Առաջին անգամ չէ, որ նիկոլական Հայաստանի ԲԴԽ-ն պատասխանատվության է ենթարկում դատավորի` գնահատելով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման հիմնավորվածությունը։
Ու քանի որ հիմա Հայաստանում սրանց նմանների ժամանակներն են, և անիմաստ է խոսել, քննարկման առարկա դարձնել ԲԴԽ-ի լիազորությունները, դրանք անցնելը, դատական համակարգի կազմաքանդումից հետո դրա ստրկացման շրջանի անցումը, ապա ես ավելի գործուն առաջարկ ունեմ սրանց ժամանակներին համահունչ, որը գոնե կխնայի ժողովրդի վճարած հարկերից ձևավորված միջոցներն ու բոլորիս նյարդերն ու ժամանակը։
Առաջարկ. անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները, որոնց գոյության իմաստը պետք է լիներ առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի հիմնավորվածության ստուգումը։ Դատավորների աշխատանքային համակարգիչներում ներբեռնել ԲԴԽ-ի նախագահի հեռախոսի հետ կապակցված ծրագիր, որն ավտոմատ կերպով կոչնչացնի ԲԴԽ-ին ոչ դուրեկան ակտերը դեռ ֆայլային (սաղմնային) վիճակում` թույլ չտալով դրանք անգամ տպել։
Ծրագիրն առաջարկում եմ անվանել «Հեծանիվիս պեդալը բռնեք»։
Հ.Գ. Արդյունքում կյանքը կարելի է հեշտացնել այն աստիճան, որ դատավորներ կնշանակեք նաև իրավաբանական կրթություն չունեցող կամ առհասարակ կրթություն չունեցող մարդկանց։
Երվանդ Վարոսյան