Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Այս արխիվն ի ցույց է դնում հայկական գործարար ակտիվությունը Թուրքիայում մինչև ցեղասպանությունը, որն այդուհետ փոշիացվել է»

«Այս արխիվն ի ցույց է դնում հայկական գործարար ակտիվությունը  Թուրքիայում մինչև ցեղասպանությունը, որն այդուհետ փոշիացվել է»
08.06.2012 | 00:30

«Իրատես de facto»-ի հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար, պատմագիտության դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ: Նրա հետ հանդիպման առիթը վերջերս գործարար Բարսեղ Բեգլարյանի գնած և թանգարան-ինստիտուտին նվիրաբերած բացառիկ արխիվի մասին տեղեկանալն էր: Արխիվի առանձին նմուշները տեսնողիս հոգեկան հասկանալի ապրումների հանրագումարն է այս զրույցը:

«ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՍՆԵԼ ԹՈՒՐՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՋՐՊԵՏՄԱՆԸ»


-Նոր եք վերադարձել արտերկրյա գործուղումից: Ի՞նչ առաքելությամբ էիք մեկնել:
-Եթե նախկինում գործուղումների էի մեկնում միայն որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ապա հիմա նաև` որպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար: Լինելով տարբեր երկրներում` մասնակցում եմ տեղական ենթահանձնաժողովների ձևավորմանը, ճշգրտում մեր ռազմավարությունը, անելիքները, ժամանակացույցը: Դա սովորաբար կատարվում է տվյալ երկրում ՀՀ դեսպանի, հոգևոր և աշխարհիկ առաջնորդների մասնակցությամբ: Այդպիսի հանդիպումներ տեղի ունեցան Բուխարեստում, Բուդապեշտում և Վիեննայում:
-Թանգարան-ինստիտուտի համար որևէ բովանդակային տարբերություն կա՞, թե հատկապես Հայոց ցեղասպանության որ տարելիցն է նշվում` 100-ամյա՞կը, թե՞ 98-ը, 99-ը կամ 102-ը:
-Մենք ունենք փոքր, միջին և մեծ ծրագրեր` կապված 100-ամյակի հետ: Բայց ամեն բան ելնում է այն հոգեբանական սկզբնակետից, որ 100-ամյակը լոկ 100-ամյակ է, դրան հաջորդելու են 101-ը, 102-ը, 103-ը… Մենք չենք ուզում 100-ամյակը սահման համարել, որից հետո կա՛մ պետք է նվազեցնել ակտիվությունը, կա՛մ ուղղակի զբաղվել առօրեական թանգարանային աշխատանքով: 100-ամյակն ուղղակի խորհրդանշական տարելից է, ոչ ավելին: Մենք ո՛չ սփյուռքի, ո՛չ Հայաստանի հանրությանը չենք ցանկանում տրամադրել, թե 100-ամյակով ինչ-որ բան ավարտվելու է: Ընդհակառակը, փորձում ենք շեշտադրել, որ շատ բաներ դրանով սկսվելու են: Թանգարանն ապրում է, աշխատում անընդհատ, որ նոր ցուցադրություն, նոր նյութեր, նոր գիտելիք ի հայտ բերի: Բացի ավանդական ապրիլյան ցուցադրություններից, այս տարի մենք հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախաձեռնել ենք ինտենսիվ գրահրատարակչական ծրագիր: Մոտ 15 առանձին ձեռնարկներ կլինեն տարվա ընթացքում, որոնցում առանցքայինը գիրքն է. գիրքը` որպես հուշարձան, գիրքը` որպես սկզբնաղբյուր, գիրքը` որպես թարգմանական նյութ: Հիմնական շեշտադրումը կոթողային, սկզբնաղբյուր համարվող գրականությունն առաջին անգամ գիտական հրատարակությամբ հայերեն ներկայացնելու վրա կարվի: Մենք մինչև հիմա ունեցած այս բացթողումը լրացնում ենք, որ ցեղասպանության 100-ամյակին չլինեն սպիտակ կետեր: Անշուշտ, աշխատանքային ծավալը 100-ամյակի հետ կապված եռակի, քառակի մեծացել է, և սա ենթադրում է լրացուցիչ լարվածություն:
-Կա՞ն որոշակի կարծրատիպային տարբերություններ հայաստանցի և սփյուռքահայ հանրության վերաբերմունքի մեջ մեր ազգային ողբերգության նկատմամբ:
-Ցավոք, դրանք կան: Կան անձինք սփյուռքում, ինչու չէ, նաև Հայաստանում, ովքեր իրենց համարում են առաջնորդներ և փորձում են շահարկումների հողի վրա, ինչպես ընդունված է ասել` վերմակը քաշել դեպի իրենց: Եվ չեն գիտակցում, թե այդպիսով որքան վտանգավոր աշխատանք են կատարում` Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետներ, արգելապատնեշներ ստեղծելու առումով: Այդ մարդիկ միայն արժանի են պարսավանքի: Որոշ սփյուռքյան շրջանակների դուր չի գալիս, որ Հայաստանի Հանրապետությունն է նախաձեռնել պետական բարձր մակարդակով Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի ձևավորումը, որ այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահն է: Չեմ էլ ուզում իմ անձի մասին խոսել: ՈՒ երբեմն տեսնում ենք տաղտկալի հոդվածներ այնպիսի մարդկանց գրած, որոնք ծնվել, մեծացել, դաստիարակվել, կրթվել են Հայաստանի դեմ սառը պատերազմի տրամադրության մթնոլորտում: Նրանք ունեցել են պարզունակ, միաբջիջ հայրենասիրության հասկացողություն, որը դրսևորվել է ատելություն դավանելու մեջ: Իսկ ատելությունը, իմ խորին համոզմամբ, վախկոտներին, թույլերին բնորոշ հատկանիշ է: Պայքարող տիպը չի ատում: Այդպիսի մարդիկ հիմա փորձում են վարկաբեկել պետական հանձնաժողովի աշխատանքը` սկսած իմ անձից մինչև մյուս օղակները: Նրանք ամեն կերպ ձգտում են պահանջատիրության, դրա հետ առնչվող այլևայլ հարցերում պահպանել իրենց մենաշնորհային իրավունքները, վախենում են կորցնել դրանք: Ինձ համար` որպես յոթ տարի այս ոլորտում աշխատող մարդու, գոնե, հասկանալի են այդ վախերի ակունքները: Դրանք հիմնականում ֆինանսներով են պայմանավորված, ոչ թե գաղափարներով: Այդ մարդկանց պետք է հնարավորինս շուտ մեկուսացնել, որովհետև նրանք ավելի շատ ավերածություններ կգործեն 100-ամյակի նախօրյակին, քան նպաստավոր մի բան կանեն: Կա կարծրատիպ, որ սփյուռքն է միայն պահանջատեր և ցեղասպանության զոհ: ՈՒ ես անընդհատ փորձում եմ հակադրվել այս կարծիքին` դուր չգալով շատերին: Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելին արևմտահայոց ժառանգ է: Եվ նրանք ոչ պակաս իրավունքներ ունեն պահանջատիրության հարցերում: Բայց սփյուռքում կան մարդիկ, ովքեր փորձում են ժխտել այդ իրավունքները: Իսկ այն մարդիկ, ովքեր կոտորվեցին թուրքերի կողմից այս տարածքում` Ռուսահայաստանում, Արցախում, Բաքվում, որոշ «հանճարեղների» բնորոշմամբ, համարվում են ոչ թե եղեռնի, այլ պատերազմի զոհեր: Եվ ցավալի է, որ Հայաստանում տպվող մամուլում էլ երբեմն հայտնվում են ձևակերպումներ, որոնք չեն կարող չառաջացնել իմ խորին զայրույթը: Մի այդպիսի հրապարակման մեջ սփյուռքահայերը, ոչ ավել, ոչ պակաս, դիտվում էին հայ ազգի նկարագրի և արժեհամակարգի միակ պաշտպանները, և մերժվում էր հայաստանցիների` այդպիսին լինելը: Նման ձևակերպումներով որոշ մարդիկ փորձում են ինքնահաստատվել կամ օրիգինալ երևալ: Իսկ ես այդպիսի պարզունակ և վտանգավոր մոտեցումները համարում եմ ուղղակի թուրքական 5-րդ շարասյան լավ աշխատանք:
-Դուք խոսում եք սփյուռքի դատապարտելի որակների մասին: Սակայն ինքներդ նշեցիք, որ անցանկալի դրսևորումներ կան նաև Հայաստանում: Անաչառությունը չկորցնելու համար գուցե նաև հայաստանյան թերությունների՞ն անդրադառնաք:
-Ես թիրախ չեմ դարձնում սփյուռքահայությանը: Դա չէ իմ ասելիքը: Այստեղ` Հայաստանում, մենք խնդիր ունենք իրազեկության պակասի: Գուցե իմ խոսքը ոմանց վրդովեցնի, բայց մեր դիտարկումները, որոնք ներառում են բոլոր տարիքային խմբերը, փաստում են, որ մեր հասարակությունը շատ մակերեսային, աղճատված, հատվածային պատկերացում ունի կատարվածի մասին: Այդ պատկերացումները գալիս-հանգում են կոտորածի առանձին տեսարաններին, արյունարբու թուրքի կերպարին, բայց ոչ ներքին վերլուծությանը, դրանից դասեր քաղելուն, ինքնագիտակցությանը, խորհելու պարտադրանքին, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և ինչ դասեր պետք է քաղել եղածից: Մենք մնում ենք հարցի պարզունակացման, գերհուզականացման, պոեմների, Կոմիտասի կերպարին անդրադարձումների մակարդակներում: Այդ խեղճ Կոմիտասին դեռևս 60-ական թվականներից «շահագործում» ենք` որպես եղեռնի զոհի կերպարի: Այնինչ մեզ պետք է, որ այս թեման վաղուց վերածված լիներ մի կարևոր ուղենիշի, դասի` սովորական, պարկեշտ, օրինապաշտ քաղաքացի կրթելուն: Ի վերջո, այդ քաղաքացին է, որ պիտի հարգանքի տուրք մատուցի իր կերպարով, և ոչ թե հանցագործը, կաշառակերը, խաբեբան: Այսինքն` այս թեմայով մենք պետք է լուրջ գիտակրթական խնդիրներ լուծենք` նախ և առաջ: ՈՒ պետք է հասկանանք, թե որ տարիքից սկսած անենք դա, որ չունենանք հոգեբանական խեղումների վտանգը, որ մեր սերունդը պայքարող սերունդ լինի, խորքային գիտելիք ունենա: Ե՛վ հայաստանցի, և՛ սփյուռքահայ որոշ անհատների ես կցանկանայի հետևյալ «մեսիջը» հասցնել. չփորձենք Եղեռնի 100-ամյակը վերածել սեփական անձը շեշտադրելու, բաղդատող գծեր անցկացնելու միջոցառումների: Իմ ամբողջ նպատակը եղել և մնում է այդ կոնֆլիկտային անկյունները հարթեցնելը` անգամ կուլ տալով անձնական վիրավորանքները:
-Մենք մի պահ ազգովին ոգևորվեցինք Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանությունը քրեորեն պատժելու որոշմամբ, ապա բախվեցինք Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի մերժողականությանը: Շարքային հայի արձագանքը պարզ ու հասկանալի էր: Իբրև մասնագետ` Դո՞ւք ինչպես եք գնահատում ցեղասպանության փաստի այսօրինակ մանիպուլյացիաները:
-Իմ խորին համոզմամբ` մեր խնդիրների լուծման, ցեղասպանության հետևանքների վերացման ակունքները պետք է փնտրել ոչ թե օտար խորհրդարանների պատերից ներս (որոնց նշանակությունը բնավ չեմ բացառում. շատ կարևոր են միջազգային ճանաչումն ու դատապարտումը), այլ մեր մեջ, գիտակրթական մեր մակարդակը բարձրացնելու մեջ: ՈՒնե՞նք արդյոք բավարար թվով գիտնականներ, ովքեր այսօր զբաղվում են ցեղասպանությամբ, կա՞ն արդյոք ցեղասպանության չուսումնասիրված դրվագներ, ո՞րն է հայ ցեղասպանագետների սփյուռքյան և հայաստանյան հաջորդ սերունդը… և այսպիսի շատ ու շատ հարցեր: Հաջորդ թիրախ լսարանը միջազգային լսարանն է: Տեղերում պետք է հասարակության հետ աշխատել` դպրոցական դասագրքերի, վերլուծությունների մակարդակով: Եթե անջատ վերցրած քաղաքական պայքար ենք մղում միայն, ապա դա արդյունք չի տա: Այո՛, ինչ-որ փաստաթուղթ գուցե և վերցնենք, բայց կգան տարբեր ռեժիմներ, տարբեր ղեկավարներ, և բացառված չէ, որ շատ որոշումներ ու մոտեցումներ փոփոխվեն: Երրորդ կարևոր թիրախը, իմ համոզմամբ, թուրք հասարակությունն է: Անընդհատության սկզբունքով այդ հասարակությանը պետք է մատուցենք ցեղասպանության մասին գիտելիքը` պարկեշտ, կոռեկտ ձևով, ոչ թե ատելություն և սանձարձակ մարդատյացություն սերմանելով: Վերջինը միայն բերում է հակազդեցության: Մեր նպատակը պիտի լինի երիտասարդ թուրքերի հոգուն և սրտին հասցնել այն անարդարությունը, այն անմարդկայնությունը, որոնք իրականացրին իրենց նախնիները: Եթե մենք չունենանք այդ ուժը Թուրքիայի ներսում, չենք կարող հաջողություն ակնկալել Ֆրանսիայի Սենատից կամ ԱՄՆ-ի Կոնգրեսից. դա երկար ճանապարհ է` անորոշ վերջաբանով: Իսկ այն հասարակությունը, որ մեր կողքին է և մեղավոր է, որովհետև ժառանգել է իր նախնիների ոճրագործության պտուղները և ժխտում է կատարվածը, պիտի համոզվի իրականության մեջ, և մենք պիտի կարողանանք հասնել թուրք իշխանության և հասարակության անջրպետմանը: Մեր նպատակն այս երկուսի միջև անդունդ ստեղծելն է, որը պետք է բերի բախման: Իսկ մենք ի՞նչ ենք անում: ՈՒնե՞նք վեբ-կայքեր, հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, որոնք մատուցում են թուրքերեն տեղեկատվություն, ֆիլմեր, հաղորդումներ ցեղասպանության մասին: Ո՛չ: Շատ թույլ ենք մենք այս առումով: Թանգարանի պաշտոնական կայքէջում ամենաշատը նայվում է թուրքերեն մասը: Խոսքը միլիոնների մասին է: Իսկ մենք ավելի հեշտ ճանապարհ ենք փորձում գտնել` ԱՄՆ նախագահն ի՞նչ կասի, Կոնգրեսը կամ Սենատը հերթական անգամ մեկ-երկու ձայնի տարբերությամբ ի՞նչ որոշում կկայացնեն… Մենք պտտվում ենք փակ շրջանի մեջ: Այնինչ մեր թիրախը պիտի լինի երիտասարդ թուրք սերունդը, որն ունի մեզ անհրաժեշտ պոտենցիալը, այն չպետք է կորցնել, այլ պետք է տասնապատկել, հարյուրապատկել: Ազգայնական մեծամասնություն կազմող թուրքական զանգվածից պիտի կարողանանք պոկել այդ հատվածը և դարձնել մեր նպատակների, մեր գաղափարների կրողներն ու տարածողներն իրենց հասարակության ներսում:

«ՑՈՒՅՑ ԿՏԱՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»


-Գործարար Բարսեղ Բեգլարյանի միջոցներով վերջերս Հունաստանում գնվել և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրվել բացառիկ մի արխիվ` Հայոց ցեղասպանության խոսուն մի վավերագիր: Խոսենք այդ մասին:
-Նախ շնորհակալությունս հայտնեմ պարոն Բեգլարյանին այդ արժեքավոր նվերի համար: Ես օրը մի քանի անգամ համացանցով այցելում եմ տարբեր աճուրդներ, դրամ եմ տեղադրում, գնում եմ ինչ-որ բան: Չկա մի օր, որ թանգարանը որևէ իր չստանա: Այդ փնտրտուքի մեջ ինձ հանդիպեց ամբողջական մի հավաքածու` բաղկացած մոտ 60 միավորից: Դրանք Պոլսում և Զմյուռնիայում ապրած հայ գործարարների ձևաթղթեր էին, որոնցում երևում էր հայերի գործարար ակտիվությունը: Մեկը նավաշինական գործիքներով է զբաղվել, երկրորդը` ժամագործությամբ, երրորդը` երկրագործական պարագաներով, չորրորդը` կահույքագործությամբ… Կա՛մ եղել են ձեռնարկատեր-արդյունաբերողներ, կա՛մ վաճառականներ: Այս արխիվն ի ցույց է դնում հայկական գործարար ակտիվությունը Թուրքիայում մինչև ցեղասպանությունը, որն այդուհետ փոշիացվել է: Բարսեղ Բեգլարյանի շնորհիվ մենք այժմ ունենք այս ամբողջական հավաքածուն, որը կդառնա հիմք` ցույց տալու համար, թե ովքեր են եղել հայերը Թուրքիայում, ինչ դեր և կշիռ են ունեցել Օսմանյան կայսրության գործարար կյանքում, ներքին և արտաքին առևտրի շրջանակներում: Մենք այսպիսով ցույց կտանք ցեղասպանության ուղղակի և անուղղակի հետևանքները: Այս փաստաթղթերը վկայում են թե՛ գործարար հայ անհատների, թե՛ ընտանիքների գոյության մասին: Վաճառողը մեզ ուղարկել էր այդ ամբողջ փաթեթի էլեկտրոնային տարբերակը: Մենք այն ներկայացրինք Բարսեղ Բեգլարյանին: Բնականաբար, առաջացավ հետաքրքրություն: Բանակցեցինք գնի շուրջ: Եվ վերջնական արժեքը ճշգրտելուց հետո Հունաստանում ՀՀ դեսպանի` Գագիկ Ղալաչյանի միջոցով գնեցինք արխիվը: Այս նյութի առանձին նմուշների հիման վրա կարվի ժամանակավոր շրջիկ ցուցադրություն: Դրանում կընդգրկվեն նաև լուսանկարներ, ժամանակի հայկական մամուլից քաղված համապատասխան հրապարակումներ, գովազդային հայտարարություններ: Կլինի նաև կատալոգ: Եվ հուսանք, որ այդ ցուցադրությունը կտանենք նաև Թուրքիա: Որոշ ցուցանմուշներ էլ տեղ կգտնեն մեր մշտական ցուցադրության մեջ, որը մինչև 100-ամյակ կունենա նոր տեսք և ծավալներ` թանգարան-ինստիտուտի նորակառույց շենքում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ