Վերջին քսան օրվա ընթացքում Շանթ Հարությունյանի մասին կարծես թե ամեն ինչ ասվել է: Եվ ինչ էլ ասվի, կարծես թե նորություն չի լինելու: Եվ որքան խոսուն են կատարվածին տրվող մեկնաբանությունները, Շանթի համար պայքարող ոչ այնքան ստվար մարդկանց գործողությունները, նույնքան էլ խոսուն է երբեմն լռությունն այն մարդկանց, որոնք առնվազն ամեն մի համապետական ընտրությունից հետո հասարակական-քաղաքական դաշտը լցնում են աղմուկով, խոսում են հասարակության, ժողովրդի անունից, լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունից, օրենքից, սահմանադրական կարգը վերականգնելուց:
Այսօր լրանում է Շանթ Հարությունյանի և նրա տասնչորս ընկերների՝ անազատության մեջ գտնվելու քսաներորդ օրը: Այսօր նաև Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթեն իր կռիվը տվեց Արցախում՝ հող ազատագրելու համար, Շանթը դրանից քսան տարի անց պայքարում է իր երկրի՝ կորսվող ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացու ազատությունը վերականգնելու համար: Պայքարում է գուցե ոչ այն ավանդական մեթոդներով, որոնցով պայքարել է և շարունակում է պայքարել մեր քաղաքական վերնախավը: Պայքարում է՝ ոչ ամենևին Մոսկվա գնալով և այնտեղ որոշակի կարգավիճակ ձեռք բերած մեր հայրենակիցների հետ հանդիպելով, նրանց հետ գաղտնի կամ ոչ գաղտնի խորհրդատվություններ անցկացնելով: Պայքարում է՝ ոչ ամենևին Ազգային ժողովի դահլիճը լցնելով աղմուկ-աղաղակով, թե որ պաշտոնյան որքան է թալանել պետբյուջեից, որ օրենքի որ տառն է սխալ և այլն: Չնայած դրան՝ Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների շուրջ ստեղծված աղմուկը, հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլ՝ ավելանում է ժամ առ ժամ:
Շանթը ընդդիմադի՞ր է, արկածախնդի՞ր է, հեղափոխակա՞ն է: Հարցերն օր օրի ավելանում են, պատասխանները՝ քչանում: Դժվար է այդ հարցերին պատասխան տալ մի հասարակությունում, որը տեսել է «ընդդիմադիրների», որոնք անընդհատ հիշեցնում էին, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մահափորձ կազմակերպել իրենց դեմ, իսկ հետո մի գիշերվա մեջ իշխանության տարբեր օղակներում պաշտոններ ստացան: Դժվար է այդ հարցերին պատասխան տալ մի հասարակությունում, որը տարիներ շարունակ դուրս է գալիս համառ, երկարատև պայքարի, գնում ամեն տեսակ զոհողությունների՝ վճարելով իր նվիրյալ զավակների կյանքի գնով և այսօր ճրագը ձեռքին փնտրում է ԱԺ այն պատգամավորին, նախարարին, կամ չգիտեմ թե որ բարձրաստիճանին, որն ապրում է իր երկրի հոգս ու ցավով, ԱԺ կամ կառավարություն է գնացել իր առաքելության հստակ գիտակցմամբ:
Եվ հիմա Շանթն ու իր ընկերները դարձել են այն «ցուցիչը», այն «լակմուսի թուղթը», որոնք պատռում են քաղաքական համակարգի դիմակը: Շանթը մինչ օրս իր կենսագրությամբ է ապացուցել, որ իր պայքարը հանուն գաղափարի է: Ուստի պատահական չէ, որ մեր անկախության երկու տասնամյակում տարբեր իշխանությունների օրոք բանտերն ընկած ընդդիմադիրներին քաղբանտարկյալ ճանաչող քաղաքական վերնախավն այսօր լռում է: Եվ ոչ միայն լռում է, այլև՝ նույնիսկ փորձ չի անում իր լիազորությունների շրջանակում այցելել ազատազրկման վայր և պայքարել, որ չոտնահարեն Շանթի ու իր ընկերների իրավունքները: Միգուցե ակնհայտ է, որ եթե գործը հասնի դատարան, ապա Շանթն այնտեղ չի լռելու, իր քաղաքական նպատակները չի քողարկելու խուճուճ և հակասական տեքստերի ներքո, այլ՝ ասելու է այն, ինչ մտածում է: Նա այդպես վարվել է արդեն մեկ անգամ, երբ ազատազրկման էր դատապարտվել Մարտի 1-ի դեպքերից հետո, հայտնի «Յոթի գործով»: Այն օրերի վավերագիր մամուլը՝ վկա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ