Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը

«Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը
19.06.2013 | 19:58

«Այս տարի, չնայած կարկտահարությանը, ծիրան կա: Այն շրջաններում, որտեղ կարկուտ չի եղել, բերքը լավորակ է և արտահանման ենթակա»,-այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Նրա խոսքով, ընկերությունն արդեն մեկ շաբաթ է սկսել է ծիրանի արտահաման գործընթացը և հասցրել է արտահանել 3 հազար տոննա: Ծիրանը ընկերության կողմից մթերվում է 400-500 դրամով: Գինը որոշված է ըստ ապրանքի որակի:

«Մթերման գնի վրա ազդում են որոշակի գործոններ` որակը, տեղանքը, ծավալը, ժամանակը: Արտահանվող ծիրանի մթերումը սկսվում է հունիսի 15-ին և գինը բարձր է լինում, նույնիսկ մինչև 1200 դրամ: Բայց արտասահմանյան շուկայում մրցունակ է 300-350 դրամով մթերվող ծիրանը, որովհետև մթերումից հետո լրացուցիչ ծախսեր են կատարվում: Երբ մթերման գինը բարձրանում է, ավելանում են նաև լրացուցիչ ռիսկերը»,-տեղեկացրեց նա: Արտրերկրյա շուկաներում ծիրանի 1 կգ-ի մեծածախ գինը կազմում է մոտ 700 դրամ: Կ.Բաղդասարյանի փոխանցմամբ, թեև արտերկրի խանութներում հայկական ծիրանը վաճառվում է մոտ 4 ԱՄՆ դոլարով, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն արտահանողները դրսում ահռելի եկամուտներ ունեն, քանի որ դրսում գործ ունեն մեծածախ շուկաների հետ:

«Մենք միշտ կանգնած ենք ֆերմերների կողքին. երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերում ֆերմերի կողմից ամբողջ մթերքը հավաքել ինչ-որ գնային սանդղակի շրջանակներում, ապա դա արվում է, ի տարբերություն այլ անհատների, որոնք բերքի մթերում են խոստանում, հետո անհետանում են ու մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում: Մենք ունենք հազարավոր դեպքեր, երբ առաջարկում ենք սկսել մեզ հետ աշխատել, իրենք գայթակղվում են մի 50 դրամ ավել այլ առաջարկներով, հետո երեք-չորս օր հետո զանգում են ու խնդրում են, որ մենք նորից վերադառնանք»,-մանրամասնեց «Սպայկայի» ներկայացուցիչը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ մի քանի օր առաջ «Սպայկա» ընկերությունը գործարկել է 1000 տոննա տարողությամբ նոր սառնարային համալիրը: Տասներկու օրից կգործարկվի նաև երկրորդ համալիրը:

Նա նշել է, որ մայիսի 16-ին բռնկված հրդեհը չի ազդել մթերումների վրա:

«Սպայկա»-ին հասցված վնասի չափը փորձագետները կներկայացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք` Երևանում գտնվող «Սպայկա» բեռնափոխադրող ՍՊԸ-ում բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց է ընկերության եռահարկ շինությունը` 5000 քմ մակերեսով, որը, հիմնականում, բաղկացած էր արտերկիր միրգ արտահանող ընկերության սառնարանային տնտեսությունից ու պահեստավորված ապրանքից:

Նա ընդգծեց նա, որ 2013 թ հունիսի 6-ի դրությամբ, հանրապետությունից արտահանվել է 11,6 հզր տոննա պտուղբանջարեղեն, որից 5687,6 տոննա կարտոֆիլ:

«Սպայկա» ընկերությունն առաջին անգամ իրականացնում է կարտոֆիլի և բազուկի արտահանում. «Կարտոֆիլի արտահանումը տնտեսական առումով շահավետ չէ, սակայն տեղական շուկայում բերքի լճացումից խուսափելու համար կազմակերպեցինք արտահանում: Այս տարի արտահանել ենք ավելի քան 3 հզր տոննա կարտոֆիլ, որը մի քանի անգամ ավելի է նախորդ տարիների արտահանման ծավալից»,- իրազեկեց Կարեն Բաղդասարյանը` նշելով, որ թարմ կարտոֆիլի մթերումն իրականացվում է 120-150 դրամի սահմանում:

Կարեն Բաղդասարյանը հավելեց, որ այս տարի հանրապետությունից արտահանվող գյուղամթերքի մոտ 65 տոկոսը հենց «Սպայկան» է իրականացրել, չնայած ընկերությունում կատարված դեպքերին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ