Խոսքս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ. որտե՞ղ էր նախկին խորհրդականը, երբ Քոչարյանը 10 տարի մեզ «կորսման» էր մատնում, երբ ավերում էր տնտեսությունը: Կարդում էի Լիպարիտյանի ընդարձակ հարցազրույցը («Իրատես de facto», թիվ 6) ու փորձում էի վերլուծել և հասկանալ, թե որն է այդ հարցազրույցի մեխը, վերջապես ի՞նչ է ցանկանում ասել առաջին նախագահի ավագ խորհրդականը, որի լիազորությունների ավարտից անցել է համարյա 17 տարի: 17 տարվա ընթացքում ինչե՜ր ասես, որ չտեսավ մեր երկիրը: Վերջապես ցանկանում էի նաև հասկանալ` ուսանելի՞ են արդյոք այդ քաղաքական գործչի դասերը մեր և ապագա սերունդների համար:
ՈՒսանելի դաս առաջին։ Հիմնական հարցն այսօր հետևյալն է. կարո՞ղ են 2014-ի մեր իշխանավորներն ու նրանց հակառակորդները անել այն, ինչ մի հազարամյակ, նույնիսկ 1500 տարի առաջ մեր թագավորները, իշխաններն ու կաթողիկոսները չկարողացան անել: Այն է` վերանալ իրենց անմիջական, ինստիտուցիոնալ, մասնավոր շահերից ու մտածել պետականորեն` ի շահ մի պետության, ինչը, ի վերջո, ծառայի ժողովրդին: Բռա՛վո, Լիպարիտյան, անգամ շնորհակալություն, որ կատարում եք նման օբյեկտիվ հարցադրում: Բայց նման հարցադրումից անմիջապես մեկ այլ հարց է առաջանում: 1500 տարվա հիշողության հետ կապված այդ հարցադրումը ե՞րբ ծնվեց Ձեր մեջ։ Այն ժամանակ, երբ ՀՀ առաջին նախագահի խորհրդակա՞նն էիք, թե՞ հեռանալուց հետո՝ այդ 17 տարիների ընթացքում, բարեկեցիկ կյանքով ԱՄՆ-ում ապրելու տարիներին: Այստեղ կցանկանայի հարցնել պարոն Լիպարիտյանին. նախագահի խորհրդական եղած երեք տարիներին գոնե մեկ անգամ, տեսնելով հարուստ ու հզոր Խորհրդային Հայաստանի թալանը, նրա հզոր ագրոարդյունաբերական ինֆրաստրուկտուրայի քայքայումը, գոնե մեկ անգամ համարձակություն ունեցե՞լ եք մտերմիկ ձևով ասելու Լևոնին. «Եղբա՛յր, ախր այդպես երկիր չեն կառավարում»։ Թե՞ Արևմուտքից Հարավ առաքելությամբ Հայաստան որպես նախագահի խորհրդական գործուղման ծրագրերի մեջ նման հարցադրում չկար: Պարոն Լիպարիտյան, Ձեր հարցազրույցի այդ ուսանելի հարցադրումը ևս մեկ անգամ ամրապնդեց իմ մեջ այն համոզմունքը, որ հայ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը երբ կառավարման ղեկին է, իր ողջ ուժը, եռանդը, փիլիսոփայությունը մսխում է որոճալու վրա, իսկ պաշտոնաթողության ժամանակ սկսում է խորհել, փիլիսոփայել բարձր մատերիայից, որոնք վերջին հաշվով անպտուղ մտորումներ են: Կներեք, Դուք այժմ ճիշտ այդ վիճակում եք:
Պարոն Լիպարիտյան, Դուք իսկ և իսկ Լևոնի տիպի աղբար եք (եղբայր, եխպար, ախբար, ախպար-նույն բառերն են-Ս.Հ.): Չմտածեք երբեք, թե ցանկանում եմ վիրավորել Ձեզ այդ բառով: Բացատրեմ, եթե ասելիքս հասկանալի չի լինի, պատրաստ եմ ներողություն խնդրելու: Դեռևս Մերգելյանի հայտնի ինստիտուտում (այդ ինստիտուտի տեխնիկական մտավորականությունը ՀՀՇ-ի հարվածային ուժն էր: Իսկ թե ուր է այսօր պանծալի տեխնիկական այդ մտավորականությունը, հարցրեք Լևոնին) աշխատած տարիներին հաճախ էինք մտերմիկ զրույցի բռնվում անվանի թարգմանիչ Բուջիգանյանի դստեր` Սեդա Բուջիգանյանի հետ: Տեխնիկական այդ լավ մտավորականը մի օր դժգոհեց, թե իրեն լավ չի զգում Հայաստանում, որովհետև հաճախ իրեն ախպար են ասում: Ճիշտն ասած, ես շատ տխրեցի, որ տարիներ շարունակ ապրելով Հայաստանում՝ Սեդան դեռ չէր ազատվել այդ բարդույթից, և ասացի. «Սեդա ջան, ինձ էլ գեղցի են ասում, հիմա դրա համար ես պիտի մտածեմ Հայաստանից հեռանալու մասի՞ն»: Մեր ազգային (ինձ թվում է՝ ոչ միայն հային է հատուկ դա) հոգեբանությունն է դա. աղբար, ղարաբաղցի, գյումրեցի, էշ ապարանցի, ժլատ արտաշատցի, քցիբ աշտարակցի, բայց դա չի նշանակում (փա՜ռք Աստծո, այդ տխմար հասկացությունը այսօր շատ է մեղմվել), որ մենք պիտի խռովենք մեր երկրից: Եվ, ցավոք, դարերով մեր մասնատվածությունը բերել է մեր հոգեբանության աղճատմանը, չենք կարողանում վեր կանգնել տեղական շովինիզմից: Տեղին է հարցնել, այսօր Ռուսաստանի ողջ կառավարող էլիտան որտեղի՞ց է: Չգիտեմ, այդ էլիտան մեր աղբար էլիտայի, ղարաբաղցի ընտրյալների նման թալանո՞ւմ է Ռուսաստանը, թե՞ ոչ, գուցե և այո, բայց նրանց մեջ կա գոնե մեկը` Պուտին անունով, որը ոչ թե խոսքով, այլև գործով, մտահոգված է Ռուսաստանի ճակատագրով: Այստեղ կուզեի հիշել Օտտո Բիսմարկին. «Վատ օրենքների և լավ պաշտոնյաների պարագայում կարելի է երկիրը կառավարել, բայց եթե պաշտոնյաները վատ են, չեն օգնի նույնիսկ ամենալավ օրենքները»: Կուզեմ ասել, որ անկախության մոտ քառորդդարյա մեր ողջ դժբախտությունը եղել են մեր վատ աղբար, ղարաբաղցի և տեղացի որոճացող պաշտոնյաները:
Տեղին է ևս մեկ հարցադրում անելը: Աղբար, ղարաբաղցի տարբերակող տեղացին իրեն նախագահ ընտրեց աղբար Լևոնին (հիշում եք, ինչպես էր ժողովուրդը «Լևոն-Լևոն» կանչում և ինչ սիրով էր վազում նրա հետևից), Ռոբերտին ընտրեց դարերով հայի մեջ ձևավորված ղարաբաղցու դրական կերպարի համար և ...
Հետևաբար, խոսքը ոչ թե աղբարի կամ ղարաբաղցու կամ էլ նրանցից ոչ մի բանով չտարբերվող տեղացի թալանչու մասին է, այլ հայի այն տեսակի, ավելի ճիշտ հայ ղեկավարի մասին է, որ պաշտոնում միայն որոճում է:
ՈՒսանելի դաս երկրորդ։ Անվտանգություն ասվածն այնքան ենք պարզեցրել, որ կարելի է երկու բառով ներկայացնել. ցեղասպանությունից` Ռուսաստան: Այնքան պարզ է, որ չի հոգնեցնում միտքը, մեր չարչրկված միտքը: Այդ բառակապակցությունը մեր հոգնած ուղեղներին ու անավարտ պայքարներին տալիս է մի նոր հանգստություն: Հանգստություն, որն այս առումով կարծես ունեինք սովետի ժամանակ` գոնե արտաքին հարցերի կապակցությամբ: Առաջին` հայն ունի ծորացող վերք` ցեղասպանությունը, որից երբեք և ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել, ինչպես նորմալ մարդը չի կարող հրաժարվել իր ազգային պատկանելությունից: Լևոնը և Դուք տարիներով սիլի-բիլի էիք անում թուրքերի հետ, և դրա նպատակը մեկն էր՝ ռուսներին քշել Անդրկովկասից: Դեռևս անցյալ դարի 90-ականների վերջերին, այսինքն, երբ դեռ նոր էր թափ առնում Լևոնը որպես քաղաքական գործոն, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ամբիոնից աջ ձեռքը խփում էր ամբիոնին, ասելով, որ ռուսները վաղ թե ուշ պիտի հեռանան Անդրկովկասից:
Եվ այդ նույն միտքը իր հոդվածներից մեկում փոքր-ինչ այլ ձևով գրում էր անվանի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը (չէ, նա որոճացող չէր, նա ազնվագույն մարդ էր, պարզապես լավ մտավորական էր), որ խորհրդային պետության տապալումից հետո ՆԱՏՕ-ն կվերանա, և Թուրքիայի դերը տարածաշրջանում կընկնի: Ինչպես տեսնում եք, այսօր ԽՍՀՄ-ը չկա, ՆԱՏՕ-ն ավելի հզորանում և տարածվում է, և Թուրքիան էլ մնում է որպես նրա անփոխարինելի դաշնակից: Ռուսները, փա՜ռք Աստծո, չհեռացան Անդրկովկասից: Այստեղ կուզեի հիշել, որ այդ գործում սպորտսմեն Վազգեն Սարգսյանի ոտքերն ավելի խելոք էին, քան դիվանագետ Լևոնի գլուխը: Վազգեն-Գրաչով ընկերությունը, անձնական կապերը, և վերջապես հայ կոմունիստների դերը խաղացին իրենց դրական գործը: Դուք և Լևոնը գաղտնի բանակցում էիք թուրքերի հետ սահմանը բացելու համար: Փա՜ռք Աստծո, որ թուրքերը, որոնք պատմությանը հայտնի են որպես ճկուն և խելացի դիվանագետներ (ասում են, Չերչիլի խոսքերն են, թե մի թուրք դիվանագետի չի փոխի հարյուր եվրոպացի դիվանագետի հետ), հայ-թուրքական նորագույն հարաբերություններում ցուցաբերեցին իսկական քաղաքական տհասություն, հավանաբար դա գալիս էր հայերիս հանդեպ ունեցած նրանց վախից և ատելությունից, որ չբացեցին սահմանը, այլապես կիրականանար Լևոնի վաղեմի երազանքը՝ ռուսներին կքշեինք Անդրկովկասից, իսկ թե ինչ կլիներ դրանից հետո... Այդ մասին ևս կխորհեք մտքի մարզանքների ժամանակ: Դուք մեղադրում եք, որ մենք հեշտությամբ գնացինք Մաքսային միություն, պարոն Լիպարիտյան, Եվրամիության դռները մեր առջև բաց էին: Վերջապես այդ նույն Եվրամիությունը, նույն ԱՄՆ-ը ի՞նչ արեցին այդ քսան տարիներին, ինչպե՞ս ազդեցին Թուրքիայի վրա, որ մեր նկատմամբ իսկական պատերազմ է հայտարարել: Շրջափակումը նույնպես ագրեսիա է, պարոն Լիպարիտյան, ես ռուսներին մոտենում եմ իրերն իրենց անունով կոչելով: Ռուսները մեր լավը չուզող բարեկամ են: Պատմությունը Իսրայել Օրու ժամանակներից սկսած մեր սխալ ընտրությունն է եղել: Մենք չենք վիրավորվել որպես ժողովուրդ (արևմտահայն իր կյանքով էր ապրում, արևելահայն` իր): Իսկ թուրքի և ռուսի պատերազմում արևելահայը կռվել է ռուսական բանակում, արևմտահայը` թուրքական: Այսօր գոնե կա Արևելահայաստանը: Եթե չկար ազգային միասնությունը, ուրեմն ռուսը չարյաց փոքրագույնն է: Նշում եք, որ Ռուսաստանը Ադրբեջանին 4 մլրդ դոլարի զենք է վաճառել: Ի՞նչ կա զարմանալու: Ռուսը տիրապետող, հզոր երկիր է: Նա կցանկանա, որ ադրբեջանցին և հայը ենթարկվեն իրեն, հակառակ դեպքում թող ոչնչացնեն իրար: Բայց դե արի տես, մեր հարևան երկրի բթամիտ ղեկավարը դա հասկանում է: Նա նույնիսկ իր հարյուրամյա ազգի պատմությունը չգիտի: Ասում են՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո Խատիսյանը և Թոփշիբաևը հանդիպում են Փարիզում և խոստանում են իրար, որ պատմության ևս մեկ անգամ հնարավորության ընձեռնման դեպքում երբեք իրար դեմ չկռվել: Պատմությունը կրկնվում է, իսկ փոքր ազգերի ղեկավարները չեն կարողանում վեր կանգնել անձնական ամբիցիաներից:
Լիպարիտյանի դաս, որը չի կարելի սովորել, որովհետև թեման անպետք է: Այսինքն՝ մերոնց 15 տարվա հավաստիացումները, թե ամեն ինչ կատարյալ է, և մենք կարող ենք պաշտպանել Ղարաբաղը, իրականում այդպես չեն, մենք չենք կարողանալու պաշտպանել Ղարաբաղը (հետագա մեջբերումը համարել եմ անիմաստ-Ս.Հ.):
Ասում եմ այդ դասը չսովորել, որովհետև թեման անպետք է, որովհետև Լիպարիտյանը, ինչպես կոտրված ձայնապնակ, կրկնում է Լևոնի պարտվողական ելույթը ղարաբաղյան պատերազմի ամենաթունդ պահին, թե մենք չենք կարող կռվել յոթմիլիոնանոց Ադրբեջանի դեմ: Կյանքը ցույց տվեց, որ անհամեմատ վատ զինված հայերս ոչ միայն կռվեցինք, այլև շատ լավ կռվեցինք և հաղթեցինք: Ինչո՞ւ: Որովհետև հայ գենի սովետական դաստիարակությունը (ասում եմ սովետական, որովհետև այդ երկրի բանակում կռվել է 600 հազար հայ, 106-ը արժանացել են հերոսի կոչման, տվել ենք 60-ից ավելի գեներալներ ու ծովակալներ, մարշալներ) չէր կարող հենց այնպես անցնել: Իսկ ի՞նչ է տվել այդ նույն բանակին Ադրբեջանը: Սովետի պայմաններում Վրաստանից, Ադրբեջանից գաղթում էին Հայաստան, իսկ հիմա, պարոն խորհրդական, էն 400 հազար փախստականներին ինչո՞ւ չուղղորդեցիք դեպի ազատագրված տարածքներ, որով մեկընդմիշտ լուծված կլիներ Ղարաբաղի հարցը: Էդ Ձեր խորհրդական լինելու ժամանակ չէ՞ր, որ մոլի լևոնական, այսօր արդեն Ղազախստանում դեսպան (կյանքի ինչպիսի՜ ծաղր) Արա Սահակյանը խոսում էր 100-հազարանոց Հայաստանի մասին: ՈՒղարկել են Ղազախստանի դեսպանատան շենքում հանգիստ որոճալու: Պարոն Լիպարիտյան, մենք հաղթել ենք պատերազմում: Նոր պատերազմի դեպքում էլի հաղթելու ենք, դրա համար անհրաժեշտ է, որ անկախության օրվանից առայսօր որոճացող պաշտոնյաները փոքր-ինչ սթափվեն, մտածեն մարդավայել ապրելու և սնվելու մասին, որով իսկ կկանխվի արտագաղթը, և հայի արյունով ձեռք բերված հաղթանակները կտան իրենց պտուղները: Երբեք և ոչ մեկին չմեղադրենք մեր խաթարված ճակատագրի համար, քանզի այն մենք ենք կերտում: ՀՀՇ-ի հեղափոխությունից հետո հեղափոխությունը կարծես սկսեց հետընթաց ապրել: Հեղափոխության սուրը վերջին հաշվով գիլիոտին է ոչ միայն նրա թշնամիների, այլև նրանց նկատմամբ, ովքեր չդիմանալով մարդկային գայթակղություններին, դավաճանում են նրան: Ֆրանսիական հեղափոխության գաղափարներին նվիրված, բայց վերջին հաշվով նրան դավաճանած փառահեղ գլուխներ են իրենց վրա զգացել այդ պատժող սուրը: Վիկտոր Հյուգոյի այդ թեմայով գրված վեպերը ասածիս վառ օրինակներ են: Հոկտեմբերյան հեղափոխությունն էլ վառ օրինակներ քիչ չունի: Հեղափոխականի մտքով երբեք չի անցել իշխանության գալ և թալանել երկիրը, որքան էլ մեծ լինեին հեղափոխականի մատուցած ծառայությունները, նա չէր խուսափի պատասխանատվությունից կոպիտ սխալների համար, առավել ևս երկիրը թալանելու համար: Կյանքը ցույց տվեց, որ հետխորհրդային հեղափոխականների համար չկար պատժող օրենք, նրանք վեր էին օրենքից և կարող էին վարվել երկրի հետ ըստ ուզածի, ախր նրանք... մեկը հրապարակում ճառ էր ասել, մյուսը Ղարաբաղում իսկական հերոս էր և պայքարելով հասել էր իշխանության: Ճիշտ է, նրանք չասացին ժողովրդին բուրժուայի նման, թե հեղափոխությունը վերջացել է և մեր ճամփաները բաժանվել են, բայց նրանց գործելաոճը ցույց տվեց, որ նրանց ճամփան հարստանալու, թալանելու ճամփան է, իսկ ժողովրդինը` պարապ մնալու, անգամ արտագաղթելու: Ժողովրդին ոչոք չի պահում ուժով այս երկրում: Ժողովուրդը բուրժուական հասարակարգի ազատ քաղաքացին է:
Ոչ ուսանելի դաս, որովհետև այն վարժապետի կողմից չյուրացված դասի սխալ մեկնաբանում է: Հիշում եմ, Տեր-Պետրոսյանը, ժամանակին բացատրելով ՀԱԿ-ի էությունը, խոսում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին: Հստակ էր նաև, որ այդ օլիգարխներին նկատի ուներ` բուրժուազիայի մասին խոսելով: ՈՒրեմն իր մտածելակերպի մեջ այդ օլիգարխների` ընդդիմության կողմն անցնելու տակտիկան պատմության տրամաբանությունն էր: Դա կարող էր ճիշտ լինել, սակայն, փաստորեն, մեր օլիգարխները դասական բուժուազիա չեն: Այդ է պատճառը, որ նրանց վերաբերմունքը այն չէ, ինչ ասենք` ժողովրդի կողմն անցած ֆրանսիական բուժուազիան էր իրենց հեղափոխության ժամանակ: Ես միշտ ասել եմ և այժմ էլ եմ կրկնում. Լևոն Տեր-Պետրոսյանը հեռու է պատմաբան լինելուց, որքան էլ իրեն պատմաբան անվանի: Ասեմ, որ իր առարկան սիրող պրոֆեսիոնալը այն կեղծ գիտություն չի համարի: Սա ի միջի այլոց, հիմա հիմնավորեմ ասելիքս: Հայ օլիգարխը բուրժուա չէ: Բուրժուազիան տքնաջան աշխատանքով ստեղծված դասակարգ է: Թող որևէ մեկը ցույց տա համաշխարհային պատմության մեջ կապիտալի կուտակման նախնական փուլում որևէ բուրժուայի, որ մսխել է փողերը և իր ցոփ կյանքը սկսել է տուն կառուցելով, շքեղ ապրելով և հանգիստ, որոճալով անցկացրել է օրերը: Ընդհակառակը, կապիտալի նախնական կուտակման փուլում բուրժուազիան իրեն զրկել է վայելքներից, օրական իր արտադրամասում աշխատել է բանվորին հավասար, և երբ արդեն կապիտալ ուներ կուտակված և այդ կապիտալի շարժման մեջ դնելու համար ֆեոդալական արտադրական հարաբերությունները խանգարում էին, և ժողովրդի սոցիալական վիճակը սարսափելի էր, բուրժուան թեպետ վախվորած (դժվար էր գուշակել ապստամբած աղքատի հետագա անելիքը), բայց գնաց նրա հետևից, մասնակցեց հեղափոխությանը, երբ հաղթանակեց, հեղափոխական զանգվածներին բուրժուան ասաց՝ հոպ, այստեղ արդեն վերջացան հավասարության, արդարության, եղբայրության լոզունգները: Մեր ուղիներն այստեղ բաժանվում են: Մեջբերումը ոչ Մարքսից է և ոչ էլ Լենինից, այլ Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից: Հայ օլիգարխը ոչ տքնել էր, ոչ էլ 14 ժամ աշխատել իր արտադրամասում, խորովածի փայտ ջարդողից մեկեն դարձել է օլիգարխ: Նա ինչո՞ւ պիտի ռիսկի դիմի և ո՞ւմ դեմ դուրս գա, ժողովրդին թալանող իշխանավորի՞ դեմ, որի հետ ինքը սերտաճել է: Հենց որ հայ օլիգարխը դադարի իշխանավորի հետ սերտաճելուց, իսկույն կգլխատվի, որովհետև նրա հարստացման ողջ ճանապարհը եղել է իշխանավորի հետ համատեղ թալանի արդյունք: Ո՞վ է տեսել, որ նոր հարստացած բուրժուազիան արտադրատեղ ստեղծելու փոխարեն եկեղեցի կառուցի: 60 միլիոն դոլարով առնվազն 100 աշխատատեղով արտադրություն կարելի է կազմակերպել: Աստծո կողմից դա ավելի ընդունելի կլիներ: Հայաստանում այնքան եկեղեցի կա, ինչը և հոյակապ է, և արվեստի գործ, որ նորի կառուցումը, ինչպես ճիշտ նկատել է մի շարքային հոգևորական, կարծես հարուստները Աստծուն սեփականացնելու կուրս են բռնել:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Որն է ելքը երկրում ստեղծված վիճակից, Լիպարիտյանը չի նշում, որովհետև չունի այդ դեղատոմսը: Այդ դեղատոմսը չի ունեցել նաև նախկին և ոչ մի նախագահ: Իսկ այդ դեղատոմսը շատ պարզ է, որն անգամ շատ ծիծաղելի կթվա, եթե ասեմ:
Սոցիալական արդարության վերականգնումը: Ինչպե՞ս. դա արդեն ժողովրդին տրվելիք պատասխանն է: Իսկ ժողովրդին տրվելիք պատասխանը պիտի ուղղորդվի ոչ թե այս կամ այն երկրի հարուստ հայերի կողմից, այլ միայն և միայն ազնիվ ախպարի, ուղղամիտ ղարաբաղցու և ամեն մի զրկանք հպարտորեն տարած, այս մի կտոր հողին կառչած ազնիվ տեղացու համատեղ ուժերով: Մեր «մայդանը» պետք է անարյուն լինի, Գանդիի հաղթանակի պես: Ստեղծված վիճակից դուրս գալու համար ունենք անհրաժեշտ ամեն ինչ` համաշխարհային կապիտալ, խելք, աշխատասիրություն, նախաձեռնելու, ստեղծելու կարողություն և էլի շատ ու շատ որակական հատկանիշներ, բայց, ցավոք, չունենք ամենակարևորը` ազգային շահը ամեն ինչից վեր դասող չորոճացող կազմակերպիչ: