Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ

ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ
02.03.2012 | 00:00

Անցնող շաբաթ Եվրամիության պատվիրակության հետ ՀՀ կառավարության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք միտված են ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերմանը, հասարակական մեծ արձագանք են առաջացրել: Բազմաթիվ դրական միտումների և ակնկալիքների հետ քիչ չեն նաև մտահոգությունները: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ նման համաձայնագրի ստորագրմանը: Ի՞նչ նոր բարեփոխումներ են սպասվում երկրում` կապված համապատասխան չափորոշիչների ընդունման և կիրառման հետ: Ի՞նչ կանխատեսումներ կան արտագաղթի ծավալների ավելացման, մասնավորապես, կապված «ուղեղների արտահոսքի» հետ:
Ակնհայտ է, որ վերջին տարիների ահագնացող չափերի արտագաղթը հետևանք է նախ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, ապա հասարակության երկու բևեռացող խավերի միջև առկա սոցիալական լարվածության և վաղվա օրվա նկատմամբ թերահավատության։ Երկրաշարժի և ղարաբաղյան հակամարտության, տնտեսական շրջափակումների, անցումային ժամանակաշրջանի բարդությունների, տնտեսության կաթվածահար վիճակի պատճառով աննախադեպ չափերի հասնող գործազրկությունը, սոցիալական լարվածությունն ու խոր բևեռացվածությունը, արդար վաստակով տնտեսական հաջողության հասնելու փոքր հավանականությունը, գործունեության ասպարեզի սահմանափակությունն ու հնարավորությունների սակավությունը մարդկանց ստիպում են հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություններ փնտրել օտար ափերում։
Կարելի է եզրակացնել, որ վերջին երկու տասնամյակների արտագաղթի առաջին մեկ-երկու տարիների ամենաազդեցիկ դրդապատճառներից էին նախ ռազմաքաղաքական, ապա սոցիալ-տնտեսական գործոնները։ Այնուհետև գերիշխող էր հատկապես սոցիալ-տնտեսական գործոնը։ Մեր դիտարկումների համաձայն, ցավոք, վերջին երկու տարիներին գերիշխող է դառնում սոցիալական լարվածության, հուսալքության, վաղվա օրվա նկատմամբ անվստահության գործոնը։
Արտագաղթի բացասական հետևանքները, ինչ խոսք, ակնհայտ են. դատարկվող բնակավայրեր, «ուղեղների» արտահոսք, մեծ չափերի հասնող ժողովրդագրական խեղումներ` քայքայվող ընտանիքներ, կին-տղամարդ հարաբերակցության անհավասարակշռվածության և վաղվա նկատմամբ ունեցած հոռետեսության հետևանքով ամուսնության ցուցանիշների, ծնելության և բնական աճի զգալի նվազում։ Խաթարվում է բնակչության սեռատարիքային բաշխման համամասնությունը: Արհեստականորեն մեծացել է երեխաների և հատկապես ծերերի տեսակարար կշիռը, ինչը հանգեցրել է բնակչության «ծերացման», նվազել է ակտիվ աշխատանքային ու վերարտադրողական տարիքի բնակչության տեսակարար կշիռը: Զանգվածային արտագաղթն ուղեկցվում է ֆինանսական և մտավոր կապիտալի զգալի ծավալների արտահանմամբ, փոշիացվում են երկրի հիմնական ներդրումային գրավչության գործոն հանդիսացող մարդկային կապիտալն ու ողջ գիտատեխնիկական ներուժը։ Ընդ որում, արտագաղթը երկակի ազդեցություն է ունենում մարդկային կապիտալի քանակական և որակական արժեզրկման գործում։ Նախ, բնական աճի կրճատման հետևանքով, տուժում է մարդկային կապիտալի վերարտադրության գործընթացը։ Միևնույն ժամանակ, «ուղեղների արտահոսքը» և որակյալ աշխատուժի շարունակական պարապուրդը նվազեցնում են արդեն իսկ գոյացած կապիտալի որակական հատկանիշները։ Հանրապետության մտավոր ներուժի կորուստը որոշ առումով հավասարազոր է երկրի ապագայի կորստին։ Պատահական չէ, որ շատ երկրներում մարդկային կապիտալի մեջ ներդրումները դիտվում են որպես ներդրումներ երկրի ապագայում:
Միաժամանակ, չնայած հիշատակված բացասական հետևանքներին, ընդհանուր առմամբ հաշվառված չէ արտագաղթի պատճառով առաջացած տնտեսական կորուստը, որը, անկասկած, մեծ է: Որոշ գնահատականներով, յուրաքանչյուր մասնագետի պատրաստման համար պետությունը, սկսած դպրոցական նստարանից, ծախսում է մինչև 800000-1 մլն ԱՄՆ դոլար, իսկ տնտեսագետ Լ. Դավթյանը հաշվարկն իրականացրել է միայն որոշակի տարիքային խմբի համար` 20-30 տարեկան, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու զանգվածային արտագաղթի պատճառած տնտեսական կորուստների մասին: ԱՎԾ-ի կողմից «TACIS» ծրագրի աջակցությամբ իրականացված «ՀՀ արտաքին միգրացիայի գործընթացի ուսումնասիրության» համաձայն` 20-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռն արտագաղթածների ընդհանուր թվաքանակի մեջ 17,9 % է. հետագա հաշվարկների համար վերցվել է ևս երկու ցուցանիշ: Առաջինը, ըստ ԱՎԾ-ի տնային տնտեսությունների հետազոտության նյութերի, ամսվա ընթացքում մեկ մարդու հաշվով փաստացի սպառողական զամբյուղի (աղքատության բացարձակ գիծ) արժեքն է, որը կազմել է 12018 դրամ, կամ օրվա (2000-2001 թթ.) գործող փոխանակային կուրսով` 20,7 ԱՄՆ դոլար: Մյուս ցուցանիշը ՀՀ առողջապահության նախարարության հաշվարկներն են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի վերաբերյալ, որը կազմել է 23790 դրամ կամ 41 ԱՄՆ դոլար:
Վերը բերված տեղեկատվության հիման վրա իրականացված պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ 20-30 տարեկան արտագաղթած երիտասարդների վրա երկրի կատարած ծախսերի, հետևաբար նաև անվերադարձ կորուստների ընդհանուր գումարը կազմել է առնվազն 907 մլն դոլար` ըստ ԱՎԾ-ի, և 1796 մլն դոլար` ըստ առողջապահության նախարարության: Այսինքն, դա մի մեծություն է, որը մի դեպքում գրեթե հավասար է Հայաստանի արտաքին պարտքին, մյուս դեպքում էապես գերազանցում է այն: Սակայն պետք է նշել, որ հանրապետությունից մարդկային կապիտալի հեռանալու կապակցությամբ առաջացած զուտ տնտեսական կորստի չափը, անկասկած, շատ ավելի մեծ է: Այդ եզրակացության օգտին են վկայում այն հանգամանքները, որ քննարկվել են միայն մեկ հասակային խմբի, ոչ թե բոլոր մեկնածների պարագայում, իսկ հաշվարկները կառուցվել են ոչ թե մեկ միլիոն արտագաղթածների, այլ պաշտոնական 800 հազարի կտրվածքով: Բացի այդ, բնակչության կենսապայմանների ապահովման վրա ծախսումներն իրականում եղել են ավելի բարձր, քան ներկա պահի սպառողական զամբյուղի գնահատականներն են: Վերջապես, խոսքը միայն ուղղակի տնտեսական կորուստների մասին է, իսկ անուղղակի կորուստների խնդիրը չի քննարկվել:
Ինչ խոսք, արտագաղթի առավել անդառնալի հետևանքն է «ուղեղների արտահոսքը»: Սակայն պետք է նշել, որ, չնայած Հայաստանից «ուղեղների արտահոսքի» առնչությամբ խոսակցություններին, այսօր այդ պրոբլեմի վերաբերյալ ոչ մի հատուկ ուսումնասիրություն չկա:
Գիտության բնագավառից «ուղեղների արտահոսքի» ծավալը բացահայտելու ՀՀ կառավարության թույլ փորձերը չհաջողվեցին: Մոտ մեկուկես տասնամյակ առաջ հրապարակվեցին տվյալներ մի քանի տասնյակ գիտնականների մասին, որոնք լքել էին Հայաստանը, ինչն ակներևաբար չէր համապատասխանում իրականությանը: «ՈՒղեղների արտահոսքի» ծավալները պատկերացնելու համար բավական է նշել, որ մինչև 1998-ը Հայաստանից հեռացած 700 հազար մարդկանց 30 %-ը ուներ բարձրագույն կրթություն, 16 %-ը` միջնակարգ մասնագիտական կրթություն, և 33 %-ը` միջնակարգ կրթություն:
Թվերը վկայում են այն մասին, որ հեռացած մասնագետների մեծ մասը հումանիտար և տեխնիկական, ինչպես նաև բնական գիտությունների մասնագետ է: 1991-1997 թվականներին երկիրը լքել է այդ բնագավառների մասնագետների մոտավորապես մեկ երրորդը: Հաջորդող տարիներին նշված և այլ բնագավառների մասնագետները նույնպես հեռացել են հանրապետությունից, բայց ավելի քիչ թվով: Որպես կանոն, հեռանում են այն մասնագետները, ովքեր կա՛մ իրենց երկրում պահանջարկ չունեն, կա՛մ էլ փնտրում են աշխատանքի ավելի լավ պայմաններ: Այս առումով այսօր Հայաստանը քիչ բան կարող է առաջարկել իր գիտնականներին ու մասնագետներին: Հայաստանը միշտ աչքի է ընկել կրթության բարձր մակարդակով, բարձրագույն և հատուկ մասնագիտական կրթությամբ մարդկանց բարձր տոկոսով: Վերջին տարիներին Հայաստանը համարվում էր նաև աշխատուժի ավելցուկ ունեցող երկիր, այսինքն, աշխատանքային ռեսուրսներն ու մասնագետներն ավելի շատ էին, քան աշխատատեղերը: Սակայն վերջին տասը տարիներին լուրջ հիմնախնդիր է դարձել մասնագետների արտահոսքը: Հայաստանն արագորեն վերածվեց երկրի, որի արտահանման հիմնական բաղադրիչը բարձրագույն կրթությամբ մասնագետներն են:
Հատկանշական է, որ այս միգրանտների անձնական և գործնական այցերի հաճախականությունը Հայաստան բավականին բարձր է: Շատ մասնագետներ, որոնք հեռացել են ժամանակավորապես, աշխատում են արտասահմանյան այնպիսի ընկերությունների հետ, որոնք գործնական շփումներ ունեն հայաստանյան գործընկերների հետ: Հայրենիքի, ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ կապը չխզելու նրանց ձգտումն այնքան մեծ է, որ վերջիններս օգտագործում են հայրենիք այցելելու ցանկացած հնարավորություն: Ընդսմին, զարմանալի է նաև այն հանգամանքը, որ երբ ուշադիր զննում ենք ուղևորափոխադրումների տվյալները ամսական կտրվածքով, ապա նկատում ենք, որ հունիս և հունվար ամիսների սալդոն միշտ դրական է:
(շարունակելի)

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր
Լևոն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ