Երեկ առավոտյան Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը`բողոքելով ծիրանի մթերման ցածր գներից:
Նրանց հանգստացնելու նպատակով մարզ էր մեկնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մարզպետարանում տեղի էր ունեցել խորհրդակցություն և քննարկվել էին ծիրանի մթերման հետ կապված մի շարք հարցեր:
Գյուղնախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղացիների պահանջը`մեկ կգ ծիրանի դիմաց ստանալ 400-500 դրամ, չի համապատասխանում բերքի որակին, այսինքն` Արմավիրում ծիրանը և մանր է, և ոչ որակյալ:
Այնուամենայնիվ, քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծիրան արտահանողները կշարունակեն աշխատել և համապատասխան գներով կմթերեն ծիրանը, կիրականացվի նաև մոնիթորինգ`ճշտելու մթերվող ծիրանի գինը:
Նշենք` ներկայումս Հայաստանի ծիրանի արտահանումը կազմում է շուրջ 5000 տոննա, արտահանման գործընթացում ներգրավված է շուրջ 25 ընկերություն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ