատնտեսական վայրիվերումներից, ծանոթացեք մեր վերջերգում։ Այո՜...

ՆԱԶԱՐԱՊԱՏՈՒՄ, 21-ՐԴ ԴԱՐ

(պամֆլետ-օրատորիա)

«Սանասար ասաց Բաղդասարին.

-Առաջ զմեր բե՞րդ շինենք,

թե չէ` զէդա աղքատ-ուղքատի տներ։

Բաղդասար պատասխանեց.

-Առաջ շինենք զէդոնց տներ,

ՈՒ նոր շինենք զմեր բերդ.

Էդ խեղճ մարդեր չեն կարնա

Արևուն առաջ կենա։

ՈՒ սկսեցին զտներ»։

Օվալաձևի գլխավոր երեսփոխան Աբրահամյան Հովիկն Արմավիրում էր։ Անըմբռնելի առաքելությամբ, զի բանկերի վարկերն անհնար է մարել, քանզի ներկրված սերմացուն վատորակ էր, ոռոգման ջուրը` կրակի գնի, և երկու բան է մնում Արարատյան դրախտավայր-դաշտավայրի աբորիգեններին` կամ արտագաղթել, կամ էլ կրակի բերան տալ հանդ ու այգի և հացադուլի նստել Օվալաձևի դիմաց։ Չի օգնի։ Զի գաղափար չկա այս ամենում, իսկ գաղափարն առկա է «ԼԼ» արևելյան ծովախորշում, ուր հանրահայտ է, որ հայ ժողովրդին այս օրերին մի բան է մնում` արհամարհել իրեն արհամարհողին (այսինքն` պետական այրաց ու տիկնանց) և այպանել աճպարարներին, ասել է՝ քաղաքական գործիչներին` Օվալաձևում և Թատերական հրապարակում։ Այո՜, դանակը հասել է մեր ոսկորին, բայց մենք, մեր տանն ու փարախում, շարունակում ենք հույսեր փայփայել, թե, ահավասիկ, վերին ներքնադասի ահարկու որկորը պիտի նստի ու լացի մեր նյութազրկվող ոսկորի դարդը։ Չի լինի, էպոսի խորհուրդը գլխիվայր է շրջված, վերին ներքնադասը պետություն կառուցելու ղեկը գրկելով նախ սեփական դղյակներն է կառուցել (հետո «մոռացել» կառուցող վարպետին ու բանվորին հավուր պատշաճի վճարել), հետո երկրի տնտեսությունն է ամորձատել (ցորյանն ու պտղամիսը` իրեն, հարդն ու տերևը` արյունակից ժողովրդին), այնուհետև անցել է լայնածավալ թլպատման։ Այս ամենը մի՞թե մեր ցավագին անցյալը չէ, մեր դառնաղի ներկան չէ, և մեր ահասարսուռ ապագան։ Հարկավ այո։ ՈՒրեմն ինչո՞ւ ենք հավատում, ինքնախաբվում։ Գոնե այսօր հարկ է հասկանալ, որ «Նազարապատումն» է ժամանակի շունչն ու ոգին և ոչ թե «Սասնա ծռերը», քանզի պետական այր ու տիկնայք բառացիորեն դրածո են անդրօվկիանոսյան վարկատու-վաշխառուների ձեռքին, մենք էլ կենսաբեր հանածո` դրածոյաց ձեռքում։

Այո՜, «Նազարապատումը» պատմափուլ է, թատերախաղի գլխավոր դերակատարներն ամենուր են, ուր իշխանական թեկուզ մեկ թիկնաթոռ կա և կառավարական երկու թղթապանակ։ Անշուշտ, թիկնաթոռներն ու թղթապանակները խորսխված են երդվյալ պնակալեզների շարասյուներով, որոնք և ոչ մի պայմանով երդմնազանց չեն լինի, չափազանց ծանր է ընդհանրական հանցանքի բեռը և դարձի կամուրջներն են վաղուց այրված, մնում է խրոխտ խափանել զարգացման ամեն մի փորձ և ինքնաբավ ինքնասիրահարվել։ Ինչ ասես, որ չարժե ոմանց ինքնահոխորտանքը։ Սրանց իշխող կուսակցությունը խորհրդարանը իսպառ շփոթել է խորտկարանի հետ, պետականությունն ունեզրկված է մինչև վերջի սկիզբը, ի՜նչ փույթ, թե փորձառյալ քաղաքական նավավարները սեփական հուշակոթողն են կերտում, իրենց պարտապան անձը դասելով պետականակերտ հայոց դասականների կոհորտայում, անշուշտ, մարմարակերտ դամբարանի տեսքով։ Ինչ են հրապարակում անվիճելիորեն մտավոր ներուժի ավելցուկից տառապող և սեռահասուն տարիքը վաղուց հաղթահարած սույն արորդիները... Մերթ համոզված են, որ իրենք արդեն իսկ «պաշտոն են և տիտղոս», մերթ, որ «մեծ պատիվ կլինի, եթե իրենք ժողովրդի հետ նստեն ավտոբուս», մերթ, որ «իրենք խրճիթում են ապրում», մերթ էլ, որ «չլվացված էլ, միևնույն է, լվացված են»։ Այո՜, ոմանք, նաև ինչու չէ, անվերապահորեն խոսրովհարությունյանական, արտաշեսգեղամյանական, վազգենմանուկյանական, միանգամայն օրինաչափորեն արմենգևորգյանական, ի վերջո, ահավասիկ, րաֆֆիհովհաննիսյանական, վահանհովհաննիսյանական (և այլք) լեղի թթխմորը դեռ շատ երկար է մեր հանապազօրյա հացը գարեհացի փոխարկելու, եթե, անշուշտ, նրանք գահին մնան։

Գահընկեցման ուղին արդար է և ուղիղ։ Ահավասիկ սովյալ գյուղի չարքաշ գյուղաբնակին թև-թիկունք է փորձում կանգնել արգո Աբրահամյանը Հովիկ։ Լինելո՞ւ բան է։ Ո՛չ, զի նրա միայն կալվածքը հայրենի Մխչյանում և դղյակը մայրաքաղաքում որպես ապրուստ և դոլարային հովանի զուգակշռում են Արմավիրը ողջ, Գյումրին ու Վանաձորն էլ` վրադիր։ Սա քաջագույնս հայտնի է մեր անվեհեր չարքաշներին, բայց ինչո՞ւ են նրանք անվարան շրջակալում և արդար հատուցում սպասում Օվալաձևի տիրակալից և տիրակալի արևով երդվող սեփական մարզպետ-ֆեոդալից։ (Մի՞թե միևնույնը չէ վարչապետի և այլոց պարագայում)։ Լավ, ինձ չեք վստահում, իմ աննկուն սրտակիցներ, գոնե երկրագունդը ֆուտբոլի գնդակի պես չլող Չերչիլ ՈՒինսթոնին ունկնդրեք, ով վստահեցնում էր. «Նա, ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելուն»։ Ա՛յ, երբ Հովիկ Ա.-ն Արմավիր հասնի երթուղայինով (գուցե գնացքով, միգուցե քայլերթով, գյուղ առ գյուղ) ու երբ մարզպետը նրան դիմակայի նոր-նոր հանդի փոշին վրայից մաքրած հողաթափերով, կհասկանանք, որ իրոք երկրում ժողովրդավարություն է։ Այսպիսով, մեզ մի բան է մնում` անտեսել մեր կյանքից ցանկացած իշխանավորի և յուրաքանչյուր կառավարչի։ Նրանք բռնազավթել են երկիրը և թող հղփանան։ Մինչև երկրային ու երկնային դատաստանները։ Եվ թող նրանց գրոհային հղփացմանը «շաբաշ տա» Հեֆեռնը Ջոն, որն օրերս Գավառի հաշմանդամ երեխաների օթևանում էր։ Ինչո՞ւ, հանուն ինչի՞, և մի՞թե դա է նրա դիվանագիտական առաքելության խորհուրդը։ Հարկավ ո՛չ։ Մի խոսքով, օտարվում ենք քաղաքականությունից, անտեսում իշխանություններին։ Գուցե թե այս ճանապարհով հասնենք մի որոշյալ հանգրվանի, թե չէ անգամ ի բնե քաչալի մազերն են խուրձ-խուրձ անտառի վերածվում, երբ նա մտածում է, թե ինչ կլինի երկրի վաղվա օրը ներկա քաղաքական պատուհասության ջրհեղեղներում։ Ոչ մի սարսափազդու բան էլ չի լինի, իշխանության կգան սաքուլիկները և ներկա «թավշյա բռնապետությունը» կփոխարինվի «հաշմված պետականությամբ»։ Ի դեպ, արդյոք ժամանակը չէ՞ Լենինգրադյան, Սեբաստիայի և Գրիգոր Հասրաթյան փողոցները խաչմերուկող եռանկյուն պուրակում, ուր յուրաքանչյուր Ամանորից առաջ փարթամ եղևնին է վեր սլանում (հետո չգիտես ուր է անհետանում), կերտելու 3-րդ հանրապետության կայացման առհավատչյաների արձանը։ Բա՜...

ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

(ոչ սարկաստիկ վերջերգ)

Քայլարշավում ենք դեպի Ազատության հրապարակ։ Ցանկալի են` «Տիկնանց դիվիզիայի» ներկայությունը` մեկ, որևէ իշխանավորի առջև գլուխ չխոնարհած մտավորականների կուռ շարքերը` երկու։ Անվերապահորեն «Դեմ եմ» երիտշարժումն է հարթակի առանցքը։ Նաև, անշուշտ, դեռևս չխոտորված «Նախախորհրդարանը», «Դաշտային հրամանատարների» ներդաշնակ դաշինքը և, ի վերջո, 4-րդ հանրապետության քաղաքացիները։ Այնպես որ, հեքիաթն ավարտվում է, ու վիշապը պիտի անպատճառ սատկի։ Մեր անկախ պետականության ակունքներում բույն հյուսած վիշապը։ Ամեն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ