Այս պահին` ոչ: Թանկացումը սինխրոնացվեց արձակուրդի, շոգի, քաղաքից բացակայելու, առանց այն էլ լեթարգիական ու շատ խոր քնով քնած քաղաքական ուժերի «հոգեհանգստի» հետ:
Սոցիալական «չպոռթկման» մեկ այլ պատճառ էլ կա: Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետ: Արդեն իսկ նկատելի է, որ քաղակտիվիստները չեն կարողանում «բունտով» վարակել քաղաքացիներին, վերջիններս նույնպես լեթարգիայի ու ապատիայի մեջ են` բոլոր կարգի դժվարությունների առաջ մեն-մենակ մնալու պատճառով, ու հիմնականում «դինջ-դինջ»` ձեռը մեկնում են դեպ վարորդը, ափի մեջ ցավագնորեն տրորված 150 դրամը պարտաճանաչ տալիս, «ստանում ու իջնում»` բացարձակապես չմտածելով ընդվզելու մասին, ինչի «հաշվարկն» էլ հանճարեղորեն «ճշգրիտ» արել են պատկան մարմինները։
Թույլ տանք կարծելու, որ ժողովուրդը դժվարորեն, սակայն «հարմարվելու» է այս դառնությանը ևս` ավելի խոր ու ներս հրելով իր սոցիալական բողոքը, որն աշնանը, երբ արդեն կանգնած կլինի երկընտրանքի առաջ` աթա՞ր վառել, թե՞ գազ, կրկին գլուխ կբարձրացնի, որովհետև այդ ամենին գումարված կլինեն նաև մնացյալ թանկացումները:
Ի դեպ, ի՞նչ եղավ Ռուսաստանից գազի սուբսիդավորման պատմությունը, կարծես թե այն չի մոտեցել իր վախճանին. երեկ արդեն շշուկներ էին տարածվում, թե հնարավոր է և մայր Ռուսաստանը չգնա դրան… Մեր «մայրն» է` նստած իրենց մեծապետական «ծառուղում», մեզ համար տարբեր-տարբեր «խալաթներ» է կարում` ծաղկավոր-գազային-էմիգրանտային-զենքային: Իհարկե, «մայրը» փորձելու է աշնանն այնպես անել, որ «ո՜վ հայ ժողովուրդը», թեկուզ և իրեն արդեն չընդունող, ոտքի կանգնի վասն իր սոցիալական վիճակի, բայց իրականում ընդդեմ ասոցացման համաձայնագրի: Ժողովուրդը չցանկանա էլ, «մայրը» ոտքի կհանի:
Կա՞ դիմակայության ֆոն, որպեսզի նման հեռանկարը բացառվի: Ոչ:
ա) Այս ամենին դիմակայելու համար գաղափարական-կուռ, «քո փրկությունը քո միասնության մեջ» եղող ժողովուրդ է պետք. ասել է` իր անկախության համար կրկին ոտքի կանգնելու պատրաստ ժողովուրդ: Ինչ-որ «իքս» պահի, ինչպես եղավ այս վերջին անգամ` Հրաչյա Հարությունյանի դեպքում: Այո, հնարավոր է: Սակայն, ընդհանուր առմամբ ժողովուրդն ահավոր հոգնած-ապատիկ վիճակում է: Ասացինք:
բ) Իշխանության քայլերը ևս ոչ միայն բավարար չեն, այլև գրեթե ոչինչ են, զի ոչինչ չի արվում կոռուպցիան գլխից «բռնել-սատկացնելու» ուղղությամբ: Որպեսզի հաց չլինելու պարագայում քաղաքական դասական կոմպոնենտը` «տեսարանը», գոնե լինի: Ինչ վերաբերում է դոնորների սպասվելիք երկու միլիարդին, ապա դրանք ոչ թե դեպ ժողովուրդ, այլ դեպ «ինֆրաստրուկտուրաներ» են «հոսելու»: Չկան նաև կադրային, համակարգային այն փոփոխությունները, որոնք մարդկանց կարող էին հուսադրել, թե «մարդ ոչ միայն հացիւ կեցցէ»:
գ) Անչափ շատ են «ֆիլերն» ու «ֆոբերը» մեզանում: Ասենք` նույն տխրահռչակ Սմբատ Կարախանյանի «աղանդը» մեզանում բավականաչափ «հետևորդներ» ունի, որոնք ամեն վայրկյանի կարող են ներքին խառնակչություններ անել` Կարախանյանի մատի մեկ շարժումով իսկ, սակայն ձկան նման լուռ են գլոբալ, ասել է` ռուսաստանյան «խալաթագործության և ասեղնագործության» մասով, ավելին` հաթաթաներ կտան, եթե հայն այդ «խալաթը» չհագնի:
Ի դեպ, որևէ հայտարարություն, բացի նրանից, որ ամեն ինչի մեջ հայաստանյան «ավազակապետությունն» է մեղավոր, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն մի ձեն հանե՞լ են: Դատապարտե՞լ են նրանք, թե որպես կուսակցություն Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու մեկմիլիարդանոց վարքը, հայ քաղաքացուն «ծաղկավոր խալաթով» աշխարհին որպես մարդասպան ներկայացնելը:
Թե՞ Հովիկ Արգամիչը ներկայացրել է, հերիք է: «Ընդդիմությունից» (չէր բացառել, չէ՞, Լևոն Զուրաբյանը Հովհաննեսի ընդդիմադիր դառնալը, ԱԺ-ից էլ ոչ մի կերպ չէին հերքել սույն հնարավորությունը) մեկն արդեն խոսել է:
«Տնից» մեկը հերի՞ք է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ