Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Աշխարհին մենք դեռ ասելիք ունենք

Աշխարհին մենք դեռ ասելիք ունենք
19.07.2023 | 08:16

Գուցե մտածելու տեղի՞ք տա էս ամենը, գուցե ինչ-որ մեկի դեմքին քմծիծաղ նկարի, չգիտեմ, բայց գրեմ:

Էս նկարը ցավի մասին է, կորստի, անճարության: Էս նկարը սեփական փոքրությանդ դառնահամը սկուտեղով գլխիդ լցնելու մասին է, օրը ցերեկով առանց ձեռքերդ կապելու՝ քեզ թալանելու ու վրադ ծիծաղելու մասին է, ունեցածդ խլելու ու մարսելու մասին է։

Էս նկարը ափսոսանքի մասին է, ունեցածդ ժամանակին չգնահատելու, գնահատածն էլ՝ գործի չվերածելու մասին է, էս նկարը գլուխդ կախելու մասին է, դեռևս կենդանի, կյանքով լի, բայց արդեն մահապատժի դատապարտվածի հետ մի վերջին լուսանկար անելու մասին է (ազգովի սելֆիի մանյակ ենք դարձել, չէ՞):

Էս նկարը մենակ մնալու մասին է, խուժան-խուլիգանների մեջ պապա, մեծ ախպեր, թիկունքիդ կանգնող լավ ընկեր չունենալու մասին է, եսասեր աշխարհի կույր, խուլ ու համր լինելու մասին է: Էս նկարը նահանջի մասին է՝ Շուշիից Բերձոր, Աղավնոյից Լաչինի միջանցք, էնտեղից էլ Տեղ․․․

Էս նկարն ավելի քան 30 տարի թմբիրի մեջ ապրելու մասին է, էսօրվա գործը վաղվան թողնելու մասին է, սեփականը պետականից վեր դասելու մասին է, հայտնի հեքիաթի պես հայելու մեջ նայելու ու մեզնից այն կողմ ուրիշ ոչինչ չտեսնելու մասին է։

Ես կարող եմ էս շարքը շարունակել երկար ու ճիշտ, շարունակել լացել ու ողբալ (իրավացիորեն), բայց․․․ Ֆեյսբուքը չի մեր պայքարի դաշտը, սելֆիներով չի, որ պիտի իրար հետ մրցենք, ստատուսներով չի, որ պիտի հայրենասեր երևանք։ Տասնամյակներ շարունակ ուշադրություն դարձրինք ձևին, փաթեթավորմանը, վերնագրին, այժմ բովանդակությա՛ն ժամանակն է։

Խենթանալու դժվար ու անորոշ ժամանակներ ենք ապրում․ ապրում ենք, աշխատում, միջոցառումներ ծրագրում, բայց ամենն անում անորոշության մի հսկա ու սև ամպի ներքո՝ վստահ չլինելով, թե առավոտյան ինչ իրավիճակում ենք արթնանալու։

Ու անորոշությունից, անճարությունից մեկանալու, բռունցքվելու փոխարեն սկսում ենք ազդել իրար նյարդերի վրա, իրար մեղադրել տեղի ու անտեղի, պարտությունն ու խնդիրները փաթեթավորել ու մեկս մյուսի գրպանը գցել՝ առանց հասկանալու, որ էս կինոյի գլխավոր հերոսը Երկիրն է, Հայրենիքը, ոչ թե այս կամ այն կուսակցությունը, նախկինը կամ ներկան, աթեիստը կամ հավատացյալը, ես կամ դու․․․ Դեռևս լիարժեք չենք գիտակցում, որ էս խելագարության միջով անցնելու համար մենք պե՛տք ենք միմյանց, որովհետև ո՛չ ժողովուրդն է մի բան առանց հողի, ո՛չ էլ հողը՝ առանց ժողովրդի։

Ու Աստված մի արասցե, երկիր կորցնելուց հետո մեղավորներին գտնելն ու անգամ պատժելը պիտանի է միայն պատմությանը, որ կգրվի մեզնից հետո, ու որից մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել:

Ինձ համար հայը հայ է՝ առանց նախկինի ու ներկայի, առանց սևի ու սպիտակի, առանց կուսակցական ու կրոնական պատկանելության։ Հայը հայ է՝ Հյուսիսային պողոտայի շքեղ ապարտամենտում բնակվող, թե Լոռվա ամենաաղքատ գյուղական մի հյուղակում, ճոխ ռեստորանում նորզելանդական գառան չալաղաջը նարնջի հյութով վայելող, թե կանգառի նստարանին գիշերը սոված լուսացնող:

Ժամանակները չար են, ու եթե չսթափվենք ու չվերագտնենք մեզ ու մեր արժեքները, մեր բկին չոքած մարտահրավերները սոված բորենիների նման պատրաստ են հոշոտել ամեն մեկիս՝ սկզբում սահմանին մոտ գտնվողներին, հետո՝ քաղաքում ապրողներին, սկզբում փողոցում անտուն թափառականներին, հետո՝ ճոխ ռեստորաններում ազգի ու բանակի կենացը խմողներին․․․

Գուցե մտածելու տեղի՞ք տա էս ամենը, չգիտեմ...

Հ․Գ․ Բայց ես լավատես եմ․ ես հավատում եմ Լուսավոր Հային ու Լույսի Ակունքին, ու գիտեմ, որ աշխարհին մենք դեռ ասելիք ունենք:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ