Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Առագաստից» «Հարսնաքար» (սափրագլուխների և սափրիչների երկրում)

«Առագաստից» «Հարսնաքար» (սափրագլուխների և սափրիչների երկրում)
29.06.2012 | 01:14

«Ժամանակը քաղաքական գործչին դեղին քարտ տվեց։ Քաղաքական գործիչը դադարեց տշշել ազգի ճակատագիրը։ «Եքա էշ ես դարձել», ասում են իշու ձագին, և նա իրեն ավելի շոյված է զգում, քան ամոթահար։
Տականքը փրփուր է դառնում, փրփուրը` շամպայնի չափանիշ։ Իշխանությունը նրանց է պետք, ովքեր ոչինչ են առանց այդ իշխանության։ Հարստությունը, պերճանքը նմանապես»։

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Խոհերի արկածախնդրություն»

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՄԱՐՏԵՐ
(«Նեմեցիս» օպերացիան)
Զարմանալի է, բայց որևէ նախընտրական ծրագրում տող անգամ չկար Սափրագլխի մասին։ Անգամ վիրավորական է. 21-րդ դարի առաջին քառորդն ենք «խարջում», սակայն չենք յուրացրել ժամանակի հրամայականին համընթաց ընթանալու օրենքը։ Ինչո՞ւ մայրաքաղաքի էլիտար կենտրոնում չկերտենք Սափրագլխի հուշարձանը։ ՈՒշանում ենք, տիարք և տիկնայք, ժամանակի շոգեքարշը, ազերբայջանական մազութն այրելով, առաջ է սուրում։ Մենք դոփում ենք տեղում։ Այո՜։ Այնինչ, ինչե՜ր ասես, որ քամուն չտվինք։ Ի՜նչ երկիր էինք դառնալու, որ այդպես էլ չդարձանք։ Անդառնալի է։
Իսկ ժամանակը պարտադրում է ներդաշնակություն։ Բառի ու բանի համապատասխանություն (ինչպես ասում էր դանեմարքցի ազնվազարմ արքայազն Համլետը)։
Եվ ժամանակը չի ների մեր ինքնագլուխ-անփութությունն ու «արխայնություն-դնջությունը»։ Սա էլ Սևակի բնորոշումն է։ Այնպես որ, հապշտապ կերտում ենք Սափրագլխի և Սափրիչի կոթողները։ Ի դեպ, «Նեմեսիսը» ազգային վրիժառուների գաղտնի ծրագրի անվանումն էր, «Նեմեցիսը»` հասկանալի է, թե ում։

Սակայն ովքե՞ր Սափրագլուխ երևույթը դարձրին հանրային, սոցիալական, ազգային, ինչու չէ, նաև բարոյահոգևոր (երբեմն էլ` գեղագիտական) գործոն։ Ովքե՞ր. բոլոր նրանք, ում ձեռամբ վավերացվեց օրենքը թիկնազորի մասին։
Սակայն, կներեք, ի՞նչ թիկնազոր պիտի գործի մի երկրում, ուր պաշտոնապես չկան մաֆիոզ-գանգստերական խմբավորումներ և որևէ մեծահարուստ երբևէ չի սնանկացել։ Մի երկրում, ուր տնտեսական խոր ճգնաժամը խորապես բարելավեց տնտեսաքաղաքական վերնախավի նյութական վիճակը։ Այո՜։

ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ
(օրհաս է. զգոն լինենք)
Այնուամենայնիվ, սափրագլուխների օրինական բուժման հեղինակները ինչի՞ էին ձգտում, ինչի՞ հասան, և ի՞նչը մնաց թերի։
Կարելի է վստահորեն պնդել, որ թերի ոչինչ չկա, ամեն բան ընթացավ իր նախանշված հունով։ Սափրագլուխը զինատեսակ է, պարարտանյութ, բրենդ։ Զինատեսակ է` ուղղված հանրապետությանը, պետականությանը, անկախությանը։ Պարարտանյութ է, որ սնուցում և լիցքավորում է սափրիչների ստոր կրքերն ու գունեղ «կայֆերը»։ Բրենդ, որն այսօր Հայաստանի ներքաղաքական գերակայության փայլուն առհավատչյան է։
Եվ ահա տեղատվություն է, մեկ տասնամյակ հետ գնանք։ «Հայծխախոտ» միավորման շենքի 4-րդ հարկում էին տեղավորված թերթի խմբագրությունը, որտեղ աշխատում էի, և Ռուբեն Հայրապետյանի աշխատասենյակը։ Հասկանալի է, միավորման մուտքը պահպանում էր պահակային ծառայությունը։ Բայց հանրածանոթ «Նեմեցն» աշխատավայր էր այցելում (և հեռանում օրավերջին) շրջապատված թիկնազորական հոծ խմբով։ Սա զավեշտալի էր շատերիս համար։ ՈՒմի՞ց էր պաշտպանվում սույն հասուն այրը սեփական երկրում, սեփական գործարանում։ Թիկնազորը նրան հասցնում էր աշխատասենյակ և դիրքավորվում նախասենյակում։ Սա, ամենայն հավանականությամբ, բիրդան-աղայական բրենդն էր, հեռահար և խիստ գործնական նպատակներով։ Չէ՞ որ Ռուբեն Հայրապետյանի թիկունքում ուրվագծվում էր նորհայկական օլիգարխիատի զինատեսակ-պարարտանյութի կնքահայր Ռոբերտ Քոչարյանի կիսադեմը։ Եվ չէ՞ որ կիսադեմն անքնին պահանջում էր` գործել խաղի կանոնների շրջանակում։ Խաղի կանոններ, որ մշակվել էին ժամանակի ոգուն հարիր։ Իսկ ոգին այդ պահանջում էր անխնա հարվածել հանրության հոգնատանջ մարմնի բոլոր այն հատվածներին, որոնք արգելված են դասական բռնցքամարտի կանոններով և միանգամայն օրինական են «քաղաքակիրթ մարդաորսի» մարզաձևում։

ՄԻԶԱՊԱՏԻՑ ԱՆԴԻՆ
ՈՒ ինչն է զարմանալի, զարհուրելի, զարզանդելի։ «Հարսնաքարում» սպանդ էր։ Սակայն չէ՞ որ դա հետևանք էր... «Առագաստի» բնականոն անդրադարձը։ Նվագախմբի բոլոր հնչեղ գործիքներն այսօր (ընդ որում հերթական անգամ) ազդարարում են` օլիգարխիատը գնում է դեպի բացարձակ իշխանություն։ ՈՒ վստահ լինենք, այսօր չէ վաղը լիակատար ենթարկելու է իրեն պետական ողջ համակարգը։ Եթե զորի։ Այսպիսով, փչում է զուռնան և հիշեցնում 2003-ի ամառը, երբ «Օր» թերթի խմբագիրը Սափրագլխի մահագույժ սմբակներից փրկվեց հրաշքով միայն։ Նաև դհոլն է դղրդում և հիշեցնում անմոռանալին` հանրապետության գերագույն սափրագլուխներից մեկի սափրագլխիկները միզում էին հանրապետության ուժային կառույցներից մեկի պատին, արձանագրելով առաջին Միզապատի հիմնարկեքը։ Գերագույն սափրագլուխներից (նույնն է, թե գերօլիգարխներից) մեկը «հախ ու հաշիվ» ուներ ուժային կառույցի ղեկակալի հետ և ահա նման ձևով էր արտահայտում յուր վերաբերմունքը հանրապետության հանդեպ։

Մենք լռեցինք «Առագաստի» սպանդից հետո և, որպես պարգևավճար, արժանացանք «Հարսնաքարին»։ Եվ ապշելի է հանրային ակտիվի (ԶԼՄ-ներ, ձայնարկու մտավորականություն և այլն) խորսխված շեղումը, երբ փորձ է արվում երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը դարձնել քավության նոխազ։ Այնինչ, հենց նման օրհասական ժամերին է անհրաժեշտ թև ու թիկունք կանգնել հանրապետության զինված ուժերին և նրա հրամկազմին, ոստիկանությանն ու վերջինիս նավավարին։ Զի հենց նրանք են մեր իրական թև-թիկունքը։ Եվ անհուսալի պարզամտություն է հատկապես այս օրերին Ռուբեն Հայրապետյանի վայրագության հերթական ցուցքը (հիշենք նրա նախկին դրսևորույթները` սմբակի և դմբուզի կարկտահարությամբ) և Սեյրան Օհանյանի ու Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ թերացումները միևնույն հարթության մեջ դիտարկելը։

ՍԱՓՐԻՉՆԵՐՆ ՈՒ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ
(վերջաբանի վերջույթները)
Սափրագլուխներին առանձնացրինք հանրությունից և հանրապետությունից։ (Սափրագլուխը օլիգարխն է` բազմած Օվալաձևում, մտքերով բութանկյուն, կրքերով բրգանիստ)։ Ովքե՞ր են սափրիչները։ Մի՞թե հայոց սափրագլխային հանրապետության տեսլականները միս ու արյուն չեն առել «300-ի կոմիտեի» ստորաբաժանում հանդիսացող և ընթերցողին արդեն ծանոթ «Գանգի և ոսկորների ուխտ» դիվահար ուխտագնացության ընթացքում։ Միանգամայն հնարավոր է։
Այո՜, այո՜, մենք` ՀՀ հանրության ներկայացուցիչներս, որ բացարձակ մեծամասնություն ենք այս երկրում, սնեցինք սափրագլուխներին, զի պարսավանքից և անեծքից չհեռացանք, չկազմակերպեցինք հանրային երթեր, հանրահավաքներ, գործադուլներ և ընդվզման այլ միջոցառումներ։ ՈՒ այս ամենի մեկնարկը պիտի որ տրվեր 2001-ի հենց այն օրը, երբ «Առագաստ»-ում եղերական հանգուցալուծման հասավ երրորդ հանրապետության երկրորդ նախագահի հանդեպ դրսևորված ոչ բարեկիրթ վերաբերմունքը։ Լուրեր էին շրջում, թե նախկին նախագահն է հրահանգել Շնագայլին` «Տարեք ու սատկացրեք»։ Նա և Շնագայլն անպատիժ են առօրս։

Զարմանալիորեն դարձյալ ու դարձյալ շփոթում ենք պատճառն ու հետևանքը։ Ափաչափ մի երկիր ենք, աշխարհում արդեն ճանաչելի տաղանդների աստղաբույլով։ Նաև աղանդավորների ամենազանգվածային գլխաքանակով։ Ափաչափ այս երկրում գլխադասը Սափրագլուխն է, կասկած չունենանք։ Իսկ գլխադասն այլ խնդիր և տեսլական չունի, զի նրա կայքի (և գործունեության) բացարձակ մեծամասնությունը հարկային և մաքսային թերացումների ու մեքենայությունների շնորհիվ է ձևավորվել։ Եվ նա չունի այլ ճանապարհ։ Բացի բացարձակապետության հաստատումից։ ՈՒ եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք։ Հատկապես անհանդուրժողականությամբ աչքի են ընկել (և, համոզված եղեք, դեռ բազմիցս կընկնեն) հենց այն գործարար-մեծահարուստների հրոսակները, ովքեր երկու ամենազոր «բարաթով» են պաշտպանված` պատգամավորական հարատև անձեռնմխելիությամբ և միջազգային բարձրագույն օղակների անդամակցությամբ։ Ո՛չ, մասոնական ինչ-ինչ դղրդալից անվանումներ մի՛ սպասեք, հիշեք հանրածանոթ հապավումները` ՄՕԿ և ՀՖՖ։
Եվ ամեն բան կհասնի իր տրամաբանական վախճանին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ