Ըստ երևույթին, Հայաստանում այնքան էին հափշտակված երևանյան ընտրություններով, որ պարզապես անուշադրության մատնեցին խորհրդարանական ընտրությունները… Բուլղարիայում: Ի՞նչ կապ ունի դա մեզ հետ` կհարցնեն ընթերցողները: Կապը խորհրդանշական է. ընտրություններում հաղթած կուսակցությունների մեջ երրորդը … թուրքական է: Այո, այո, էթնիկ թուրքական, դե, բուլղարական թեքումով` «Շարժում հանուն իրավունքների և ազատության» ամպագոռգոռ անունով: Համենայն դեպս, ռուսաստանյան լրատվամիջոցներն անտարբեր չգտնվեցին այս ուշագրավ երևույթի նկատմամբ:
Մեզ համար, թերևս, նվազ հետաքրքրական է, թե ազգային ինչ կուսակցություններ են հաղթել այդ ընտրություններում և կառավարություն կազմելու ինչ շանսեր ունեն: Պարադոքսն այն է, որ դրանցից և ոչ մեկը չի կարող կոալիցիա ձևավորել առանց տեղական թուրքերի կուսակցության աջակցության:
Խորհրդային մեր սերունդը լավ է հիշում, թե ինչպիսի բացահայտ հակաթուրքական ներքին ու արտաքին քաղաքականություն էր վարում կոմունիստական Բուլղարիայի ղեկավարությունը: 1984-85 թվականներին հարյուր հազարավոր բուլղարացի թուրքերի ստիպեցին փոխել թուրքական ազգանուններն այն պատճառաբանությամբ, որ նրանք ընդամենը իսլամացված բուլղարներ են: Շատերը արտագաղթեցին Թուրքիա: 86-ին ընդունվեց որոշում, որով արգելվում էր թուրքերեն խոսել հասարակական վայրերում, մտցվեցին իսլամական արարողությունների կատարման սահմանափակումներ, թլպատումը լրիվ արգելվեց և այլն: Բուլղարներին ամենից շատ սարսափեցնում էր տեղական թուրքերի «մորեխային» աճը: Արդեն այն ժամանակ մեծ մտավախություն էր առաջացել երկրի հետագա իսլամացման առնչությամբ: Եվ առհասարակ, Օսմանյան կայսրության սարսափներն ապրած ազգը չէր կարող չունենալ հակաթուրքական ըմբոստ տրամադրություններ:
Ամեն ինչ փոխվեց, երբ ԽՍՀՄ-ից «անկախացած» Բուլղարիան հակվեց դեպի Եվրամիություն և, ի վերջո, դարձավ նրա անդամը: Դե, ինչպիսի՜ նոր, պայծառ, դեմոկրատական գաղափարներ` հանդուրժողականություն, քաղաքական նրբանկատություն, դավանանքի ազատություն, մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում… Իսկ ինչպե՞ս կարող էին, առհասարակ, քրիստոնեական մայր ցամաքը դեգրադացիայի ենթարկող այդ «լուսավոր» ամենաթողություններից չօգտվել Բուլղարիայի թուրքերը` «մեծն» Անկարայի ղեկավարությամբ:
Մեկ միլիոնի ձգտող թուրքական համայնքը 7,5-միլիոնանոց (արագ նվազման միտումով) Բուլղարիայում ստեղծելով ազգային կուսակցություն, անցյալ դարի 90-ականներից կայուն տեղ է գրավել երկրի քաղաքական կառավարման համակարգում 2002-2009 թվականներին եղել է Բուլղարիայի կոալիցիոն կառավարության կազմում` հաճախ դառնալով վճռական գործոն տարբեր կառավարությունների ձևավորման կամ անկման հարցում: Միջին հաշվով խորհրդարանում ունենում է 30-38 մանդատ (240-ից): Եզակի կարգապահությամբ կուսակցության օգտին են քվեարկում ընտրական ձայնի իրավունք ունեցող բոլոր թուրքերն անխտիր: Եվ դա այն դեպքում, երբ վերջին ընտրություններում բուլղարական կուսակցությունների թիվը հասնում էր 38-ի, չհաշված 7 դաշինքները: Իրենք` թուրքերը, կուսակցությունն անվանում են վերազգային, լիբերալ, կենտրոնամետ և այլն, սակայն, ըստ էության, այդ կազմակերպությունը նացիոնալիստական է, ներփակ, պրագմատիկ և լրիվ նվիրված է համայնքի շահերի պաշտպանությանը:
Իսկ կարո՞ղ է թուրքական կուսակցությունը չլինել իսլամական, ինչքան էլ դա ժխտեն նրա լիդերները: Վերջին քսան տարում Բուլղարիայում կառուցվել է 323 մզկիթ, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 2000-ի: (Ի դեպ, ռուսաստանյան մամուլում մասնավորապես «բուլղարաթուրք» համայնքի ու նրա «կառավարող» կուսակցության չարադավ քաղաքականության մերկացումներով հաճախ է հանդես գալիս քաղաքագետ Հայկարամ Նահապետյանը):
Իսկ «դեմոկրատական» Բուլղարիայում արդյոք բոլո՞րն են մոռացել թուրքի էությունը, նրա խորամանկ ու նենգ քաղաքականությունը: Անկարելի է չտեսնել, որ գերմանականից հետո սա հաջորդ թուրքական կազմակերպված քայքայիչ ուժն է Եվրոպայում: Կան Բուլղարիայում հակաթուրքական ուժեր, սակայն, ցավոք, դրանք առայժմ որակ չեն կազմում: Մասնավորապես, առանձնանում է «Ատակա» նացիոնալիստական կուսակցությունը, որը, ելնելով իր բացահայտ հակաթուրքական գաղափարախոսությունից, հայտարարում է, թե Թուրքիան չպետք է խառնվի Բուլղարիայի ներքին գործերին` օգտագործելով թուրք ազգային փոքրամասնությանը: «Ատական» հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: Կուսակցության լիդեր Վոլեն Սիդերովը, նկատի ունենալով «հայրենի» թուրքերին, անթաքույց հայտարարում է. «Եթե մենք միայն պիտի նայենք ու չգործենք այնպես, ինչպես վայել է բուլղար հայրենասերներին, ապա մի մռայլ օր նրանք, անտարակույս, օկուպացիայի կենթարկեն մեր երկիրը»:
Ցավալի է, որ ոչ բոլոր բուլղարներն են կիսում նման արմատական տրամադրվածությունը: Պատմականորեն մեզ հոգեհարազատ ժողովուրդը ևս, փաստորեն, ենթարկված է իսլամացման իրական վտանգին` այդ համաեվրոպական աղետին: Ըստ էության, նա ոչ միայն չի կարողանում կասեցնել սեփական թուրքերի նվաճողական բազմակողմ ակտիվությունը, այլև թուլակամորեն նպաստում է նրանց քաղաքական-էթնիկական դերի բարձրացմանը:
Նկատի ունենալով թուրքերի և, առհասարակ, իսլամի հետևորդների նվաճողական նկրտումները Եվրոպայում (և ոչ միայն այնտեղ)` սկսում ես ավելի լրջորեն վերաբերվել ծերացող մայր ցամաքում ու Ռուսաստանում շրջանառության մեջ մտնող այն տեսակետին, որ իսլամի հաղթարշավին կարող են հակազդել միայն ծայրահեղական աջերը, նացիոնալիստները և նույնիսկ նեոնացիստները: Բայց կարո՞ղ են նրանք իշխանության գլուխ գալ հանդուրժողական լիբերալիզմով ապականված Եվրոպայում. սա է հարցը:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա