Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Կռիվներ՝ երկնքում ու երկրում

Կռիվներ՝ երկնքում ու երկրում
18.07.2023 | 22:37

Մի քիչ էլ ուսումնասիրելով երկնային գործերը, թե՝ որ ուղղությամբ են գլխներիս թափվում անարդար պատիժները, տեսա, որ այնտեղ էլ թեժ պայքար է գնում երկու տիրակալների միջև, համարյա՝ ինչպես մեզ մոտ:

Ասել է թե՝ երկիրը երկնքի հայելին է, ինչ այնտեղ է կատարվում, նույնն էլ, համարյա առանց փոփոխության, մեզ մոտ է կատարվում:

Այնտեղ էլ չարիքները մեկը մյուսի վրա են գցում, սատանան ասում է՝ Աստծուց է, Աստված էլ թե՝ սատանան է ուղարկում:

Վերջերս երկնային ժողովում մի վարկած էլ առաջ քաշվեց, թե՝ մարդկանցից է, մարդուց են գալիս բոլոր չարիքները:

Եվ, քանի որ հավի ու ձվի պատմությունն է, նորից հարցը տեղափոխվում է վերին դաշտ. ո՞վ է հուշում մարդուն, որ անարգել չարիք գործի, անարդար ցավեր պատճառի իր նմանին:

Նորից սկսվում է իրար մեղադրելու՝ չարի ու բարու անվերջանալի կռիվը. սա նրան է սև ասում, նա՝ սրան:

Աստված ասում է՝ իմ ուղարկած պատիժը տանելի է մարդու ուսերի համար, քոնը՝ անտանելի, իմս՝ արդար պատիժ է, քոնը՝ անարդար, ես սևի հետևից եմ ընկնում, դու՝ սպիտակի:

Սատանան փրփրում, կատաղում է Աստծո մեջբերումներից ու հակառակն ապացուցող հազարավոր այլ դեպքեր հիշում, վերջում համարյա ասում է.

-Դու ոչ սիրիր, ոչ էլ՝ ատիր, սա իմ տիրույթն է, դու մի խառնվիր: Քո սերն էլ է պատիժ, չըսերն էլ:

Ես որ սիրում եմ, ասում է սատանան, ընդմիշտ ու առատաձեռ եմ սիրում, դու ում սիրում ես՝ մեռնում է…

Աստված իր հերթին սկսում է արդարանալ, թե ինքն ինչու՞ է լավերին տանում. որ իր զորքը շատանա, թե ինչու է իր սիրելիներին պատժում. որ աստվածանան, հավասարվեն իրեն, որ ներքևում դեսանտ ու աղոթող ունենա…

Սատանան է՛լ ավելի հզոր հակափաստարկներ է բերում, որ դա այնքան էլ սիրո նման չի:

Իսկ ես՝ ողբալի հյուլես, անձամբ, կարծում եմ, որ Աստված ու սատանան երբեմն համախումբ են գործում. լավին ձեռքից-ձեռք են խլում՝ իրենց մոտ տանելու համար. մեկ՝ Նա է տանում, մեկ՝ սա ու երևի՝ տարբեր նպատակներով:

Բայց արդյունքում, ո՛վ է թույլատրում, որ սատանան տանի, դեռ պիտի պարզել. որքան էլ՝ զորեղ, սատանան Աստծուց զորեղ չի կարող լինել:

Ու քանի որ էս կռվին մարդն էլ է կամա-ակամա մասնակից, վարից գլուխը բարձրացնում, աղաղակում է.

-Ա՛յ Աստուծ, հոգիս առ, պրծնեմ, դուք էլի ձեր կռիվը շարունակեք: Ես մեր ղալմաղալից եմ հոգնել, զահլա չունեմ ձեր ղալմաղալն էլ լսելու… Հա, մի բան էլ՝ սատանան էլ է քոնը, մարդն էլ, տիեզերքն էլ, դու որ ուզես՝ սատանի ականջն էլ կքաշես, մերն էլ, չես թողնի՝ անմեղը տառապի, արդարը մեռնի, ուժեղը թուլանա, չոքի ու համբուրի իրեն սպանողի ձեռքը…

Տերը լսում-լսում, մարդուն ասում է.

-Լավ բան ասիր: Մի քիչ էլ համբերիր, հեսա գալու եմ, էդ սաղ հարցերը ներքևում կլուծեմ: Թե կարող եք՝ դիմացեք, մինչև կգամ, մի մարդ էլ վարում մնա՝ կփրկեմ, Ղովտը վկա:

Բայց մարդն արդեն չէր լսում, սատանան շտապում է օդը փակել, մտքում էլ ծիծաղել՝ ես որտե՞ղ լինեմ, որ դու գնաս. սպասող պիտի լինի, որ գնաս:

Ա՛յ ընկեր, ընդունիր, որ խաթան քեզանում է, մարդու մեխանիզմում մի բան սխալ ես արել, էն գազանի դոզան էլ չարաշահել ես: Գազանը դեռ՝ իր փորով մեկ է ուտում, կերի համար արդար է կռվում, իր նմանին չի սպանում, մարդն ագահ ու աչքածակ է, ինչքան տաս՝ կուտի, մի քանի հազար տարվա հոգեպահուստն էլ կկուտակի: Էս ի՞նչ ես արել դու, ա՛յ ընկեր, որտեղի՞ց ես վերցրել էս ահավոր դաժան գծերը, բնության ու կենդանական աշխարհում չկա: Կամ պիտի ինչ արել-չես արել՝ ջնջես, նորից սկսես, կամ էլ իրար ուտելով՝ վերջանալու են, վեց օրվա տանջանքդ էլ ջուրն է լցվելու: Արի, ինձ լսիր՝ թող ես դրանց վերացնեմ, մեզ պե՞տք է այդ դժգույն ու դժբախտ մոլորակը…ոչ ես մեղքի տակ ընկնեմ, ոչ էլ՝ դու:

Ծեր ու հոգնած Աստվածն ականջը կախ լսում էր. կեսից՝ քունը տարավ, մրթմրթաց.

-Խելքը տվել եմ, մնացածը՝ իրենց որոշելիքն է: Թե հոգսերից ազատվեմ՝ մի անգամ էն կողմերով կանցնեմ…

Աստված, ինքն էլ զարհուրած իր ստեղծածից, մտածում է՝ էսպես էլ չինի. մարդկանց չարը շատացել է, ես սրանց պիտի աշխարհի երեսից ջնջեմ, իրենց որջն էլ՝ հետը, որ իմանան յուղը մածնից է…

Էս անգամ չեմ խաբվի Նոյի մեղրածոր լեզվին, տապան չեմ թողնի շինի, ինձ մի քանի արդարն էլ հերիք է, կբերեմ ու էս երկնային անծայրածիր հովիտներում բաց կթողնեմ, թող հավերժ ապրեն ու աղոթեն ինձ համար՝ աչքիս առաջ, քթիս տակ, իմանան, որ հավերժությունն էլ մի բարի պտուղ չէ, Աստված լինելն էլ խաղ ու պար չէ: Գոնե՝ մենակ չեմ քաշի էս անտեր հավերժի լուծը, սատանայի հետ մենակ կռիվ տալը կատակ բան չի…

Ինչպես տեսնում ենք, Տերը մի քիչ էլ զվարճասեր է, էս ամեն ինչը, որ ստեղծել է, մի քիչ էլ ձանձրույթից ու պարապությունից է արել, որ մենակ չմնա խելահեղ անծայրածիր ու դիվային ստեղծածում, որ իր հետ էլի՛ տառապողներ լինեն…

Մեկ-մեկ երկնքի հոնքին նայեք՝ կացինը սրելուց առաջ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ