Այսօր առավոտյան Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փորձել են փակել Արմավիր-Գյումրի տանող ճանապարհը`բողոքելով, որ մթերող մի շարք կազմակերպություններ հրաժարվում են մթերել իրենց բերքը, ավելին` արգելվում է Վրաստանից ժամանած առևտրականներին ծիրան տեղափոխել: Անհանգստացած գյուղացիները պահանջել են գյուղնախարարից գալ մարզ և պատասխանել իրենց հարցերին, հակառակ դեպքում`փայտե արկղերը ձեռքներին ոտքով կգան Երևան` իրենց բողոքը կառավարության շենքի առջև բարձրաձայնելու: Գյուղացիների ցասումը մեղմելու համար մարզ է մեկնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Գյուղնախարարության մամլո ծառայությունից հայտնեցին, որ այս պահին մարզպետարանում խորհրդակցություն է տեղի ունենում, Ռ.Մակարյանը պատասխանում է գյուղացիներին հուզող հարցերին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ