Թվում էր, որ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ հասցրեցին թոթափել իրենց ուսերից քաղբանտարկյալ ունենալու ծանր բեռը և ազատ արձակեցին երկու տարուց ավել անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանին: Սակայն Տիգրանին ազատ արձակելուց չէր անցել քսան օր, երբ կալանավորվեցին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանն ու իր ութ ընկերները: Չբավարավելով Շանթին ու իր ընկերներին կալանավորելով՝ դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանին երեկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են հոգեբուժարան:
Չգիտենք՝ հայտնի՞ է, թե՞ ոչ, կարդու՞մ են Հայաստանի իշխանությունները միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները և փորձում իմանալ, թե ինչ են մտածում նրանք իրենց մասին:
Հենց Human Rights Watch միջազգային կազմակերպությունն է վերջերս անդրադարձել հետխորհրդային երկրներում տիրող մարդու իրավունքների ոտնահարման փաստերին:
«Եվրամիությունը Արևելյան գործընկերների հետ հարաբերություններում պետք է կենտրոնանա մարդու իրավունքների վրա և սկզբունքային մոտեցում ցուցաբերի նախկին խորհրդային հարևանների հետ հարաբերությունները խորացնելիս: Մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը ԵՄ-ն պետք է հստակորեն հասկացնի, որ լուրջ է տրամադրված մարդու իրավունքների հարցում»,- այսպես է արձագանքել Human Rights Watch կազմակերպությունը: Հղում անելով հայ իրավապաշտպանների զեկույցներին՝ այս կազմակերպությունը հիշեցրել է կեղծված ընտրությունների, բանակում սպանությունների, ոստիկանությունում խոշտանգումների մասին:
Եթե նկատի ունենանք, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ, որտեղ պետք է ստորագրվի հայտարարություն ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու մասին, ավելացել է նաև քաղաքական հայացքների համար մարդուն հոգեբուժարան ուղարկելու դեպքը, ապա դժվար չէ կռահել, թե ԵՄ-ն այսուհետ ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանից:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ