ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբեք մի՛ ասա` երբեք

Երբեք մի՛ ասա` երբեք
28.10.2008 | 00:00

ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ
Սերժ Սարգսյանի՝ վերջին շրջանում սկսած ռիսկային կասկադը շարունակվում է: Դուրս կգա՞ նա այդ ամենի տակից, անհայտ է: Միևնույն է, փաստերը խոսուն են. հենց 27-ի նախօրյակին ու հենց Ղարաբաղից, այն էլ ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո, ղարաբաղյան զորավարժությունների ֆոնին նա ասաց բաներ, որոնք դժվար թե դուր գան մեր ռազմավարական գործընկեր Ռուսիային: Իսկ Սարգսյան-Մեդվեդև համատեղ ասուլիսում հնչած որոշ մտքերի տողատակում ուղղակի ռումբեր էին դրված: Բայց` հերթով:
Այսպիսով, հոսուն ու խիստ պայթուցիկ նյութեր են խառնշտորվում մեր տարածաշրջանում: Խրոնոլոգիան սկսենք Իրանից. Ահմադինեժադը հիվանդ է: Առավել ստույգ` խիստ հակասական են նրա առողջությանը վերաբերող լուրերը: Եվ, այնուհանդերձ, բոլորն այս «հեռանկարում» շատ զգույշ հաշվարկներ են անում: Իրանը հավաստում է` Ահմադինեժադն արդեն լավանում է: Ռուսաստանը սարսափում է. ի՞նչ տեղի կունենա առանց այն էլ փխրուն տարածաշրջանային ստատուս-քվոյի հետ` «որոշ» զարգացումների դեպքում: ԱՄՆ-ն «առանց դրա» էլ 2009-ի ամռանը սպասվող պարսկական ընտրություններին «իր» թեկնածուներին է պատրաստում (Լարիջանի, Ռաֆսանջանի, Խաթամի):
Մեզանում «պարսկական» խաղի մեջ է մտնում Օսկանյանը` Սամվել Բաբայանին մի կողմ թողնելով: Եվ Օսկանյանը հրովարտակում է իր, իսկ ավելի ստույգ` Ռոբերտ Քոչարյանի «ուզում»-ները. «Իրանի հարևանները պետք է համոզեն Իրանին, որ ինքը ևս կարող է մասնակցել տարածաշրջանային զարգացմանը և անգամ դառնալ տարածաշրջանի առաջատար»:
Պարզ է, չէ՞, ինչ է ասում Օսկանյանը: Հիշենք Օսկանյանի խոստովանանքը. «Երբ իր ձեռները գրպաններում չեն, մտքի թելը կտրվում է»: Բոլոր դեպքերում, Օսկանյանն Իրանի մասին իր մտորումներում ձեռները գրպանում պահած է առաջնորդվում նաև շարունակության մեջ. «Իրանն ունի ավագության զգացողություն...»: Նորօրյա կրոնական հանդուրժողականության և Իրանի հեգեմոնիայի պաշտպան Օսկանյանն իսլամի դռներից ներս մտնում, փորձում է ուղղորդել միջուկային այդ երկիրը, որովհետև տապալվեց ռուսական «պրոյեկտը», և Թուրքիային հետ քաշելով, ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցը շարունակում է պահել իր հետաքրքրությունների ծիրում. այդպիսի Թուրքիա ու տարածաշրջան Օսկանյանին, իմա` Քոչարյանին, պետք չեն: Եվ ապա, Իրանը «հեգեմոն դարձնելով», Քոչարյանն ու Օսկանյանը «կթուլացնեն» թե՛ Արևմուտքի, թե՛ Սերժ Սարգսյանի «դիրքերը». գաղտնիք չէ, որ վերջինիս և Իրանի հարաբերություններն առանձնապես փայլուն չեն մի շարք պատճառներով. հիշենք` Ահմադինեժադը Հայաստան եկավ, երբ Սարգսյանը Հայաստանում չէր, պառլամենտ էլ «չմտավ»: Մաղթենք պարոն Ահմադինեժադին առողջություն և տեղափոխվենք Թուրքիա:
Հայ-թուրքական առաջնահերթություններում ԱՄՆ-ն առաջ է ընկնում. Թուրքիան ավելի շատ «բազարի» բան ունի ԱՄՆ-ի, քան Ռուսաստանի հետ. քրդական հարց, ԵՄ անդամակցություն, տարածաշրջանային հեգեմոնիա, հայերի ցեղասպանության ճանաչման ամերիկյան սպասվող հեռանկար...
Բայց որքան էլ Օսկանյանը մի ողջ հոդվածով սիրաշահում, աղերսում է Իրանին` «խառնվել» տարածաշրջանի գործերին, դառնալ հեգեմոն, Գյուլի հետ նրա համագործակցությունը շատ ավելի լավ ու փայլուն է ստացվում: Հիշենք, Օսկանյանն ասել էր՝ վայ թե Գյուլն ու Սերժ Սարգսյանը գաղտնի բան են պայմանավորվել «զմիմյանս». շուտով կերևա:
1999թ. Քոչարյանի և Օսկանյանի ստորագրած Ստամբուլի խարտիայից դենը ուրիշ էլ ի՞նչ կարելի էր պայմանավորվել Թուրքիո հետ, կարող է իմանալ լոկ Օսկանյանի վագրային երևակայությունը, սակայն Գյուլը հերթական «բացահայտումն» իսկապես կատարեց` «Նինան շատ խնդրեց» մոտիվացիայով: Իմա` Սերժ Սարգսյանն է խնդրել, որ Թուրքիան միջնորդ դառնա ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Թե ինչու հատկապես հիմա հարկ համարեց Թուրքիո առաջնորդը, որի կուսակցության գործերն էլի լավ չեն, իսկ առջևում էլ մոսկովյան հանդիպումն է, դա «բացահայտել», «կիմանա» Օսկանյանը` յուր Քոչարյանով: Գյուլը պարզապես վրեժ է լուծում ռուս-թուրքական տապալված ղարաբաղյան «պրոյեկտի» համար, ինչը մի վերջին անգամ փրկել է ուզում Ռուսաստանը` սպասվելիք մոսկովյան հանդիպմամբ:
Ռուսաստան: Ասենք միանգամից. թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը «ջրեցին» նաև այդ հանդիպումից սպասվող ակնկալիքները: Այս մասին՝ «Սերժ Սարգսյան» գլխում: Այժմ հետևյալից. ռուսական կողմն այդ հանդիպումով փորձում է ամերիկացիների, Արևմուտքի, Ադրբեջանի հետ մեծ «բազարի» նստել, իր լոտերը բարձրացնել: Ինչպես միշտ՝ մեզ վրա կիրառելով հզոր պրեսինգ:
ա) Լավրովն այս անգամ էլ «Վրեմյա նովոստեյ»-ում հայտարարեց, թե «հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություն եղել է Հեյդար Ալիևի և Քոչարյանի միջև»:
Ամենամեծ «մահակը», որ այսօր Սերժ Սարգսյանի գլխին օգտագործում է մեր ռազմավարական գործընկերը, Քոչարյանն է: Հենց միայն Մեդվեդևին բարևելը, նրա կողքին իրեն «տանը» զգալու փաստն ինքնին բավարար են հասկանալու, թե ինչպես և ինչքան է Ռ. Քոչարյանը սպասում Ռուսաստանի կողմից «օրհնվելիք սհաթին»:
ՈՒ հենց այդ պահին Ռուսաստանի «ասումին» «խառնվեց» Վրաստանի փոխարտգործնախարար պարոն Վաշաձեն՝ շատ բարի խորհրդով. «Հայ ու ադրբեջանցի բարեկամներին. Աստված ձեզ հեռու պահի ռուսների խաղաղարար առաքելությունից»:
բ). Ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայում Հայաստանում: «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ խոսքն ընդամենը ռուսական 102-րդ բազայի տարածքային ընդարձակման մասին է:
Սակայն այս դեպքում նույնպես տարընթերցում է առաջանում. ռուսական բազայի գոյությունը մեզանում մշտապես «բացատրվել» է Թուրքիո վտանգով: Բայց ահա, 102-ի «տարածումը» (այն կընդգրկի Իջևանի մերձակայքը) ուղիղ «նայում է» դեպ Վրաստան (Ադրբեջան էլ):
Այս մի մահակը, ինչպես վերևում նշված «առաջին մահակը», մեզ հաստատ հեչ պետք չէ:
գ). Երրորդ մահակի մասին: Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ի շարունակություն ճանաչելով Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
«Նետ»՝ ասում է Սերժ Սարգսյանը գրեթե կասկադյորի ճարպկությամբ, դիվանագիտական բանաստեղծականությամբ. «Ուժով բարեկամներ ձեռք չես բերի, առավել ևս` բարեկամությունը չես պահպանի: Մեզանում ընդունված է ասել. զոռով սիրելի չես դառնա»:
Թամամ խոսքն էլ ո՜նց է լինում: Բայց ռումբ կար նաև խոսքի շարունակության մեջ. «Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները երբեք չեն խանգարել այլ պետությունների հետ հարաբերությունների բարելավմանը և համագործակցությանը»:
Հասկացաք. հասել ենք ՀՀ նախագահին ու «խանգարումներին»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ: Նա էլի կամուֆլյաժը հագավ ու թռավ... ոչ, այս անգամ` ո՛չ Իրաք: Մեդվեդևին անմիջապես ճամփելուց հետո: Ինչո՞ւ հատկապես Ղարաբաղի սարերի ներքո խոսվեցին բաներ, որոնց պատասխաններին դեռ քանի օր է՝ Հայաստանում էինք սպասում:
Դրանով նա միանգամից պատասխան տվեց թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ադրբեջանին, թե՛ Քոչարյանին... մի քիչ էլ Տեր-Պետրոսյանին («շահարկումների» մասով. սա առանձին խոսակցության թեմա է.-հեղ):
Նախ. չնայած հանգամանքին, որ վրացական դեպքերն իբր «ապացուցեցին», որ ռազմական ուղիով հնարավոր չէ հարցերը լուծել (իրականում հարցը լուծվեց հենց ռազմական ճանապարհով), այնուհանդերձ, «ասվեց». Ղարաբաղը պատրաստ է պատերազմի. բլիցկրիգ այս դեպքում բացառվում է. սա՝ ի լուր բոլորի։ Ղարաբաղյան սարերի, տանկերի միզանսցենը դրա համար էր:
Ապա Սերժ Սարգսյանը «ջրեց» Մոսկվայի հանդիպման ակնկալիքների սպասումը: Եվ, ընդհանրապես, հարցի լուծման ցանկացած ակնկալիք: Հասկացնելով` ստատուս-քվոն դեռ շարունակվելու է. «Օգտակար է ակտիվ քննարկումը: Խորապես համոզված եմ, որ մենք դեռևս թևակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան»:
Ղարաբաղում այդ մասին խոսելն այլ բան չէր կարող նշանակել, քան` սիրելի գերտերություններ, բան ունեք պայմանավորվելու, գնացեք` «զմիմյանս» պայմանավորվեք, եկեք` պայմանավորվածքը դրեք սեղանին: Այդ թվում և` Ղարաբաղի սեղանին: Կոնկրետ դեպքում հարցը կարող է առնչվել նաև խաղաղապահների մանդատին, որի մասին Քոչարյանն ու երջանկահիշատակ պարոն Ալիևը պայմանավորվել են (եղավ Հրանտ Մարգարյանի երբեմնի միտքը. Ալիև-հայրը խոստացել էր Ղարաբաղը տալ, բայց մեռավ):
Դե, հիմա ոզնուն էլ է պարզ. գոնե խաղաղապահների հարցում գերտերությունները չեն բարիշի: Ուշադրություն դարձրեք` ԵԱՀԿ ՄԽ-ի Արևմուտքը ներկայացնող համանախագահները նույնիսկ մոսկովյան հանդիպմանն են դեմ. Ֆասյեն «քննարկեց» և «հետաձգեց» տարածաշրջան այցը... Նրանք սպասում են, որ այդ հանդիպումը Ռամբույեի, Քի-Վեստի նման տապալվի:
Ի դեպ, մոսկովյան հանդիպման ամենամեծ հմայքն այն է, որ եթե Քի-Վեստում կողմերը «քարտեզ» նայեցին, իսկ Քոչարյանը, ինչպես արձանագրել էր հայտնի վերլուծաբանը, «անիմաստ սեպերը բացեց», Ռամբույեում, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Քոչարյանը Մերզլյակովի հետ «համապատասխան» վայր (արտաքնոց) գնաց` ինստրուկտավորվելու: Իսկ ահա մոսկովյան հանդիպման «պրելեստը» այն է, որ առաջին անգամ հակամարտող երկու կողմերն էլ անհնար են համարում ստատուս-քվոյի տեղաշարժը:
Սերժ Սարգսյանն ուղիղ յոթ անգամ` հասկացողների, չհասկացողների, այլոց «հաշվին» ճաշկերույթներին մասնակցողների և նույնիսկ կին ատամնատեխնիկների համար, ասաց. «Այլ միջնորդներ չկան. միակը ԵԱՀԿ ՄԽ-ն է»: Գումարած մադրիդյան սկզբունքները. «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե ԼՂ-ն ցամաքային սահման ունենա ՀՀ-ի հետ: Եվ եթե միջազգային կազմակերպությունները, առաջատար երկրները երաշխավորեն ԼՂ ժողովրդի անվտանգությունը»:
Իսկ ահա պարոն Լավրովն օրեր առաջ «Իզվեստիայում» խոսել էր ոչ թե ԼՂ ինքնորոշման, այլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին (ասինք, չէ՞, զոռով սիրելի չեք դառնա-հեղ):
ՈՒ թե սրան էլ գումարում ես Ալիև-կրտսերի ամենժամյա ռազմաշունչ, 5-10-20 տարիներին վերաբերող հայտարարությունները, ապա հասկանալի է դառնում, թե դեռ որքան «օգտակար են ակտիվ հասարակական քննարկումները» բոլոր կողմերի համար:
Այն է` ստատուս-քվոն դեռ կպահպանվի:
Իսկ թե այդ «պահպանումն» ինչ կնստի Հայաստանի ու Ղարաբաղի վրա, չարժե խորանալ։ Այն, երևի թե, նույնքան տխուր է, որքան Քոչարյանի մասնակցությունը ճաշկերույթներին` յուր դրես-կոդով (վիզկապով) հանդերձ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ