«Հայ մարդը հալածված էր սեփական բռնադատիչներից և թուրք ոչնչացնողներից և ցարական ոսկեկոճակ ասիմիլյատորներից»։
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՍՐՃԸՄՊՈՒՄ
Վերջին դարում թուրք ոչնչացնողները կքանստած են, հուսանք` մինչև հազարամյակի վերջը։ Ասպարեզում են ցարական ոսկեկոճակ ասիմիլյատորները և սեփական բռնադատիչները։ Հրաշունչ Հրանտի խորունկ խոսքին հավելենք` նաև արևմտյան թավշյա կեղեքիչները։
(Սուրճը վայելում ենք դառը շոկոլադով և աղի ձողիկներով, ասում են` բարձրացնում է դիմադրողականությունը, փորձենք)։
Փորձեցի՞նք, անո՜ւշ լինի, այժմ պահն է իրազեկման, ուղղենք ուսերը մեր։ Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանություն, նոր էներգետիկ, այդ թվում` միջուկային հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն և հուսալի էներգահամալիրի կառուցում։
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԳՈՒՑԵ
(իրազեկումը շարունակվում է)
Սույնով երկրի էներգետիկ անվտանգությունը հանդիսանում է պետականության դիմադրողականությունը պայմանավորող կարևորագույն բաղադրիչներից մեկը, գուցե ամենակարևորը։ Մյուս բաղադրիչների շարքում ենթադրել են, զորօրինակ, պետության մասնակցությունը կենսականորեն անհրաժեշտ տեսականու ներկրումներում և հանրային արտաքնոցների ներկայությունը հանրապետությունում։ Ակամա չարախնդո՞ւմ եմ, ո՛չ, ամենևի՛ն և, ահավասիկ բոսորամիտ ընթերցողներիս դիտարկմանն եմ ներկայացնում հույժ պատմական մի փաստաթուղթ` ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը` նպատակաուղղված պետականության դիմադրողականության բարձրացմանը և հաստատված ՀՀ կառավարության օրհնությամբ, 2007-ի նոյեմբերին, հրապարակավ, այսինքն` Հանրապետության հրապարակում և 6 ուղղություններով խնկարկված։
ՈՒղղություն թիվ 1. «Ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով էներգախնայողությունը երկրում»։
ՈՒղղություն թիվ 2. «Խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունը կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների և քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան»։
Մյուս ուղղությունները ոչ պակաս հոգեշահ են, ծաղկաքաղ անենք. «Ապահովել բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարում` հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա և ՀՀ միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ... կառուցել ֆինանսապես կենսակայուն էներգահամակարգ... կառուցել արտահանման կողմնորոշում ունեցող և ավելացված արժեք ստեղծող էլեկտրաէներգետիկական համակարգ»։
Ի դեպ, սույն պատմական փաստաթուղթը երկնելու պահին եռագույն ծիածան կապվեց հրապարակի երկնքում` Կառավարական տնից էներգետիկայի նախարարություն։ Տեսարանը հույժ ազդեցիկ էր` Կառավարական տան, ասել է թե` երկրի գլխավոր ժամացույցը ղողանջում էր անվերջ, ջրավազանում խայտում էին ոսկե ձկնիկները, և հրապարակի հնաբնակ աղավնիները, երջանկությունից շնչասպառ, հանկարծ բռնեցին ու խաչասերվեցին եկվոր կաչաղակների հետ։ Բայց սա` ի միջի այլոց։ Այժմ էլ անցնենք քննարկմանը, բուռն, քիչ թախծալից և մի քիչ էլ մտրակային։ Օգտակար է։
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒՆ ՀԻՇԵԼՈՎ
(բացահայտում)
Այո, բոսորամիտ և քիչ տագնապած իմ ազնվազարմ ընթերցող, գլխավորն ի մի գալն է պետականության դիմադրողականության հարցի շուրջը։ Գիտե՞ք, երբեմն մտածում եմ, որ գերգաղտնի դիմադրողական ծրագիր է մշակվել, որն անհասանելի է մեր շարքային ուղեղներին և ստիպում է մեզ սեփական վարկածներ ունենալ։ Ահավասիկ, գիտնական և հուզախռով այր Վահանը Համազասպյան զօրուգիշեր համոզում է օգտագործել յուր հելիոֆիկացիոն ծրագիրը։ Ի՞նչ է այն. կարծում եք` ես գիտե՞մ, բայց վստահում եմ արգո Վահանին, զի նա գիտականորեն հիմնավորում է, որ հայոց հելիոֆիկացիան խառնելու է էներգետիկ ոլորտի խաղաթղթերը (ուշադիր լինենք` խառնելու է խաղաթղթերը, ինչպես ոստիկանության աչալուրջ տեսուչն է խառնում գրպանահատների խաղադրույքները) և հակասության մեջ է մտնելու գազի, նավթի և էլեկտրաէներգիայի բիզնեսի հետ։ Այո՜։ (Տիար Համազասպյանն այսօր և վաղը «ԼԼ» արևելյան ծովախորշում ճաշակելու է կարմրախայտի բազմաբույր լուլաքաբաբ և ըմպելու է ծիրանի ոսկեժանյակ օղի)։
Սակայն Ձեր ծրագիրը, պատվարժան այր, ունի մի լրջագույն խախտում, ինչն էլ պարտադրում է հայրենի կառավարությանը ՀՀ հելիոֆիկացումը խթանելու փոխարեն խոչընդոտել։ Ահա թե պարզասրտորեն ինչ եք բարձրաձայնում. «Հելիոֆիկացիան ենթադրում է բաշխված էներգահամակարգերի ձևավորումը, երբ էներգետիկ շուկայի յուրաքանչյուր սպառող ունենում է հսկողությունից դուրս գտնվող իր սեփական աղբյուրը»։ Այսպիսով, էլեկտրատեսուչ-որսագող Վալոդիկը, վարկատու-վամպիր Ջեմսը, գազամատակարար-մատնաշունչ Արխիպն էլ վրադիր` հե՞չ։ Չի լինի, զի հղի է մեր կառավարության համար զարհուրելի ճգնաժամով` ՀՀ իրական բարգավաճմամբ։ Ահավասիկ մեր վարկածը. յուրաքանչյուր հելիոֆիկացված սպառող հսկողությունից դուրս մնալով` մատչելի էներգիա է ստանում, բայց կառավարությունը նրա անունով անվերահսկելի վարկ է ձևակերպում։ Գորդյան հանգույցը քիչ թուլացա՞վ, հարկավ։ Ահավասիկ ևս մեկ հանգույց, մեծապատիվ պետական-ազգային այր Հերունին Պարիս յուր «Արև» ծրագրով ՀՀ-ն դարձնում էր էներգիա արտահանող տարածաշրջանային գերտերություն։ «Արևը» տարիներ շարունակ արևահարվեց Կառավարական տանը, այսինքն` չմերժվեց, խորասուզվեց չինովնիկական ընդդիմության ճահիճը։ Այնինչ, որքան մատչելի, համեղ-բուրավետ արևային էներգիա կներխուժեր յուրաքանչյուր հայոց օջախ։ Բայց կառավարությունը և հարակից դուստր ձեռնարկություններն ու ուստր ձեռնածուները դարձյալ մնում էին խաղից դուրս, այսինքն` անվարկ ու անսփոփ։ Բայց չէ՞ որ ՀՀ-ն յուր ծննդյան օրից ի վեր առանց զանգվածային վարկավորման ու շորթումային դրամաշնորհների նույնն է, ինչպես Ճապոնիան առանց ծաղկած բալենու շենշող հմայախոսության կամ էլ հայ երեսփոխանն առանց ընտրողների աչքերին վարարուն թոզ փչելու։ Ինչ վերաբերում է իրանական այլընտրանքային գազին, ապա հուշեմ, դուք էլ հիշեք, որ արջը (իմա` ռուսական կողմը) բավականին քինոտ գազան է ու չի հանդուրժի այլ գազային ներկայություն Մասսյաց հովիտներում։ Այստեղ նաև կրոնական առճակատման վտանգներ կան, զի ռուսական կապույտ վառելիքը «օրթոդոքս ուղղափառ է», իրանական խողովակները «իսլամիզմի հետևորդներն են, այն էլ զրադաշտական ենթագիտակցությամբ», սակայն չէ՞ որ հայոց գազսպառողները «առաքելականության ջահակիրներն են»։ Էնպես որ, իսպառ մոռանանք և Երևանի կենդանաբանական այգում վանդակներ ազատենք (գոնե ժամանակավոր) ամերիկյան վարկային անգղների, ռուսական վայրագ արջի և իրանական արհամարհված վագրի համար։ Եվ ապավինենք մեր դիմադրողական հումքին։ (Ի դեպ, «Արև» ծրագիրն արդեն իրականացվում է Աֆրիկայի խորքերում)։
ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏ
(իրիկնահացը` սարկաստիկ շորվայով)
Առաջիկա ամռանը հայրենի կառավարությունն անվերապահորեն զարկ է տալու աթարի արտադրությանը։ Արարատյան հովիտներում, Զանգեզուրի լեռնանցքներում, առհասարակ` ամենուր աթարաբում է։ Զուգահեռաբար, Համաշխարհային բանկը արտոնյալ վարկ է մեզ տրամադրում` աթարավառարաններ նախագծելու, ստեղծելու և փորձարկելու նպատակով։ Հավատացե՛ք, կշահենք, զի կենսաէներգիայով հայկական աթարը մրցակից չունի ո՛չ Կովկասում, ո՛չ էլ անգամ Եվրասիայում։ Աթարն արտադրվում է անվերջ փուլայնությամբ, արտաքին մարտահրավերներին ենթակա չէ, բացի այդ, հատուկ համուհոտ ունի աթարով եփված ճաշը, զորօրինակ, պանրի իմիտացիայով թխված խաչապուրին։
Այսպիսով, կենսամակարդակը խիստ կբարձրանա, ընդդիմությունը կհանդարտվի, «Սարդարապատ» շարժումն էլ կլքի ասպարեզը։ Զի աթարը կդառնա հանրապետական, տարածաշրջանային և անգամ քաղաքական գործոն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ