Տասնյակ տարիներ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում էր Արծվաշենը մոռացության մատնելու համար: Այդօրինակ վարքագիծը ընդօրինակվում էր ադրբեջանական մամուլի և շարքային ադրբեջանցիների կողմից:
32 տարի շարունակ Արծվաշենում չէին իրականացվում շինարարական ծրագրեր, գրեթե չկար բնակչություն:
Վերջերս Ադրբեջանը փորձում է «ակտիվացնել» Արծվաշենը: Ադրբեջանական տուրիստական ընկերություններն Արծվաշենը ներառում են իրենց հիմնական ուղղությունների ցանկում: Վերջիններիս ծառայություններից օգտվում են և, հետևաբար, Արծվաշեն են այցելում բազմաթիվ արտասահմանցիներ:
Ավելին` մի քանի ամիս առաջ Արծվաշենում, միանգամայն օրինական հիմունքներով, «Ընտանեկան ռեստորան» անվանմամբ սննդի օբյեկտ է բացվել: Ընդ որում, այն միանգամից նշվել է google-ի քարտեզում: Հանրամատչելի տեղեկություններ կան, որ Արծվաշենում պատրաստվում են շինարարական ծրագրեր իրականացնել, մասնավորապես` իր ենթակառուցվածքներով հյուրանոցային համալիր կառուցել:
Սա կարող է նշանակել, որ վերջերս Ադրբեջանը վերջնականապես «լուծել է» Արծվաշենի խնդիրը: Դա տրամաբանական է, քանզի 32 տարի շարունակ Հայաստանն Արծվաշենի վերադարձի հարցն այդպես էլ չբարձրացրեց: Ավելին` հայ հասարակությունում գնալով ավելի բարձր են հնչում Արծվաշենի անպետքության վերաբերյալ ձայները:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ. Տարիներ շարունակ վստահ էի, որ Արծվաշենի անկման պատճառը բացառապես Տեր-Պետրոսյան Լևոնն է: Սխալ էի: Չի կարելի ամեն ինչ բացարձակացնել: Տեր-Պետրոսյան Լևոնն առանց հայ հանրության լուռ համաձայնության չէր կարող Արծվաշենը փոխանակել (հանձնել):