Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հե՜ Վալո՜…

Հե՜ Վալո՜…
14.04.2023 | 20:57

Նվիրում եմ Լեռնային Արցախի, Թալիշ գյուղից արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։

Գյուղը ազատագրվեց 1994 թ. ապրիլի 14-ին։

Տուն տնով դրկից չէինք։ Նրանց այգու կտորն էր մեզ դրկից։ Մերինից մի չափարով էր բաժան։

Խորիշ տատը, վաղ գարնանից սկսած, ինքն էր իրենց մի քանի մանր-մնուր, տանը պահվող չորքոտանիները առած, գալիս իրենց այգում աշխատելու։ Չորքոտանիներին՝ գառ ու ուլ, բաց էր թողնում այգու և հանրային արտի միջև ընկած տարածքում, ինքը անցնում իր գործին։ Երբեմն-երբեմն գլուխը բարձրացնում էր, շրջվում հետ, նայում արտի կողմը։ Եթե գառներն ու ուլերը արտին շատ մոտ էին գնացած լինում, գնում սրանց գլուխը հետ էր շրջում, բերում մինչև այգու չափարի մոտ, ինքը հետ դառնում իր գործին։ Բամբ ու հնչեղ ձայնով կին էր։ Գարնան տաք, արևոտ օր էր։ Ես և իր թոռ Վալոն, այգու կից փոքր բլրի լանջին խնջլոզի սպիտակ ծաղիկների մեջ փռված, վայելում էինք խնջլոզի ծաղիկները։ Պառկած տեղից հատիկ-հատիկ պոկում, փունջ էինք անում, ալարկոտ շարժումով մեր բերաններն էինք տանում։ Բլրալանջը խնջլոզի ծաղիկներով փրփրակալած գարնան թարմ կանաչ գույնով շաղախված, հեքիաթների մեջ կարդացած եդեմական այգի էր թվում։ Խորիշ տատը, մեզնից քիչ հեռու իրենց այգու մեջ, գլուխը կախ, փխրուն հողի մեջ սերմ էր պահ տալիս։ Նա մի քանի անգամ գլուխը բարձրացրեց, նայեց գառների կողմը, նորից դարձավ իր գործին։ Մեր պառկած տեղից արտը չէր երևում։ Մեկ էլ նայեց հետ ու ձեռքը դրեց ճակատին, նայեց մեր կողմը ու ձեն տվեց թոռանը.

-Հե՜, Վալո՜, մի տես ուր հասավ ապրանքը։

Վալոն ձայն չհանեց անմիջապես, գլուխը չբարձրացրեց ու չկտրեց ծաղիկներից և ոչ էլ դեմքով շրջվեց տատու կողմը, միայն շատ ցածր ձայնով, մլավելու պես ասաց.

- է՜։

Քիչ հետո տատը, նորից գլուխը հետ շրջեց, նայեց արտի կողմն ու նորից ձայնեց.

-Վալո՜, այան ցավդ տանի, մի գնա էն ապրանքը դեսը բեր, չմտնեն արտը։

Վալոն, որ մեջքի վրա պառկել էր արդեն, ձեռքերը դարսել գլխի տակ, աչքերը հառել երկինքին, նորից մլավելու պես հազիվ լսելի ձայնով պատասխանեց տատուն.

-է՜։

Տատը չլսեց, թե թոռը ինչ ասաց, ինքը գլուխը կախեց, անցավ իր գործին։ Մեկ էլ որ գլուխը բարձրացրեց նայեց հետ, կարծես տագնապած, որ ուր որ է գառները արտը կմտնեն երևի, նորից շուռ եկավ մեր կողմը, ձեռքով արևից աչքերը ստվերելով ձայնեց.

-Վալո՜, այան ցավդ տանի՜, բոյիդ մեռնեմ, մատաղ լինի քեզ այան, մի գնա գառներին դուրս արա արտից, չտանեն ղալը լցնեն, հերդ մեղք ա, օր ու գիշեր աշխատում ա, հազիվ ծերը ծերին ա հասցնում։ Տարան ղալը՝ մի քանի աշխօր էլ կպահեն։ Շուտ հասի, քանի հանդապահ Սրապիոնը չի տեսել, վեր կաց, բալա ջան, հասի՜ …

- Է՜, - ասաց թոռն ու շրջվեց կողքի։

Տատը դեռ հույս ուներ, որ թոռը այսքանից հետո կգնա գառների հետևից։ Կանգնել, ձեռքերը կանթել գոտկատեղին, մեկ արտի կողմն էր նայում, մեկ ձեռքը դնում ճակատին, սպասողական նայում մեր կողմը։ Երկմտում էր երևի, ինքը գնա՞, թե՞ նորից փորձի համոզել թոռանը։ Մեկ էլ, ինչպես պարզ երկնքում կայծակը զարկի, իր բամբ ձայնով վրա տվեց.

-Վալո՜ տղա, բոյդ թաղեմ հա՜, անունդ քարերին պատերին գրեմ, Վալո՜ տղա՜, կեծակը սրտիդ կպնի, տանեմ Հոռեկա վանքի պատերի տակ թաղե՜մ, տուն ես եկել մեյիդդ փռելու եմ …

Վալոն, շրջվեց երեսի վրա, երեսը թաղեց խնջլոզի ծաղիկների մեջ ու անշարժացավ։

Ականջդ կանչի, Խորիշ տատ։

Անցան տարիներ։ Չկար Խորիշ տատը, կար Վալոն, որ դեռ երեսնիվայր փռված էր մնացել՝ գլուխը խնջլոզի ծաղիկների մեջ անթեղած այդքան ժամանակ, և ով գիտի ինչերի մասին էր դեռ երազում։

- Հե՜ Վալո՜, - տարիների հեռվից լսվեց Խորիշ տատու ձայնը։ Այս անգամ Վալոն գլուխը քիչ վեր քաշեց, - ո՞ւմ ձայնն էր, տատու՞, - անցավ մտքով, ուսի վրայով նայեց այգու կողմը, տատը չկար։ Գլուխը նորից թաղեց ծաղիկների մեջ ու անշարժացավ։

- Վեր կաց, բալա ջան, հասի՜…, - նորից լսվեց տատու ձայնը։ Ձայնը կարծես տատու ձայն էր ու տագնապած ավելի, արտը գառներից պաշտպանելու համար չէր։ Կարծես ռազմի կանչ էր, ի՞նչ էր։ Այնժամ ելավ պառկած տեղից, թափ տվեց իրեն ու նայեց այգու կողմը, տատը մի ձեռքը ճակատին, մյուսը գոտկատեղին կանթած՝ նայում էր արտի կողմը։ Վալոն վազեց արտի կողմը … Վալոն մատաղ եղա՜վ։ Կայծակը չխփեց նրա սրտին, թշնամու գնդակը խփե՜ց, մեյիդն էլ իրենց տան մեջ չփռվեց, ինչպես տատն էր խոստացել։ Տնից հեռու, ազատագրված տարածքներում փռվեց։ Վալոյին տարան Հոռեկա վանքի պատի տակ, բոյը թաղեցին, անունն էլ քարերին ու պատերին գրեցին… հե՜ Վալո՜…

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 4390

Մեկնաբանություններ