Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Լավ արձակագիրներ չկան. կա տաղանդավոր արձակ, որ խաղից հանում է հեղինակին»

«Լավ արձակագիրներ չկան.  կա տաղանդավոր արձակ,  որ խաղից հանում է հեղինակին»
08.06.2012 | 00:11

Արձակագիր, էսսեիստ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպի շնորհանդեսը նշվեց Սիրահարների այգում` նախընտրական քարոզարշավի ավարտին, լռության օրը: Գրողը մեզ հետ զրույցում ասաց, որ օրը հատուկ էր ընտրված. «Այդ թոհուբոհի մեջ, երբ կրքերը բորբոքված են, երբ գալիս է լռության պահը, մտածեցինք, որ խոսքը պետք է լինի գրականությանը»:
«Ցտեսություն, Ծիտ» վեպը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը` Առաջին գրական գործակալության համագործակցությամբ: Լույս է տեսել 500 տպաքանակով և վաճառվելու է Երևանում գործող բոլոր գրախանութներում:

-Արամ, ասում են` «քաղաքը Պաչյան է կարդում», իսկ դու ասում էիր` մեր օրերում դժվար թե որևէ գրական գործ «իրարանցում» առաջացնի:
-Քաղաքում կան մարդիկ, ովքեր գիրք են կարդում: Քաղաքում կլինեն մարդիկ, ովքեր կարդալ սիրում են: Իրարանցում, իհարկե, չկա: Գրականությունը երբեք իրարանցում չի առաջացնում: Նա պիտի դանդաղ ազդի, դանդաղորեն, հալոցքի պես, առանց շտապելու:
-«Անձրև, չգա՛ս» գրքիդ շնորհանդեսի օրը նման խնդրանք ես հղել երկինք: Անձրև չեկավ: Մի՞շտ են կատարվում երազանքներդ:
-Չեմ խնդրել, հրամայել եմ, որովհետև վախենում էի, որ գիրքս հանկարծ կթրջի: Ես ուզում եմ, որ նա մի փոքր էլ ապրի, մի փոքր էլ ու վերջ: Ես էլ չեմ երազում: Լինում է, որ աշխատանքի գնալուց առաջ մտնում եմ «Yellow street»՝ տապակած բանանով պաղպաղակ ուտելու, հագուստի խանութներում փնտրում եմ առանց օձիքի գեղեցիկ վերնաշապիկ, չեմ գտնում (եթե տեսնեք, խնդրում եմ ասեք), քայլում եմ առանց շուրջս նայելու, քանի որ հեռախոս չունեմ, անընդհատ մտածում եմ` տեսնես ի՞նչ եղավ նրանց հետ, ում սիրում եմ, ո՞ղջ են նրանք, թե՞ մեկն էլ հեռացավ, ու ո՞վ ինձ կասի այդ անխուսափելի նորությունը: Ես վայրկյանների մեջ եմ ապրում: Իսկ երազանքների համար զգացականություն է պետք, որ չունեմ: Հիմա մտքերս միայն Նրա հետ են:
-Հավատացյա՞լ ես, թե՞ անհավատ:
-Սահմանումներ տալու տաղանդով օժտված չեմ, դրա համար կան մեծ էրուդիցիայի տեր մարդիկ, ովքեր, ուսումնասիրելով իրենց էությունը, ճշմարտություններ բացահայտողներ են հռչակվել:
-Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ դու հավատում էիր Աստծուն, ուզում էիր` նա լինի, որովհետև հարցեր ունեիր նրան տալու: Հաջորդ հարցազրույցին չէիր հավատում Աստծուն: Հարցերդ ո՞ւմ ես ուղղում:
-Տես, իմ անփութությունից է, ես անփույթ եմ` խոսքում, բառեր ընտրելիս, գրելիս անընդհատ տառեր եմ կուլ տալիս, մոռացկոտ եմ, տնից դուրս գալիս միշտ բանալի, թաշկինակ, գիրք եմ մոռանում, ուզում եմ հարցեր տալ, հետո շատ արագ փոշմանում եմ: Ես ուղղելու հարցեր չունեմ: Առաջ պապիս հարցնում էի այգու խնամքի մասին: Հիմա նա չկա: Ժամանակ կար, որ հարցեր շատ կային, հիմա էլ չկան. բոլոր հարցերը նաիվ ու անհեթեթ են հնչում:
-Վատ ընթերցողից վախենո՞ւմ ես:
-Ամեն մարդ ինքը գիտի, ինչպես կարդաց գիրքը, ինչքանով է ինքն ընթերցող և ինչքանով` պարզ մի շառլատան:
-Ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը գրքիդ գոյությանը ինչպե՞ս են արձագանքում:
-Պատկերացում չունեմ, ավելի լավ կլիներ նրանք այն ահռելի խնդիրների լուծումով զբաղվեին, որոնց մասին տեղյակ են բոլորը:
-Արամ, ինձ թվում է, դու սիրում ես վեպիդ հերոսներին, նույնիսկ, ամենաբացասական չասեմ, ծայրահեղորեն տարբեր հերոսներին, օրինակ, Միկի Մաուսին:
-Ես համակրում եմ տղայի ձեռքի ծաղկամանով ծաղկին և ակնթարթը, երբ նա, իր սիրած աղջկա սենյակի դռան մոտ նստած, լուռ սպասում է, թե երբ է ավարտվելու սենյակ մտնող տղաների անվերջ շարանը, և երբ է նվիրելու ծաղկամանով ծաղիկը ու ասելու, որ սիրում է նրան: Ես համակրում եմ այդ տղայի սերը, շատ եմ համակրում:
-Եթե չգրեիր բանակի մասին, ինչի՞ մասին էիր գրելու:
-Ես բանակի մասին չեմ գրել: Ես «մասին» չեմ գրել:
-Քեզ համարո՞ւմ ես ժամանակի ամենալավ արձակագիրը:
-Հարցդ հումորի տեղ եմ ընդունում: Լավ արձակագիրներ չկան. կա տաղանդավոր արձակ, որ խաղից հանում է հեղինակին: Խաղից դուրս թողնված հեղինակը Մեծ է:
-Իսկ լավերից մե՞կը:
-Չէ, տխուր եմ ես: Անփայլ արձակի նախանշան է:
-Չե՞ս գնա Հայաստանից:
-Հրանտ Մաթևոսյանը գրել է. «Այլապես, մարդկանց երկիրը նույնպես մեքենա է, չի կարողանում խաբվել: Այլապես, պահած ուրիշ անուն ունեն նահատակ քո ժողովրդի համար, քո հեռանալուն են սպասում»: Երկիրը արոտավայր դարձրած հովիվները քո հեռանալուն են սպասում, որ արոտավայրերում առանց պատրանքների հայացքներով թափառող իրենց անասուններին տարածությունը ավելի լայնարձակ թվա:
-«Քեզ ընդունել են այնպես, ինչպես որ չկաս». ճանաչո՞ւմ ենք իրական Արամին:
-Մարդիկ կան, ովքեր քեզ ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ուզում, ինչպես իրենց է հարմար: Պետք չէ մարդուն հարմարեցնել քո չարակամությանը, քո արհեստականությանը, քո փոքրությանը: Քեզ ընդունում են էնպես, ինչպես որ կաս, միայն այն մարդիկ, ովքեր սիրում են քեզ:
-Սարոյանն ասում է` ինչ լավ է լինել, ուր էլ որ լինես: Կյանքը գրկելու ցանկություն ունենո՞ւմ ես:
-Մեր այգու ծառերն եմ գրկում:
-Սկզբում սիրում են հեղինակի գործերը, հետո` հեղինակին: Հետո երևի տեղերը փոխվում են: Քե՞զ են ավելի շատ սիրում, թե՞ գործերդ:
-Անանուն հայ մանրանկարիչները չէին ստորագրում. գուցե նրանք փրկում էին ստեղծագործությունները ավելորդ բեռի՞ց, կատարողի անհարկի ներկայությունի՞ց, նրա ստվերի՞ց: Ես ուզում եմ հանդես գալ որպես կատարող ու ոչ ավելին` չնույնանալով ստեղծագործության ճակատագրին:
-Հեղինակությունը մի կողմից ինքնավստահություն է ներշնչում, մյուս կողմից, պետք է ավելի զգույշ լինես, արդեն միայն քեզ չես պատկանում: Կա՞ նման բան:
-ՈՒմ պատկանում են ծառն ու ճնճղուկը, միայն նրան եմ պատկանում ես:
-Անցալ տարի գրքիդ շնորհանդեսի օրը համընկավ Լուսնի լրիվ խավարման հետ: Այս տարի գրքիդ շնորհանդեսին նախորդեց փուչիկների պայթյունը հրապարակում, հաջորդեցին ընտրական կեղծիքները: Որքան գիտեմ, երկուսին էլ ակտիվորեն արձագանքել ես:
-Չարի իշխանությունը մի օր կավարտվի, ու կրակները կմարեն: Խարույկի շուրջը խրախճանքը կդադարի: Գալու են ավելի լավերը, ավելի ազնիվները, ավելի բարիները, ավելի իմաստունները, ավելի հավատավորները, ավելի ներողները, ավելի սիրողները: Եթե չգան էլ, հողն է ազատվելու բեռից. հողը, որ հոգնել է, կոկորդը լցվել է, հոգուն հասել: Հողը թաղելու ժամ ունի:
-Անգամ գրական կեղծանվանդ ոմանք քաղաքական երանգավորում են տալիս:
-Շատ եմ ասել. մեկ անգամ էլ ասեմ` ես կեղծանուն չունեմ: Կեղծանունը ճակատագիր չի լինում: Ես Արամ Պաչյան եմ: Իսկ ով քաղաքական երանգավորում է տալիս, ցավում եմ այդ կատարյալ տգիտության, ապականության ու նենգության համար:
-ՈՒզո՞ւմ ես «փոխել հիշողության գույնը»:
-Կուզեի ձևափոխել հիշողությունը:
-Գործերդ էկրանավորելու մասին չե՞ս մտածել: Առաջարկներ կա՞ն:
-Խոսակցություններ կան, բայց դեռ պարզ չէ` կստացվի՞, թե՞ ոչ: Ցանկալի կլիներ Պետեր Հանդկեն էկրանավորեր գործերիցս մեկը, նա նաև ռեժիսորական փորձ ունի: Բայց սա` կատակի ժանրից:
-«Դեպի հաջորդ ծովը»։ Ի՞նչ կա քո և հաջորդ ծովի միջև ընկած տարածության մեջ:
-Մենակություն:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 7399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ