«Օրենքում կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի այն լիարժեքորեն գործի: Դրանցից մեկը այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետն է, երկրորդը` վերահսկողությունը»,-«Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ մի քանի տարի քննարկվում է այս օրինագիծը, ինչն ապացույցն է այն բանի, որ լուծումները հեշտ չեն տրվում:
Այս պահին նախաքննության փուլում են քսանվեց անձանց գործեր, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, դատարանում է քսաներեք գործ, քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն են կրում երեսունչորսը: «Նրանք շատ լավ մարդիկ են, որոնց ծառայությունները երկրին կարող են շատ ու շատ օգտակար լինել: Նրանց տեղը քրեակատարողական հիմնարկը չէ: Իրենց մեղքով չէ, որ հավատը թույլ չի տալիս զենք կրել», -նկատեց նախարարի պաշտոնակատարը` ընդգծելով, որ երկրին ծառայելու համար նրանց «հարմար» տեղ պիտի գտնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ