Ապրանքների արտահանման և ներմուծման մեծ մասը, ինչպես հայտնի է, իրականացվում է, մասնավորապես, ծովային և ցամաքային տրանսպորտի միջոցով։ Օդային բեռնափոխադրումները, թեև պարտադրված, բայց խիստ սահմանափակ ծավալ են կազմում ընդհանուր առևտրաշրջանառության մեջ: Ըստ պաշտոնական վիճակագրության տրամադրած տեղեկությունների, Հայաստանի Հանրապետության ներկայիս արտահանումը և ներմուծումն իրականացվում են հետևյալ նավահանգիստների միջոցով՝ իրանական Բանդեր-Աբասի (Bander-Abbas) և վրացական Փոթի (Poti) նավահանգիստների, ինչպես նաև ցամաքային` երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն տրանզիտ է իրականացնում տվյալ պետությունների տարածքներով, այդուհանդերձ, նշենք, որ պետք է տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ երկկողմ հատուկ պայմանագրեր ստորագրի ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի հետ` հաշվի առնելով և ընդգրկելով 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի` ծովի օրենքի մասին դրույթները տրանզիտի վերաբերյալ։ Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա Հայաստանը կարող է իրացնել ծովի ազատությունից օգտվելու իրավունքները: Միջազգային փորձը վկայում է, որ հիշյալ ազատությունն իրացնելու համար բավարար հիմքեր կան, մասնավորապես գործում են միանգամից մի քանի միջազգային փաստաթղթեր: Անհրաժեշտ է, որ հայ դիվանագետները տեղյակ լինեն դրանց հիմնարար սկզբունքներին և փորձեն կիրառել, հատկապես բարեկամ երկրների հետ երկկողմ պայմանագրերի մշակման և դրանց ստորագրման ու կիրարկման համար:
Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում, մասնավորապես, 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիան ծովի օրենքի մասին:
Անհրաժեշտ է նշել, որ ծովի օրենքի մասին 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի համար որոշակի առումով հիմք է ծառայել նաև մինչ այդ` 1958 թ. ստորագրված ՄԱԿ-ի կոնվենցիան բաց ծովի մասին: Միաժամանակ, ցամաքային երկրներին դեպի ծով ելք տրամադրելու առումով կարևոր հիմնադրույթներ են պարունակվում նաև մեկ այլ` «Դեպի ծով մուտք չունեցող երկրների տրանզիտով առևտուր անելու մասին» 1965 թ. ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայում։
Իսկ ժամանակագրական առումով ներկայիս միջազգային փաստաթղթերի թերևս ամենակարևոր հիմքը 1921 թ. ՄԱԿ-ի կոնվենցիան և ստատուտն է` տրանզիտի ազատության մասին։
Հայաստանի համար առավել գործնական նշանակություն ունի 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի ծովի օրենքի մասին 87 (1) հոդվածը, ուր բառացիորեն նշված է հետևյալը. «Բաց ծովը բաց է բոլոր պետությունների համար՝ ինչպես դեպի ծով մուտք ունեցող, այնպես էլ մուտք չունեցող»։ Ակնհայտ է, որ կիրառելով հիշյալ պահանջը, Հայաստանի Հանրապետությունը կարող է իրականացնել հետևյալը.
l նավագնացության ազատություն,
l ձկնորսության ազատություն,
l ստորջրյա կաբելներ և խողովակաշարեր անցկացնելու ազատություն,
l բաց ծովի վրայով թռիչքներ կատարելու ազատություն։
Նավագնացության ազատության գործնական կիրառումը նշանակում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ՀՀ պետական դրոշը տրամադրելու իր նավերին։ Այս հարցում համագործակցության լայն ասպարեզ է բացվում Հայաստանի և Սփյուռքի համար: Վերը նշված փաստաթղթի համաձայն` ՀՀ նավերը միջազգային նավահանգիստներում կարող են և պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչպիսի իրավունքներ տրամադրվում են օտարերկրյա նավերին։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև դեպի ծով ուղիղ ելք չունեցող` ցամաքային երկրների միջազգային փորձը, մենք առաջարկում ենք իրականացնել մի շարք գործնական միջոցառումներ, որոնք թույլ կտան ունենալ ազատ և անարգել մուտք դեպի ծով: Դրանք, իրենց հերթին, հիմնված են հետևյալ իրողությունների վրա.
Հայաստանի Հանրապետությունը 2002 թ. դեկտեմբերի 9-ին դարձավ 1982 թ. ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայի` ծովի օրենքի մասին մասնակից անդամ։ Այս փաստն ինքնին նշանակում է, որ, կոնվենցիային մասնակից դառնալով, Հայաստանի Հանրապետությունը մեծ արտոնություններ ձեռք բերեց, մասնավորապես, կոնվենցիայի այն դրույթներից, որոնք վերաբերում են դեպի ծով մուտք չունեցող երկրներին։
Մեր կարծիքով` Հայաստանի պետությունը պետք է ձեռնարկի հետևյալ գործնական քայլերը`
4.1 Տրանզիտ իրականացնելու համար
ՀՀ-ն պետք է երկկողմանի պայմանագրեր ստորագրի Վրաստանի և Իրանի հետ։
4.2 Բաց ծովի ազատությունն իրականացնելու համար
Բաց ծովի ազատության իրականացումը կնպաստի առևտրի զարգացմանը և մասնավորապես նավագնացության ազատության իրականացմանը։
4.2.1 Նավագնացության ազատությունն իրականացնելու համար:
4.2.1.1 Նավերի գրանցումը գրանցման ռեգիստրում և ՀՀ պետական դրոշի տրամադրումը ՀՀ նավերին:
Ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար խիստ շահավետ է արտաքին առևտրատնտեսական կապերն օտար երկրների հետ իրականացնել, մասնավորապես, ծովային ճանապարհով։ Այն զգալիորեն կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, որոնք, իրենց հերթին, թույլ կտան սահմանել ավելի էժան գին և բարձրացնել հայկական ապրանքների մրցունակության մակարդակը:
Ակնհայտ է, որ ապրանքների արտահանումը կամ ներմուծումն իրականացնելու համար անհրաժեշտ է վարձակալել առևտրային նավեր։ Համաձայն նշված միջազգային կոնվենցիաների, բոլորովին պարտադիր չէ, որ այդ նավերը նավարկեն օտար պետությունների դրոշներով: Հայաստանն իրավունք ունի, որ նավերն իր դրոշի տակ նավարկեն բաց ծովում։ 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում ծովի օրենքի մասին 90 հոդվածում նշված է, որ «յուրաքանչյուր պետություն, անկախ այն բանից՝ դեպի ծով մուտք ունի թե ոչ, իրավունք ունի, որպեսզի նավերը նրա դրոշի տակ նավարկեն բաց ծովում»։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ-ն իրավունք ունի իր դրոշը տրամադրելու առևտրային նավերին։ 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում ծովի օրենքի մասին թիվ 90 հոդվածի համաձայն` «նավերն ունեն այն պետության ազգությունը, որի դրոշի տակ նրանք նավարկելու իրավունք ունեն»։ ՀՀ դրոշի տակ նավարկող նավերը ծովային նավահանգիստներում պետք է օգտվեն նույն պայմաններից, ինչպիսիք տրամադրվում են օտարերկրյա նավերին։
ՀՀ դրոշի տակ նավարկող նավերի վրա իրավազորություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունը.
1. պետք է ստեղծի նավերի ռեգիստր, որտեղ պետք է նշվեն նավերի անունները և նրանց տվյալները,
2. ներքին օրենքի համաձայն` յուրաքանչյուր նավի վերաբերյալ իրավազորություն իրականացնի,
3. այդ նավերը գրանցելու համար սահմանի գրանցային գումար։
Բացի վերը նշված փաստաթղթերից և իրողություններից, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանն ու Թուրքիան հանդիսանում են ոչ միայն միջազգային վերը նշված փաստաթղթերին միացած կողմեր, այլև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներ: Հիշեցնենք, որ ԱՀԿ հիմնարար սկզբունքը ոչ խտրական վերաբերմունքի պահանջն է: Այս սկզբունքը խախտող երկրների հանդեպ կիրառվում են հստակ պատժամիջոցներ` ընդհուպ մինչև ԱՀԿ անդամակցությունից զրկումն ու առևտրային պատժամիջոցները: Մինչդեռ Հայաստանը, դիմագրավելով ԱՀԿ անդամ երկու երկրների խտրական վերաբերմունքին (որին բազմիցս անդրադարձել ենք), երբևէ հարց չի բարձրացրել հիշյալ կազմակերպության առջև: Այսպիսով, ինչպես վկայում են միջազգային փաստաթղթերը, Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելը Թուրքիայի, Վրաստանի և Իրանի ոչ թե քմահաճույքն է, այլ առաջնահերթ պարտականությունը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր