38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ծառը կծաղկի այն ժամանակ, երբ կիրականանա աշխարհասփյուռ հայության երազանքը» (ֆոտոշարք)

«Ծառը կծաղկի այն ժամանակ, երբ կիրականանա աշխարհասփյուռ հայության երազանքը» (ֆոտոշարք)
15.06.2012 | 00:04

Իրադարձությունները, որ տեղի են ունենում Կարապետ Փամբուկչյանի ընտանիքում, համայն հայության ողբերգական 1915-ի հեռավոր արձագանքն են:
Չորրորդ սերնդի գաղթականներ, որոնք գրեթե լուծվել են Ամերիկա կոչվող բազմազգ հսկա երկրում:
Տորոնտո, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներում ֆիլմի ցուցադրությունը ցույց տվեց, որ այն սփյուռքում առաջացնում է հայրենասիրական վերելք, ակտիվ հետաքրքրություն այն բարդ խնդիրների հանդեպ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև: Մասնավորապես` Տորոնտո քաղաքում կայացած «Pomegranate» կինոփառատոնում «Վանա ծովուն արշալույսը» ընդգրկվեց որպես գալա-ցուցադրություն: Փառատոնի հրավերով և Հայաստանի մշակույթի նախարարության գործադրած ջանքերով հնարավոր եղավ ցուցադրել ֆիլմը: Կազմակերպիչների միաձայն կարծիքով` «Վանա ծովուն արշալույսը» արժանացավ հանդիսատեսի ամենաջերմ ընդունելությանը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին` Թուրքիայի դեսպանատան դիմաց, նա այրում է այդ երկրի ազգային դրոշը: Կարապետի արարքը զայրացնում է որդուն` Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի է 17-ամյա թոռանը, ով սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն:
Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը` ֆիլմում խտացված են տարբեր սերունդների բախումից առաջացող պրոբլեմները, որոնք վեր են հանում օրախնդիր և լուծում պահանջող հարցադրումներ:
Ֆիլմում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ` Կարեն Ջհանգիրյան (Հայաստան), Ժան-Պիեռ Նշանյան (ԱՄՆ), Արեն Վաթյան (ՌԴ), Արևիկ Մարտիրոսյան (Ֆրանսիա), Գյունըշի Զան (Թուրքիա): Ֆիլմը նկարահանվել է չորս երկրում` Հայաստան, Թուրքիա, Ֆրանսիա և ԱՄՆ:
Ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարիստները` Արմեն Վաթյանն ու Արեն Վաթյանը:
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ և ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆԻ հետ:
-Ինչո՞վ է տարբերվում «Վանա ծովուն արշալույսը» ցեղասպանության մասին պատմող այլ ֆիլմերից:
ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ- Ֆիլմը Ցեղասպանության հետևանքների մասին է: Այսօրվա սերունդների հայացքն է, որոնց նախնիներն ապրել են ցեղասպանությունը: Մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչն է օգնում և՛ հայրենիքից, և՛ Ցեղասպանության խնդրից արդեն օտարացած սերնդին կրկին վերադառնալու այդ ցավալի հարցին:
ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ- «Վանա ծովուն արշալույսը» նկարված է մի փոքր այլ տեսանկյունով, քան տվյալ թեմայով նկարված մյուս ֆիլմերն են. ավելի նուրբ է և թեթև, տրամադրությունների և վիճակների կոնտրաստները հաջորդում են միմյանց: Ֆիլմը հուզում ու նաև ուժ է տալիս մարդկանց համահայկական խնդիրների լուծման առումով:
-Ո՞Ւմ է ուղղված ֆիլմը` ներսի՞, թե՞ դրսի հանդիսատեսին:
Վ. Ս.- Ավելի շատ` սփյուռքում ապրող հայերին, բայց դա չի նշանակում, որ մեզանում ասելիք չունի: Արդեն մտածում եմ, որ այստեղ, գուցե, ասելիքն ավելի շատ է, քան դրսում:
Ա. Վ.- Ֆիլմը բոլոր հայերի համար է, ինձ համար ցավալի է, երբ սկսում ենք տարանջատել` դրսի հայեր, ներսի հայեր, ստացվում է երկու տարբեր ժողովուրդ` տարբեր խնդիրներով, կյանքով: Մեր խնդիրը մեկն է` մնալ հայ և հասնել Հայկական հարցի լուծմանը:
-«Վանա ծովուն արշալույսը» ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանյան հանդիսատեսը որքա՞ն էր հետաքրքրված Ցեղասպանության հետևանքների մասին պատմող ֆիլմով:
Ա. Վ.- Ցանկալի կլիներ, որ ավելի մեծ լիներ հետաքրքրությունը: Դրսի հանդիսատեսի համար այս խնդիրներն ավելի զգալի են, ավելի սրտամոտ: Չնայած ֆիլմը դիտողներից հիմնականում շնորհակալական բառեր ենք լսել:
Վ. Ս.- Մեկ ամիս շարունակ օրը երկու-երեք սեանս է եղել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ավելի շատ հանդիսատես դիտեր ֆիլմը:
-Որքա՞ն գումար է պետք լավ ֆիլմ նկարահանելու և գովազդելու համար, ինչը մեր օրերում շատ կարևոր է:
Ա. Վ.- Ֆիլմի ստեղծման համար կարևոր է ոչ թե մեծ գումարը, այլ ֆիլմը ստեղծողների տաղանդը և անկեղծությունը: Ցավը, որի մասին պատմում ես, պիտի սրտից գա: Պիտի սիրես ֆիլմի հերոսներին: Սիրով ենք նկարահանել և ուզում ենք այդ սերը փոխանցել հանդիսատեսին: Գումարը, որ ձեռք ենք բերել, որոշ չափով` մինիմալ, մեր պահանջները հիմնականում բավարարել է:
Վ. Ս.- Սիրով աշխատելը կարևոր է, բայց, բնական է, ֆիլմը նաև արտադրություն է, որը կապված է ֆինանսավորման հետ: Համաձայն եմ Արմենի հետ, ձեռք բերված գումարը մեր պահանջները հիմնականում բավարարել է:
-Ֆիլմում ասվում է` Չինաստանում ապրելով չինացի չես դառնում: Այստեղ բախվում են գենետիկան, հայի էությունը և իրական, նյութեղեն աշխարհը:
Վ. Ս.- Կարծում եմ` իրական, նյութեղեն աշխարհը ժամանակավոր է, հետո յուրաքանչյուրը փորձում է վերագտնել իր գեները, արմատները:
-Բայց չէ՞ որ Կարապետի տնկած ծառը չի ծաղկում:
Վ. Ս.- Այո, չի ծաղկում: Բայց, ինչպես Կարապետն է գրում իր կտակում, վստահ եմ, այն մի օր անպայման կծաղկի։ Ծառը կծաղկի այն ժամանակ, երբ կիրականանա աշխարհասփյուռ հայության երազանքը:
Ա. Վ.- Սերնդեսերունդ այդ ծառը պետք է ջրվի, որ չչորանա, իսկ թե ե՞րբ կծաղկի, կախված է մեզնից:
-«Որտեղ կուզես ապրիր, բայց մեռնել պարտավոր ես Հայաստանում»: Այս միտքը տարբեր կերպ կարելի է հասկանալ: Կոպիտ դիտողությունների եմ նաև հանդիպել, որ բոլոր հայերը հենց դրանով էլ զբաղված են, և որ Հայաստանը գերեզմանոց չէ:
Ա. Վ.- Այդ տողերը կոնտեքստից հանված են, պետք է մինչև վերջ լսել, ասվում է` ի՞նչ իմաստ ունի դրսում ապրելը, եթե, միևնույն է, վերջում հանգրվանելու ես հայրենիքում:
-Բայց զուգադիպում է մեր այսօրվա կյանքի հետ, շատերը իսկապես ձգտում են դրսում ապրելու: Կյանքի վերջում կարող են և վերադառնալ:
Ա. Վ.- Օբյեկտիվ պատճառներ կան, ես չեմ մեղադրում նրանց, ովքեր հեռանում են երկրից: Եթե արվեստագետը չի կարողանում այստեղ ստեղծագործել, ինքնարտահայտվել, չես կարող պարտադրել, որ ողջ կյանքն այստեղ ապրի ու ոչինչ չանի: Եթե չես կարողանում ընտանիքդ պահել, իրավունք չունեմ ասելու` ապրիր այստեղ: Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, հայ տղաները, ովքեր ծնվել են Ամերիկայում, Ավստրալիայում, նույնիսկ հայերեն խոսել չգիտեին, եկան Հայաստան և մարտնչում էին այն հողի համար, որը երբեք չէին տեսել կամ թուրքական դեսպանատուն էին գրավում` Հայ դատը բարձրացնելու համար: Դա նման է դանդաղ ներգործող ականի, որ ամեն հայի գենում կա ու մի օր կպայթի:
Վ. Ս.- Հակառակն էլ կա, Լեհաստանում մեծ համայնքն է եղել, բոլորը ձուլվել են: Ֆիլմը հենց դրա մասին է, նոր սերունդները, կարողանո՞ւմ են վերագտնել իրենց արմատները, ինքնությունը, թե՞ ձուլվում են:
-Թուրք դերասանուհու մասնակցությունն ինչո՞վ է պայմանավորված: Խնդիրներ չի՞ ունեցել դերասանուհին իր երկրում:
Վ. Ս.- Մենք մտածեցինք որ ֆիլմի ազդեցությունն ավելի ուժեղ կլինի, եթե թրքուհուն ազգությամբ թրքուհի դերասանուհի մարմնավորի: Կարծում եմ` չենք սխալվել: Ի դեպ, Գյունըշի Զանը հիանալի կատարեց իր դերը:
Ա. Վ.- Նա գիտեր` ինչի մասին է ֆիլմը, հասկանում էր և՛ մեր խնդիրը, և՛ ֆիլմի խնդիրը, շատ ճիշտ վերաբերմունք ուներ այս ամենի նկատմամբ:
-Որքան էլ բարի էր վերաբերմունքը թրքուհու նկատմամբ, միևնույն է, հայի և թուրքի սիրավեպը չի կայանում:
Վ. Ս.- Այդ հարցում հանդիսատեսը տարակարծիք է, բայց ես վստահ եմ, որ ճիշտը մենք ենք` նրանք պիտի բաժանվեին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Վանա ծովուն արշալույսը» 1
  • «Վանա ծովուն արշալույսը» 2
  • «Վանա ծովուն արշալույսը» 3
  • «Վանա ծովուն արշալույսը» 4
  • «Վանա ծովուն արշալույսը» 5
  • «Վանա ծովուն արշալույսը» 6
  • «Վանա ծովուն արշալույսը» 7
  • «Վանա ծովուն արշալույսը» 8
  • «Վանա ծովուն արշալույսը» 9
  • «Վանա ծովուն արշալույսը» 10
  • «Վանա ծովուն արշալույսը» 11
Դիտվել է՝ 7905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ